ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Աննա Մարգարյանը և նույն ամբիոնի դասախոս Լիանա Մարուքյանը սեպտեմբերի 9-12-ը մասնակցել են Կրիմինոլոգների եվրոպական միության տարեկան գիտաժողովին, որն անցկացվել է Վարշավայի համալսարանում:
Ավելի քան 60 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային գիտաժողովի շրջանակում համալսարանականները հանդես են եկել զեկուցումներով՝ ներկայացնելով ՀՀ-ում անչափահասների հանցավորության և պատժողական քաղաքականության հիմնախնդիրներին վերաբերող իրենց ուսումնասիրությունների արդյունքները։
Գիտաժողովի աշխատանքներն ընդգրկել են աշխատանքային խմբերի հանդիպումներ, պանելային և պլենար քննարկումներ, ինչպես նաև պաստառային ներկայացումներ՝ հնարավորություն տալով մասնակիցներին քննարկելու գիտական արդի հարցեր և ձևավորելու համագործակցության նոր հնարավորություններ։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները Եվրոպայի և Ասիայի մի շարք բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ քննարկել են համատեղ հետազոտություններ կատարելու և համատեղ հրապարակումներով հանդես գալու հնարավորությունները։ Կրիմինոլոգների եվրոպական միության ղեկավարների հետ քննարկվել է նաև ԵՊՀ-ում այդ կառույցի աշխատանքային խմբերի կողմից կազմակերպվող գիտական սեմինարների անցկացման հնարավորությունը։