ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտական աշխատող Սվետլանա Հովհաննիսյանը իր մասնագիտական վերապատրաստումն է անցել Գերմանիայի Ռեգենսբուրգի համալսարանական հիվանդանոցում՝ դոկտոր, պրոֆեսոր Մարտեյն Ռիոլի ղեկավարությամբ:
Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են ժամանակակից in vitro և in vivo մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու ոչ միայն հակամանրէային նյութերի արդյունավետությունը, այլև դրանց ազդեցության հնարավոր մեխանիզմները, բակտերիալ կենսաթաղանթի ձևավորումը և հակաբիոտիկային կայունության հաղթահարման հնարավորությունները։ Վերապատրաստման կարևոր բաղադրիչներից էր նաև Galleria mellonella թրթուրների in vivo վարակի մոդելը։ Մոդելը հնարավորություն է տալիս կենդանի օրգանիզմում նախնական գնահատելու հակամանրէային միջամտությունների արդյունավետությունը և հանդիսանում է կաթնասունների փորձարարական մոդելներին այլընտրանքային մոտեցում։
Վերապատրաստումը հնարավորություն է տվել ձեռք բերելու նոր գործնական հմտություններ հակամանրէային հետազոտությունների կազմակերպման, փորձարարական տվյալների վերլուծության և տարբեր մոդելների կիրառման ուղղությամբ։ Այսպիսի գիտական ծրագրերը ոչ միայն նպաստում են մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև ստեղծում են համագործակցության, գիտելիքի փոխանակման և համատեղ հետազոտությունների իրականացման նոր հնարավորություններ։ Վերապատրաստման ընթացքում ստացված տվյալները մշակման փուլում են. ստացված արդյունքները՝ որպես համատեղ գիտական հոդված, առաջիկայում կներկայացվեն տպագրության։
Միջազգային գիտական համագործակցությունը հնարավորություն է տալիս նոր մեթոդներն ու գիտելիքները վերածելու հետազոտական նոր գաղափարների։

