General information
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը (այսուհետև` կարգ) սահմանում է Երևանի պետական համալսարանում (այսուհետև` ԵՊՀ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կանոնները։
2. Կարգը ներառում է ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացակարգերը, գիտելիքի ստուգման և գնահատման համակարգը, ակադեմիական առաջադիմության չափանիշները և այլն։
3. Կարգը մշակվել է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներին, ԵՊՀ կանոնադրությանը համապատասխան:
2. ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՇԽԱՏԱԾԱՎԱԼԸ
4. ԵՊՀ-ում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունն առկա ուսուցման համար սահմանվում է 1800 ժամ, որը համարժեք է 60 ECTS կրեդիտի, իսկ հեռակա ուսուցման համար` 1440 ժամ, որը համարժեք է 48 ECTS կրեդիտի։ 1 ECTS կրեդիտը համարժեք է ուսանողի 30 ժամ լրիվ (լսարանային, արտալսարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը: Ուսանողի շաբաթական ուսումնական լրիվ բեռնվածության առավելագույն չափը 45 ժամ է, որը համարժեք է 1,5 ակադեմիական կրեդիտի։
5. Բակալավրի կրթական ծրագրի լրիվ աշխատածավալը 240 կրեդիտ է, իսկ մագիստրոսի կրթական ծրագրինը` 120, 90 և 60 կրեդիտ:
6. Առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի տևողությունը 4 տարի է (8 կիսամյակ), իսկ մագիստրոսի կրթական ծրագրինը՝ 2 տարի (4 կիսամյակ), 1,5 տարի (3 կիսամյակ) և 1 տարի (2 կիսամյակ): Ուսումնական կիսամյակի համար սահմանվում է 20-շաբաթյա տևողություն, որը բաշխվում է հետևյալ հերթականությամբ. 8 շաբաթ լսարանային պարապմունքներ, 1 շաբաթ ընթացիկ քննություններ, 7 շաբաթ լսարանային պարապմունքներ, 1 շաբաթ ընթացիկ քննություններ ու ստուգարքներ և 3 շաբաթ եզրափակիչ քննություններ:
7. Հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի տևողությունը 5 տարի է (10 կիսամյակ): Ուսումնական կիսամյակի համար սահմանվում է 16-շաբաթյա տևողություն, որը բաշխվում է հետևյալ հերթականությամբ. 4 շաբաթ լսարանային պարապմունքներ, 1 շաբաթ ինքնուրույն աշխատանք, 2 շաբաթ ընթացիկ քննություններ, 3 շաբաթ ինքնուրույն աշխատանք, 2 շաբաթ ընթացիկ քննություններ և 4 շաբաթ եզրափակիչ քննություններ:
8. Հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի տևողությունը 2,5 տարի է (5 կիսամյակ), 2 տարի (4 կիսամյակ), 1,5 տարի (3 կիսամյակ): Ուսումնական կիսամյակի համար սահմանվում է 16-շաբաթյա տևողություն, որը բաշխվում է հետևյալ հերթականությամբ. 3 շաբաթ լսարանային պարապմունքներ, 2 շաբաթ ինքնուրույն աշխատանք, 2 շաբաթ ընթացիկ քննություններ, 3 շաբաթ ինքնուրույն աշխատանք, 2 շաբաթ ընթացիկ քննություններ և 4 շաբաթ եզրափակիչ քննություններ:
9. Մանկավարժի որակավորում ստանալու համար համապատասխան մասնագիտությունների ուսանողները լրացուցիչ պետք է կուտակեն 30 կրեդիտ՝ համաձայն «Երևանի պետական համալսարանի բակալավրիատի շրջանավարտներին մանկավարժի որակավորում շնորհելու կարգի»:
10. Բակալավրի կրթական ծրագրի յուրաքանչյուր կիսամյակային քննաշրջանում նախատեսվում է առավելագույնը 5 քննություն՝ բացառությամբ առաջին կիսամյակի, որտեղ քննությունների թիվը չի գերազանցում 3-ը: Մագիստրոսի կրթական ծրագրում այդ քննությունների թիվը սահմանվում է ըստ օրինակելի ուսումնական պլանի:
3. ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
11. ԵՊՀ կրթական ծրագրերը, ինչպես նաև առանձին դասընթացներ ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ և ուսումնական գծով պրոռեկտորի արտոնությամբ կարող են կազմակերպվել առցանց եղանակով:
12. Արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կրթության շարունակականությունն ապահովելու համար ԵՊՀ-ում գործող բոլոր կրթական ծրագրերը ռեկտորի հրամանով կարող են իրականացվել առցանց եղանակով:
13. Առցանց ուսուցման մասնակիցները (սովորողները, դասավանդողները) ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ առդեմ ուսուցման դեպքում:
14. Առցանց և առդեմ եղանակներով իրականացվող դասընթացների բովանդակությունը և կրթական վերջնարդյունքները պետք է լինեն նույնական և համապատասխանեն դասընթացի պլանին:
