Պատկերասրահ
Ս.թ. հոկտեմբերի 7-9 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում անցկացվեց «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի համագործակցության շրջանակում:
Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել շուրջ 60 գիտնականներ և հետազոտողներ աշխարհի ավելի քան 24 երկրից՝ ԱՄՆ-ից, Բրազիլից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Մարոկկոյից, Թայվանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից։ Գիտաժողովի ընթացքում նաև առցանց ձևաչափով ներկայացվում են զեկուցումներ թեմատիկ հինգ բաժանմունքներում:
Գիտաժողովի ծրագրում ընդգրկված են մոտ 150 հայ և արտասահմանցի գիտնականների ու հետազոտողների զեկուցումներ։ Նրանք ներկայացնում են 50 համալսարան և հետազոտական կենտրոն։ Գլխավոր խոսնակների թվում են Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը (2008, ԱՄՆ), Նիդեռլանդների բաց համալսարանի պրոֆեսոր, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) փոխնախագահ, համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն 30 տնտեսագետներից Պիտեր Նայկամպը (2018), Նիդեռլանդների համալսարանների ասոցիացիայի նախագահ և Գրոնինգենի համալսարանի հանրային կառավարման պրոֆեսոր Կասպար վան դեն Բերգը, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) գործադիր տնօրեն Կարիմա Կուրտիտը (Նիդեռլանդներ):



