November 27, 2026 | 15:50
Հասարակություն
Միջոցառումներ
ԵՊՀ պատմության թանգարանում բացվեց 1970–1980-ականների մտավոր ազատականացմանը նվիրված ցուցադրություն
ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում բացվեց ուշխորհրդային շրջանի Հայաստանում գիտական և մշակութային կյանքի ազատականացման գործընթացներին նվիրված ցուցադրություն։ Բացմանը հաջորդեցին մասնագիտական զեկուցումներ՝ նվիրված գրաքննության հաղթահարմանը, մտավորականության և իշխանության հարաբերություններին ու մշակույթի տների դերակատարմանը։
ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանի խոսքով՝ ցուցադրությունը հնարավորություն է տալիս երիտասարդներին ծանոթանալու անցյալի փորձին և առավել արժևորելու այսօրվա ազատությունը։
Ցուցադրության գաղափարը ծնվել է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Տաթևիկ Սարոյանը նշեց, որ նախորդ տարիներին հիմնադրամի աջակցությամբ ուսումնասիրվել էին խորհրդային շրջանի այլ փուլեր, մինչդեռ 1970–1980-ականների ազատական միտքը դեռևս բավարար չափով չէր հետազոտվել։
«Հիմնադրամի դրամաշնորհներն ուղղված են ազատական մտքի, ազատ գաղափարախոսության ուսումնասիրությանը։ Որոշեցինք, որ անպայման պիտի անդրադառնանք այս թեմային։ Հետազոտություններ ենք կատարել ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում, որտեղ պահվում են այդ ժամանակաշրջանի ատենախոսությունները, ինչպես նաև Ազգային գրադարանում։ Անհատական հարցազրույցներ ենք անցկացրել այն մարդկանց հետ, որոնք իրենց ատենախոսությունները գրելու ժամանակ բախվել են խորհրդային շրջանի կաղափարային մշակույթին. նույնիսկ երբ թեման ամենևին առնչություն չուներ խորհրդային իրականության հետ, նրանք ստիպված էին մեջբերել Մարքսին կամ Լենինին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախաձեռնության գլխավոր նպատակը երիտասարդներին դեպի թանգարան բերելն ու ժամանակաշրջանների համեմատության միջոցով այսօրվա ազատության արժեքը ցույց տալն է։
«Այսօրվա երիտասարդը հնարավորություն ունի ազատ մտածելու, ազատ գրելու։ Պիտի հայացք նետենք անցյալին՝ հասկանալու, թե ինչպես էր այն ժամանակ, որովհետև չենք կարող կառուցել ներկան, եթե անցյալի մասին տեղեկություն չունենք»,- նշեց թանգարանի տնօրենը։
Ցուցադրության շրջանակում այցելուները կարող են տեսնել արխիվային բացառիկ փաստաթղթեր, Գլավլիտի (խորհրդային գրաքննության մարմին) արգելքներին վերաբերող նյութեր, հատուկ ֆոնդերի գրադարակներ, ինչպես նաև հատվածներ 1970–1980-ականների ատենախոսություններից։
Ցուցադրության բացմանը հաջորդեցին թեմատիկ երեք զեկուցումներ՝ նվիրված ժամանակաշրջանի տարբեր շերտերին։
Գրաքննության հաղթահարումը
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը ներկայացրեց «Մտավոր և գիտական գործունեության ազատականացման փորձառությունները Հայաստանում 1970-1980-ական թվականներին» թեման։ Նա անդրադարձավ գիտելիքի արտադրության առանձնահատկություններին և մտավորականության աշխատանքների վերահսկվող մեխանիզմերին։
«1970-1980-ականները շատ հետաքրքիր էին հենց նրանով, որ հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում տեղի էր ունենում ազատականացում մարքսիզմ-լենինիզմի թելադրանքից։ Մարդիկ սկսում էին ճեղքեր ու ելքեր գտնել այդ շրջանակից դուրս գալու համար, և ատենախոսություններում աստիճանաբար կրկին սկսում էր միտք արտահայտվել, այլ ոչ թե միայն գաղափարախոսություն»,- նշեց նա։
Աղասի Թադևոսյանն անդրադարձավ նաև Գլավլիտի գործունեությանը, հատուկ ֆոնդերին և գաղափարական սահմաններից դուրս մտածող գիտնականների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին։ Բանախոսը մասնավորապես խոսեց այն դեպքերի մասին, երբ ընդունված գաղափարախոսությունից տարբերվող գիտական միտքը որակվեց որպես հոգեկան խանգարման դրսևորում, իսկ դրա հեղինակները հայտնվեցին հոգեբուժարաններում։
Նա ընդգծեց, որ, չնայած համատարած վերահսկողությանն ու արտասահմանյան գրականության հասանելիության սահմանափակումներին, 1970–1980-ականներին հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում աստիճանաբար ընդլայնվեցին ինքնուրույն մտածողության և գիտական ազատության հնարավորությունները։
Մտավորականություն և իշխանություն
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ Յուլիա Անտոնյանը հանդես եկավ «Ուշխորհրդային իշխանական դիսկուրսն ու հայաստանյան մտավորականությունը» թեմայով զեկուցմամբ։ Բանախոսը վերլուծեց ստեղծագործական ազատության սահմանները, տեղական նոմենկլատուրայի հետ ոչ պաշտոնական «դաշինքների» ձևավորումը և կենտրոնական իշխանությունների հետ բանակցելու մտավորականների փորձը։
Մշակույթի տները՝ որպես ոչ պաշտոնական հարթակ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Հայկուհի Մուրադյանը ներկայացրեց «Գաղափարախոսության և ժամանցի միջև. մշակույթի տունը որպես սոցիալական տարածք Խորհրդային Հայաստանում բրեժնևյան և ուշխորհրդային շրջանում» թեման։ Նա ցույց տվեց, թե ինչպես էին պաշտոնական գաղափարախոսության տարածման համար ստեղծված այս հաստատությունները աստիճանաբար վերածվում ժամանցի, ինքնագործունեության և ազատ շփման վայրերի։ Բանախոսի դիտարկմամբ՝ ժողովրդական պարի և երգի համույթները, թատերական ու գեղարվեստական խմբակները, կինոդիտումները, երեկոներն ու տոնական միջոցառումները ստեղծում էին մի տարածք, որտեղ պետական պատվերն ու մասնակիցների անձնական հետաքրքրությունները համատեղվում էին, իսկ երբեմն նույնիսկ հակասում միմյանց։
Զեկուցումներն ամփոփեցին ցուցադրության հիմնական ուղերձները՝ ընդգծելով անցյալի փորձի ուսումնասիրության և իմաստավորման կարևորությունը։ Թեմայի մասին ավելին իմանալու և ցուցանմուշներին ծանոթանալու համար հետաքրքրասերները կարող են այցելել ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան։
Նշենք, որ ցուցադրությունը բաց կլինի մինչև 2027 թ. մայիսի 27-ը, իսկ ուսանողների համար կկազմակերպվեն պարտադիր ուղեկցվող շրջայցեր՝ ներկայացված նյութերն ավելի խորությամբ ընկալելու և վերլուծելու նպատակով։