15. Առցանց ուսուցման էլեկտրոնային միջավայրի տեխնիկական ապահովումը և վերահսկողությունն իրականացնում են ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական (այսուհետև` ՏՏԿՀ) կենտրոնը և տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչությունը:
16. Անկախ ուսուցման ձևից (առդեմ, առցանց)՝ դասընթացները պետք է հասանելի լինեն Ուսուցման կառավարման համակարգում (այսուհետև՝ ՈւԿՀ):
17. Անկախ ուսուցման ձևից (առդեմ, առցանց)՝ ՈՒԿՀ հարթակում յուրաքանչյուր ուսանողի համար ստեղծվում է անհատական էջ, որտեղ նրան հասանելի են տվյալ կիսամյակի ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասընթացները, դասընթացներին վերաբերող ուսումնամեթոդական նյութերը, ուսանողի ակադեմիական տեղեկագիրը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
18. Կրթական ծրագրեր իրականացնող բոլոր ստորաբաժանումների (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) պատասխանատուները յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի մեկնարկից առնվազն մեկ շաբաթ առաջ ՈւԿՀ են մուտքագրում դասընթացների անվանումները, դրանք դասավանդող դասախոսների և ուսանողների տվյալները (անուն, ազգանուն, էլ. հասցե, լուսանկար և այլն):
19. ՈւԿՀ առցանց հարթակում դասընթացը վարողը վերահսկում է ուսանողների մասնակցությունը, տրամադրում դասընթացի ծրագիրը և էլեկտրոնային ուսումնական նյութերը, ըստ անհրաժեշտության կազմակերպում խորհրդատվություններ:
20. Ուսանողներին պաշտոնական միջոցներով (էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային կապի այլ միջոցներով) տրվում է տեխնիկական աջակցություն:
21. Առցանց քննություններն իրականացվում են բացառապես ՈւԿՀ համապատասխան հարթակում:
22. Առցանց դասերի, ընթացիկ գնահատումների և քննությունների ողջ ընթացքում ուսանողի և դասախոսի տեսախցիկների միացված լինելը պարտադիր է:
4. ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
23. Բակալավրի կրթական ծրագրի կամընտրական դասընթացներ են նախատեսվում ընդհանուր կրթական և մասնագիտական կառուցամասերում:
24. Ընդհանուր կրթական կառուցամասի կամընտրական դասընթացների ցանկից ուսանողն ընտրում է երկուսը:
25. Մասնագիտական կառուցամասում կամընտրական դասընթացներ են նախատեսվում 5-7-րդ կիսամյակներում:
26. 6-7-րդ կիսամյակներում (հեռակա ուսուցման դեպքում՝ 8-9-րդ) նախատեսվում է 15 կրեդիտ աշխատածավալով «շարժունության պատուհան», ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին դասընթացների կազմն ընտրելու ինչպես բակալավրի հարակից կրթական ծրագրերի դասընթացների, այնպես էլ այլ բուհերի կողմից առաջարկվող դասընթացների ցանկից, կրթական ծրագրի ղեկավարի համաձայնությամբ:
27. Մագիստրոսի՝ 120 կամ 90 կրեդիտ աշխատածավալով կրթական ծրագրի կամընտրական դասընթացները նախատեսվում են մասնագիտացման դասընթացների կրթամասում, իսկ 60 կրեդիտի դեպքում՝ ընդհանուր դասընթացների կրթամասում:
28. Կամընտրական դասընթացներին ուսանողները գրանցվում են ֆակուլտետում, և արդյունքները սահմանված ժամկետում ներկայացվում են Ուսումնամեթոդական վարչություն:
29. Կամընտրական դասընթացներին ուսանողների գրանցումը կատարվում է նախորդող ուստարում՝ մինչև ապրիլի 1-ը: 90 ECTS կրեդիտատարությամբ մագիստրոսի կրթական ծրագրի կամընտրական դասընթացներին ուսանողների գրանցումը կատարվում է 1-ին կիսամյակում՝ մինչև նոյեմբերի 30-ը:
30. Սահմանված վերջնաժամկետից հետո գրանցումներ չեն կատարվում:
31. Համալսարանը կարող է չեղարկել ցանկացած կամընտրական դասընթացի իրականացումը, եթե դրանում ընդգրկված չեն սահմանված նորմերով նախատեսված բավարար թվով ուսանողներ:
5. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
32. Հետազոտական աշխատանքը նախատեսված է տվյալ դասընթացի շրջանակում հետազոտություն կատարելու և ներկայացնելու համար: Այն նպատակ ունի խթանելու ուսանողի անհատական կամ խմբային հետազոտություն կատարելու ունակությունները և նպաստելու նրա մասնագիտական հմտությունների զարգացմանը: Հետազոտական աշխատանքն իրականացվում է դասընթացի տեսական կամ գործնական պարապմունքների համար նախատեսված ժամերին և ենթադրում է դասավանդող դասախոսի խորհրդատվություն:
33. Հետազոտական աշխատանք պարունակող մասնագիտական դասընթացների ցանկը սահմանում է ծրագրի ղեկավարը, և հաստատում է ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) գիտական խորհուրդը: Հաստատումից հետո այն ներառվում է համապատասխան կրթական ծրագրի մասնագրում։ Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում այդ դասընթացները նվազագույնը երկուսն են, իսկ առավելագույնը` վեցը։
34. Հետազոտական աշխատանքը ներառվում է միայն մասնագիտական դասընթացներում: Հետազոտական աշխատանքը մասնագիտական ոլորտին առնչվող, կիրառական կամ տեսական նշանակություն ունեցող և գործնական խնդիրների լուծմանը միտված ինքնուրույն անհատական կամ խմբային հետազոտություն է: Այն անմիջականորեն առնչվում է տվյալ մասնագիտական դասընթացի առարկային և խնդիրներին:
35. Հետազոտական աշխատանքը կատարվում է ուսանողի կամ ուսանողների խմբի (առավելագույնը՝ 4 ուսանող) կողմից՝ դասընթացը վարող դասախոսի ընդհանուր ղեկավարությամբ:
36. Հետազոտական աշխատանքը կատարվում է գիտական և հետազոտական ժամանակակից մեթոդների կիրառմամբ: Աշխատանքի արդյունքում ստացված տվյալները վերլուծվում են, և արվում է համապատասխան եզրակացություն:
37. Դասընթացի շրջանակում կատարված հետազոտական աշխատանքի արդյունքը հաշվի է առնվում տվյալ դասընթացի արդյունարար գնահատականում՝ որպես երկու ընթացիկ քննություններից մեկի գնահատական, որը սահմանվում է ըստ Աղյուսակ 2-ի կամ Աղյուսակ 3-ի։ Հետազոտական աշխատանքը գնահատվում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքների կատարման արդյունքում: Վերջինիս դեպքում գնահատումն իրականացվում է դասախոսի կողմից ընտրված գնահատման մեթոդաբանությամբ:
38. Հետազոտական աշխատանքի գնահատումը դասընթացը վարող դասախոսի հայեցողությամբ կարող է իրականացվել այլ դասախոսների մասնակցությամբ:
39. Հետազոտական աշխատանքը գնահատելու համար ուսանողի կողմից այն բանավոր ներկայացնելը պարտադիր է:
40. Հետազոտական աշխատանք ներառող դասընթացները բակալավրի կրթական ծրագրում կարող են իրականացվել 4-7-րդ կիսամյակներում, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` սկսած 1-ին կիսամյակից։
41. Խմբային հետազոտական աշխատանք կատարելու դեպքում խմբերի կազմը հաստատվում է դասախոսի կողմից մինչև յուրաքանչյուր կիսամյակի 3-րդ շաբաթվա ավարտը: Հետազոտական աշխատանքի թեմաները դասախոսի կողմից հանձնարարվում են մինչև տվյալ կիսամյակի 3-րդ շաբաթվա ավարտը: Հետազոտական աշխատանքը դասախոսին ներկայացվում է տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով՝ դասախոսի հայեցողությամբ, նրա կողմից սահմանված ժամկետում:
6. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
6.1. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
42. ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգը, որի հիմնական նպատակներն են՝
1) կազմակերպել ուսումնառության համաչափ գործընթաց և խթանել ուսանողի ինքնուրույն աշխատանքը,
2) ներմուծել հետադարձ կապի մեխանիզմներ` գնահատման արդյունքները դասախոսների և ուսանողների կողմից որպես դասավանդման և ուսումնառության շարունակական բարելավման միջոց օգտագործելու համար:
43. Գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1) դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2) դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3) ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4) ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5) դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6) ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի (ուսումնական մոդուլի) համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
44. Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
1) եզրափակիչ գնահատումով,
2) առանց եզրափակիչ գնահատման,
3) առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4) ստուգարքային:
45. ԵՊՀ-ում ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում է 20-միավորանոց սանդղակը:
46. Գնահատման դրական նվազագույն շեմը սահմանվում է 10 միավորը: Գնահատման սանդղակը ներկայացված է ստորև.
