ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Ռուզաննա Շուշանյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում երկամսյա գիտական վերապատրաստում է անցել Մադրիդի Կախալի անվան նեյրոգիտությունների կենտրոնում, ինչը հնարավորություն է ընձեռել նրան ձեռք բերելու նոր գիտելիքներ, յուրացնելու հետազոտական ժամանակակից մեթոդներ և զարգացնելու գործնական հմտությունները նյարդակենսաբանության ոլորտում։
Վերապատրաստման ընթացքում գիտական աշխատանքները Մարտա Նավարետեի ղեկավարությամբ կատարվել են Գլիա-նեյրոնային շղթաների պլաստիկության լաբորատորիայում, ինչպես նաև Ֆերնանդո Կաստրոյի ղեկավարած «Զարգացման նյարդակենսաբանություն» հետազոտական խմբի հետ սերտ համագործակցությամբ։
Հետազոտական աշխատանքներն ընդգրկել են երկու հիմնական ուղղություն։ Առաջինը ֆիբրային ֆոտոմետրիայի (fiber photometry) և վիրուսային ներարկումների համակցված կիրառմամբ նեյրոնային ակտիվության ուսումնասիրությունն էր, իսկ երկրորդը՝ ցրված սկլերոզի մոդելում միելինազրկման և վերամիելինավորման (demyelination/remyelination) գործընթացների հետազոտությունը՝ հյուսվածաբանական ժամանակակից մեթոդների կիրառմամբ։
Երկամսյա վերապատրաստումը նաև նոր հնարավորություններ է ստեղծել միջազգային գիտական կապերի ամրապնդման և հետագա համագործակցության զարգացման համար։
Վերապատրաստման արդյունքներն արդեն իսկ հիմք են դարձել համատեղ նոր նախաձեռնությունների և գիտահետազոտական ծրագրերի մշակման համար՝ նպաստելով միջազգային գիտական համագործակցության ընդլայնմանը և հետազոտական նոր հեռանկարների ձևավորմանը։


