ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտական աշխատող Էդիտա Նադիրյանը վերապատրաստվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաարլանդի համալսարանում:
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Մասնագիտական վերապատրաստում-2025» մրցույթի շրջանակում 2026 թվականի մայիս–հուլիս ամիսներին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի առկա ուսուցման ասպիրանտ, ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի» լաբորատորիայի «Փորձարարական ախտաբանության և բջջային ազդանշանի փոխանցման» խմբի անդամ, կրտսեր գիտաշխատող Էդիտա Նադիրյանը եռամսյա գիտական վերապատրաստում է անցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաարլանդի համալսարանի «Pharmaceutical Materials and Processing» հետազոտական խմբում։
Վերապատրաստման հիմնական նպատակն էր ձեռք բերել տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ արտաքին ազդակների նկատմամբ զգայուն պոլիմերային նանոկրիչային համակարգերի նախագծման, սինթեզի, օպտիմալացման և ֆիզիկաքիմիական բնութագրման ոլորտում՝ հետագայում դրանք դեղանյութերի վերահսկվող և թիրախային առաքման համակարգերում կիրառելու նպատակով։
Գիտահետազոտական աշխատանքների ընթացքում ուսումնասիրվել են դինամիկ պոլիմերային համակարգերի սինթեզի և դրանց հիմքով նանոմասնիկների պատրաստման մոտեցումները։ Կիրառվել են նանոնստեցման (nanoprecipitation), դինամիկ լույսի ցրման (DLS) և սկանավորող էլեկտրոնային մանրադիտակային (SEM) վերլուծության մեթոդները՝ նանոմասնիկների չափերի, պոլիդիսպերսության ինդեքսի (PDI) և ձևաբանական առանձնահատկությունների գնահատման նպատակով։
Վերապատրաստման կարևոր ուղղություններից էր pH-զգայուն պոլիմերային նանոկրիչների մշակումը և դրանց վարքագծի ուսումնասիրությունը տարբեր միջավայրերում։ Մասնավորապես՝ գնահատվել են ADOX-L-Arg հիմքով նանոմասնիկների հատկությունները pH 5.4, 6.4 և 7.4 պայմաններում՝ ուսումնասիրելով մասնիկների չափերի, PDI-ի և կառուցվածքային առանձնահատկությունների ժամանակային փոփոխությունները։ Ստացված արդյունքները հնարավորություն են տվել գնահատելու մշակված համակարգերի pH-կախյալ կայունությունը, վերակազմավորման առանձնահատկությունները և դրանց կիրառման ներուժը դեղանյութերի վերահսկվող առաքման համակարգերում։
Վերապատրաստման ընթացքում ուսումնասիրվել են նաև պոլիմերային նանոկրիչների ֆլուորեսցենտային նշադրման մոտեցումները։ Մասնավորապես՝ ձեռք են բերվել գիտելիքներ Cyanine 5 (Cy5) ֆլուորեսցենտային ներկանյութի կիրառման սկզբունքների, պոլիմերային համակարգերի նշադրման ռազմավարությունների և ֆլուորեսցենտային նանոկոմպլեքսների պատրաստման հնարավորությունների վերաբերյալ։ Այս մոտեցումները կարող են հետագայում կիրառվել in vitro և in vivo հետազոտություններում՝ նանոմասնիկների տեղաբաշխման, բջջային կլանման և կենսաբաշխման ուսումնասիրության նպատակով։
Եռամսյա գիտական վերապատրաստումը հնարավորություն է տվել յուրացնելու պոլիմերային նանոկրիչային համակարգերի մշակման ամբողջական գործընթացը՝ սկսած պոլիմերների սինթեզից մինչև նանոմասնիկների պատրաստում, ֆիզիկաքիմիական բնութագրում և արտաքին ազդակների նկատմամբ դրանց արձագանքի գնահատում։



