ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Յուլիանա Մելքումյանը և նույն ամբիոնի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի ղեկավար Նվարդ Մելքոնյանը սեպտեմբերի 21-25-ը մասնակցել են Ռիգայում անցկացված «EKA Research Week» միջազգային հետազոտական շաբաթին, որն անցկացվել է «Էրազմուս+» ծրագրի՝ աշխատակիցների վերապատրաստման շարժունության շրջանակում։
EKA կիրառական գիտությունների համալսարանի և Ալբերտա քոլեջի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են ավելի քան 20 ներկայացուցիչներ վեց երկրներից (Հայաստան, Վրաստան, Լատվիա, Լիտվա, Ուկրաինա և Գերմանիա)։ Հետազոտական շաբաթը համատեղել է դասախոսությունները, գործնական աշխատաժողովներն ու մասնագիտական հանդիպումները՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու համալսարանի հետազոտական փորձին, սարքավորումներին, համակարգչային ծրագրերին և քննարկելու համագործակցության հեռանկարները։
ԵՊՀ դասախոսների համար առանձնապես հետաքրքիր էր այցը EKA-ի հետազոտական լաբորատորիա և ինկուբատոր։ Այն հնարավորություն տվեց տեսնելու, թե ինչպես են հետազոտական նոր գաղափարները զարգանում միջավայրում, որտեղ փորձարարական մոտեցումները զուգակցվում են ժամանակակից տեխնոլոգիաների հետ։
Ծրագրի հիշարժան հատվածներից էին վիրտուալ իրականության և նեյրոմարքեթինգի տեխնոլոգիաների գործնական ցուցադրությունները։ Ներկայացվեց, մասնավորապես, թե ինչպես կարելի է վիրտուալ իրականության միջոցով ստեղծել վերահսկվող հետազոտական միջավայր՝ ուսումնասիրելու մարդկանց արձագանքը սթրեսային իրավիճակներին։ Նվարդ Մելքոնյանի համար մասնագիտական հետաքրքրությունների տեսանկյունից ուշագրավ էր նաև շարժման հետևման տեխնոլոգիան (eye tracking), որը կարող է նոր տվյալներ տրամադրել լսարանի ուշադրության և հաղորդակցական նյութերի ընկալման մասին։
«Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները հարստացնում սոցիալական և հաղորդակցական հետազոտությունների մեթոդական հնարավորությունները։ Աչքերի շարժման հետևման տեխնոլոգիան, օրինակ, թույլ է տալիս ուսումնասիրել ոչ միայն այն, թե մարդիկ ինչ են ասում հաղորդակցական նյութի մասին, այլև այն, թե իրականում ինչին են ուշադրություն դարձնում։ Այս փորձը ինձ համար արժեքավոր էր նաև որպես գաղափարների աղբյուր՝ ԵՊՀ «Հասարակայնության հետ կապեր» և «Ռազմավարական հաղորդակցություն» կրթական ծրագրերը զարգացնելու համար»,- նշում է Նվարդ Մելքոնյանը։
Հետազոտական շաբաթը նաև տարբեր երկրների գործընկերների հետ անմիջական շփման հնարավորություն էր։ Դասախոսությունների և աշխատաժողովների ընթացքում սկսված քննարկումները շարունակվել են ոչ պաշտոնական հանդիպումներում՝ անդրադառնալով հետազոտական մոտեցումներին, համալսարանական փորձին և համատեղ աշխատանքի հնարավոր թեմաներին։
«Նման այցերի կարևոր արդյունքներից մեկը մասնագիտական հարաբերություններն են, որոնք ձևավորվում են գաղափարների բաց փոխանակման շնորհիվ։ Ռիգայում մեր հանդիպումները հնարավորություն տվեցին ոչ միայն ծանոթանալու գործընկերների հետազոտական փորձին, այլև քննարկելու այն հարցերը, որոնց շուրջ համագործակցությունը կարող է շարունակվել նաև հետազոտական շաբաթից հետո»,- ասում է Յուլիանա Մելքումյանը։
Նշենք, որ «EKA Research Week»-ին ԵՊՀ-ից մասնակցել են նաև տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտներ Կարեն Սահակյանը և Գրիգոր Մնացականյանը։
Դասախոսների խոսքով՝ EKA-ում ստեղծված հյուրընկալ և համագործակցության համար բաց միջավայրը նպաստել է բովանդակային քննարկումներին։ Ռիգայի այցը նրանց հնարավորություն է տվել ձեռք բերելու նոր մասնագիտական կապեր և ԵՊՀ վերադառնալ նոր գաղափարներով, որոնք կարող են կիրառություն գտնել հետազոտական և դասավանդման աշխատանքում։
