ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Ռումինիայի Գալաթիի համալսարանի ակադեմիական համագործակցությունը՝ միջազգային բարձր հարթակում
Ռումինիայի Գալաթի քաղաքի «Դանուբիա դե Ժոս» (Dunărea de Jos) համալսարանի պատմության, փիլիսոփայության և աստվածաբանության ֆակուլտետում ս.թ. հոկտեմբերի 29–30-ը կանցկացվի «Պատմություն, հոգևորություն, մշակույթ. երկխոսություն և փոխգործունեություն» 12-րդ միջազգային հեղինակավոր գիտաժողովը: Գիտաժողովի պաշտոնական կազմակերպիչներից և հիմնական միջազգային գործընկերներից է Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտը (ՀՀԻ):
Գիտաժողովի համանախագահներից է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, «Հայագիտության հարցեր» հանդեսի գլխավոր խմբագիր, պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը: Գիտական կոմիտեի կազմում ներգրավված է նաև ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական հարաբերությունների բաժնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Սարգիս Գրիգորյանը:
Մասնակիցների տպավորիչ աշխարհագրությունը. Հայաստանից՝ երկրորդ խոշորագույն պատվիրակությունը
Այս տարվա գիտաժողովն աչքի է ընկնում մասնակիցների լայն աշխարհագրությամբ և բարձր ներկայացուցչականությամբ: Միջազգային ֆորումին մասնակցում են 134 գիտնականներ և հետազոտողներ աշխարհի 10 երկրներից:
Ռումինիան ներկայացնում է 89 մասնակից (66,4%), իսկ այլ երկրներից մասնակցում են 45 գիտնականներ (33,6%):
Պատվիրակությունների շարքում առաջատար տեղ է զբաղեցնում նաև Հայաստանը՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի 19 մասնակցով (ընդհանուր մասնակիցների 14.2%-ը): Գիտաժողովին ներկայացված են նաև հետազոտողներ Մոլդովայի Հանրապետությունից (11 մասնակից / 8,2%), Ուկրաինայից (6 մասնակից/4,5%), Թուրքիայից (2/1,5%), Վիետնամից (2/1,5%), ինչպես նաև Հունաստանից, Բուլղարիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից և Լեհաստանից (1-ական մասնակից/0,7%):
ԵՊՀ ՀՀԻ գիտնականների զեկուցումներն ու հետազոտական ուղղությունները
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի մասնագետներն ակտիվորեն ընդգրկված են գիտաժողովի տարբեր բաժանմունքների աշխատանքներում՝ հանդես գալով տարածաշրջանային անվտանգության, պատմագիտության, միջազգային հարաբերությունների և մշակութային ժառանգության վերաբերյալ արդիական զեկուցումներով:
Միջազգային հարաբերությունների բաժանմունքում ԵՊՀ ՀՀԻ հետազոտողները կներկայացնեն զեկուցումներ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումների, գլոբալ, ռեգիոնալ և լոկալ ակտորների շահերի, Իրան-Թուրքիա մրցակցության, հանքարդյունաբերական մատակարարման շղթաների լոգիստիկ օպտիմալացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հարմարվողականության ու պետական աջակցության քաղաքականության վերաբերյալ:
Պատմության և մշակույթի բաժանմունքում կներկայացվեն հետազոտություններ 9-րդ դարում Հայաստանում թագավորության վերականգնման, հայկական որդան կարմիրի պատմամշակութային նշանակության, ինքնության, պատմական հիշողության, ինչպես նաև Առաջին Հանրապետության արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Գալաթիի «Danubius» հանդեսի հատուկ թողարկումը և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ-Գալաթիի համալսարանի արևելաեվրոպական պատմական և սոցիո-մշակութային հետազոտությունների կենտրոն համագործակցությունը
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Գալաթիի համալսարանի ու Գալաթիի պատմության թանգարանի արդյունավետ համագործակցության կարևորագույն արդյունքներից է «Danubius» («Scopus» ՄԳՇ, Q1) հեղինակավոր գիտական հանդեսի հատուկ թողարկումը, որն ամբողջությամբ ընդգրկում է ԵՊՀ ՀՀԻ աշխատակիցների գիտական հոդվածները:
Համագործակցության ընդլայնման և նոր ծրագրերի քննարկման նպատակով նախատեսվում է Գալաթիի համալսարանի արևելաեվրոպական պատմական և սոցիո-մշակութային հետազոտությունների կենտրոնի (CSISCEE) տնօրեն, պրոֆեսոր Ջորջ Էնանկեի և Գալաթիի պատմության թանգարանի տնօրեն Քրիստիան Կալդարարուի այցը Երևանի պետական համալսարան:
ԵՊՀ ՀՀԻ տնօրեն Վահրամ Պետրոսյանի մեկնաբանությունը
Գիտաժողովին ընդառաջ ԵՊՀ ՀՀԻ տնօրեն և «Պատմություն, հոգևորություն, մշակույթ. երկխոսություն և փոխգործունեություն» 12-րդ միջազգային գիտաժողովի համանախագահ Վահրամ Պետրոսյանն ընդգծեց հայ-ռումինական ավանդական բարեկամությունն ու Ռումինիայի բարձր համբավը Հայաստանում. «Հայաստանն ու Ռումինիան կապված են դարավոր փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված պատմական ու մշակութային խոր արմատներով: Մեր ինստիտուցիոնալ համագործակցությունը Գալաթիի համալսարանի հետ վերածվել է ակտիվ ակադեմիական գործընկերության, որի վառ ապացույցն է «Danubius» («Scopus» ՄԳՇ, Q1) հանդեսի հատուկ թողարկումը: Հատուկ երախտագիտություն եմ հայտնում պրոֆեսոր Ջորջ Էնանկեին, որը անխոնջ աշխատել է այս համագործակցության կայացման համար: Վստահ եմ, որ Երևանում կայանալիք հանդիպումների ընթացքում մենք կսահմանենք մեր գործընկերության նոր ու հավակնոտ հորիզոններ»: