ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցներ Գոռ Մարգարյանը, Մուշեղ Ղահրիյանը և Արևիկ Հարությունյանը մասնակցել են Լեհաստանի Վարշավայի և Սեդլցեի համալսարաններում անցկացված միջազգային գիտաժողովների և աշխատաժողովի։ Համալսարանականները ներկայացրել են հայոց պետականության պատմությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանությանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանային փոխառնչություններին նվիրված հետազոտություններ։
Նոյեմբերի 10-ին Վարշավայի համալսարանում անցկացված «Հայաստանը Հարավային Կովկասի խաչմերուկում. մշակութային ժառանգություն, իրավունք և պատմական հիշողություն» միջազգային աշխատաժողովի առանցքում տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանության պատմական, իրավական և աշխարհաքաղաքական հարցերն էին։
Աշխատաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի, Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչարարության ֆակուլտետի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի իրավունքի հետազոտությունների կենտրոնի ու IPW հիմնադրամի ռուսական պետականության հետազոտությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոռ Մարգարյանն անդրադարձել է Հարավային Կովկասում բազմամշակութայնության քաղաքականության առանձնահատկություններին՝ պատմական օրինաչափությունների, պետական նարատիվների և հայկական ժառանգության ճակատագրի համատեքստում։ Ինստիտուտի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Մուշեղ Ղահրիյանը ներկայացրել է տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրների աշխարհաքաղաքական համատեքստը։
Կրտսեր գիտաշխատող Արևիկ Հարությունյանի զեկուցումը նվիրված էր Հարավային Կովկասի պատմամշակութային ժառանգության պահպանության գործում միջազգային կազմակերպությունների դերին ու փորձին՝ 1954 թ. Հաագայի կոնվենցիայից մինչև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թ. ժամանակավոր միջոցները։
Նոյեմբերի 13-ին Սեդլցեի համալսարանում անցկացված «Հայաստանն իր պատմական զարգացման մեջ. պետականության մշակույթն ու ավանդույթները» միջազգային գիտաժողովում համալսարանականներն անդրադարձել են հայոց պետականության պատմության տարբեր փուլերին և Հայաստանի արտաքին կապերին։ Գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «Հեռավար լաբորատորիա» ծրագրի շրջանակում։
Ծրագրի ղեկավար Գոռ Մարգարյանը ներկայացրել է հայոց պետականության միջնադարյան ձևերը՝ Բագրատունյաց թագավորությունից մինչև Կիլիկիայի հայկական թագավորություն։ Ծրագրի կատարող Արևիկ Հարությունյանն անդրադարձել է 19-րդ դարում հայոց պետականության գաղափարին՝ կայսրությունների միջև փոքր ժողովրդի դիրքի համատեքստում։ Մուշեղ Ղահրիյանի զեկուցումը նվիրված էր Հայաստանի և արաբական աշխարհի առնչություններին՝ պատմական համայնքներից մինչև ժամանակակից դիվանագիտություն։
Նոյեմբերի 16-ին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և Սեդլցեի համալսարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանը և Հարավային Կովկասը. պետականություն, ինքնություն և տարածաշրջանային փոխառնչություններ» միջազգային գիտաժողովում քննարկվել են նաև ինքնիշխանության բացակայության պայմաններում հայկական իշխանությունների գործունեությանն առնչվող հարցեր։
Գոռ Մարգարյանը պարսկական և հայկական աղբյուրների հիման վրա ներկայացրել է մոնղոլական և թուրքմենական տիրապետության շրջանում՝ 13–15-րդ դարերում, հայկական իշխանություններն ու պետականության ձևերը։ Արևիկ Հարությունյանն անդրադարձել է 18-րդ դարի Հարավային Կովկասում Երևանի խանությանը և հայ մելիքների ինստիտուտին՝ կայսրությունների միջև փոքր քաղաքական միավորների ու դրանց քաղաքականացման համատեքստում։
Երեք գիտական միջոցառումներում ԵՊՀ հետազոտողների ներկայացրած զեկուցումներն ընդգրկել են միջնադարից մինչև մեր օրերը ձգվող թեմաներ՝ հայոց պետականության պատմական ձևերից ու գաղափարից մինչև մշակութային ժառանգության պահպանության միջազգային մեխանիզմներ։




