Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների բաժնի նախաձեռնությամբ 2027 թ. հուլիսի 15–20-ը Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի կունենա «Հայաստան-Չինաստան հարաբերությունները. պատմություն, քաղաքականություն և մշակույթ» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովի նպատակն է նպաստել հայագիտության զարգացմանն ու միջազգայնացմանը, ընդլայնել միջազգային ակադեմիական փոխանակումն ու համագործակցությունը, խթանել Հարավային Կովկասի հարուստ պատմամշակութային ժառանգության ուսումնասիրությունը, ինչպես նաև համակողմանիորեն անդրադառնալ Հայաստանի և Չինաստանի միջև պատմականորեն ձևավորված բազմաբնույթ առնչությունների անցյալին և ներկային։ Գիտաժողովի շրջանակում նախատեսվում է ներկայացնել հայագիտության և հարակից ոլորտների արդի հետազոտությունները, խթանել միջգիտակարգային գիտական երկխոսությունը, ինչպես նաև ամրապնդել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և արտերկրի գիտակրթական հաստատությունների միջև համագործակցային կապերը։
Գիտաժողովին կարող են մասնակցել ինչպես հայագիտությամբ, այնպես էլ հարակից գիտակարգերում հետազոտություններ կատարող գիտնականներն ու հետազոտողները Հայաստանից և արտերկրից:
Գիտաժողովի հիմնական թեմատիկ ուղղությունները
Քննարկման ենթակա հարցերը կարող են ներառել, սակայն չեն սահմանափակվում ստորև ներկայացված թեմաներով։
Հարավային Կովկասի պատմությունն ու մշակույթը. հին և միջնադարյան քաղաքակրթություններ, ժամանակակից սոցիալական վերափոխումներ, մշակութային ժառանգության պահպանություն, կրոն և էթնիկ ինքնություն
Քաղաքական, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում և Հայաստանի տեսլականը
Հայկական մշակույթը, լեզուն, գրականությունն ու արվեստը. դասական և ժամանակակից լեզվաբանություն, սփյուռքահայ գրականություն, ճարտարապետություն և կերպարվեստ
Ժամանակակից հայ հասարակությունը և միջազգային հարաբերությունները. Կովկասի աշխարհաքաղաքականությունը, հայկական սփյուռքը, տարածաշրջանային համագործակցությունը և մարտահրավերները
Չինաստան–Հայաստան փոխհարաբերությունների պատմությունը. պատմական փոխառնչություններ՝ Մետաքսի ճանապարհի շրջանից մինչ օրս, երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, տնտեսական և առևտրային համագործակցություն, մշակութային փոխազդեցություններ
Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Զեկույցների ներկայացման կարգը և հիմնական ժամկետները
Զեկուցման ամփոփագրի ներկայացման վերջնաժամկետն է 2027 թվականի ապրիլի 30-ը։
Մասնակցության գրանցման վերջնաժամկետն է 2027 թվականի մայիսի 1-ը։
Մասնակցության վճարներ և այլ ծախսեր
Գիտաժողովին մասնակցության գրանցումն անվճար է բոլոր մասնակիցների համար։
Միջազգային երկկողմանի ավիատոմսերի և կացության ծախսերը հոգում են մասնակիցները։
Կազմկոմիտեն կարող է աջակցություն ցուցաբերել հյուրանոցների ամրագրման հարցում։
Գրանցում և կոնտակտային տվյալներ
Գիտաժողովի թեմատիկայով հետաքրքրվողներն իրենց զեկույցների ամփոփագրերը և գրանցման հայտերը կարող են ուղարկել գիտաժողովի էլեկտրոնային փոստի հասցեին (armeniastudy@163.com):
Չինաստանում կոնտակտային անձը Փեյչըն Ցին է (qpc466@163.com):
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կոնտակտային անձը Նելլի Մինասյանն է (nelli.minasyan@ysu.am):