Աղյուսակ 1.
Գնահատման արդյունարար միավորը | Գնահատականը |
18-20 | «Գերազանց» |
14-17 | «Լավ» |
10-13 | «Բավարար» |
0-9 | «Անբավարար» |
6.2. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
47. Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները (արտահայտված տոկոսներով) ընտրում է դասավանդող դասախոսը՝ ելնելով դասընթացի դասավանդման, ուսումնառության ձևերից ու ակնկալվող կրթական վերջնարդյունքների բնույթից, և հաստատում է ամբիոնը: Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի (ուսումնական մոդուլի) համառոտագրում:
48. Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը:
Աղյուսակ 2.
Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման բաղադրիչները և հատկացվող միավորները
Գնահատման բաղադրիչը | 2 ընթացիկ քննություն | Ընթացիկ ստուգում (ներ) | Ինքնուրույն աշխատանք | Մասնակցություն | Եզրափակիչ քննություն |
Գնահատման բաղադրիչի կշիռը | 30-40 % | 0-30 % | 0-30 % | 0-15 % | 35-45 % |
Հատկացվող առավելագույն միավորը | 6-8 | 0-6 | 0-6 | 0-3 | 7-9 |
49. Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականն առանձին բաղադրիչներից (2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում(ներ), ինքնուրույն աշխատանք, մասնակցություն, եզրափակիչ քննություն) ստացված միավորների գումարն է:
50. Առանց եզրափակիչ գնահատման կարող են լինել հիմնականում փոքրածավալ մասնագիտական դասընթացները:
51. Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
Աղյուսակ 3.
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման բաղադրիչները և հատկացվող միավորները
Գնահատման բաղադրիչը | 2 ընթացիկ քննություն | Ընթացիկ ստուգում (ներ) | Ինքնուրույն աշխատանք | Մասնացություն |
Գնահատման բաղադրիչի կշիռը | 35-45 % | 0-40 % | 0-40 % | 0-15 % |
Հատկացվող առավելագույն միավորը | 7-9 | 0-8 | 0-8 |
52. Առանց ընթացիկ քննությունների գնահատման կարող են լինել հիմնականում փոքրածավալ մասնագիտական դասընթացները:
53. Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
Աղյուսակ 4.
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման բաղադրիչները և հատկացվող միավորները
Գնահատման բաղադրիչը | Ընթացիկ ստուգում(ներ) | Ինքնուրույն աշխատանք | Մասնակցություն | Եզրափակիչ քննություն |
Գնահատման բաղադրիչի կշիռը | 0-40 % | 0-40 % | 0-15 % | 35-45 % |
Հատկացվող առավելագույն միավորը | 0-8 | 0-8 | 0-3 | 7-9 |
54. Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականը առանձին բաղադրիչներից (2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում(ներ), ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) ստացված միավորների գումարն է:
Աղյուսակ 5.
Դասընթացին ուսանողի մասնակցության գնահատման սանդղակի օրինակ
Մասնակցության տոկոսը (%) | Հատկացվող միավորը |
91-100 % | 3 |
81-90 % | 2 |
71-80 % | 1 |
£70 % | 0 |
55. Լաբորատոր աշխատանք ներառող դասընթացի ընթացիկ քննություններին ուսանողի մասնակցությունը թույլատրվում է նախորդող ժամանակահատվածում նախատեսված լաբորատոր աշխատանքների առնվազն 70 % կատարողականի (փորձերի կատարում և հանձնում) դեպքում։ Հակառակ դեպքում ուսանողին չի թույլատրվում մասնակցել ընթացիկ քննություններին, իսկ քննական տեղեկագրում նշանակվում է «0» միավոր։
56. Դասընթացը կարող է լինել եզրափակիչ գնահատումով միայն այն դեպքում, եթե կիսամյակում ունի առնվազն 60 ժամ լսարանային բեռնվածություն:
57. Կիսամյակում եզրափակիչ գնահատումով դասընթացների թիվը չի կարող գերազանցել հինգը:
58. Ստուգարքային կարող են լինել բակալավրիատի ընդհանուր կրթական կառուցամասի դասընթացները, մագիստրատուրայի ընդհանուր դասընթացները, ինչպես նաև մագիստրատուրայի «Մասնագիտության արդի հիմնախնդիրները» մասնագիտական դասընթացը:
6.3. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
59. Կիսամյակի առաջին երկու շաբաթվա ընթացքում դասախոսը ուսանողներին տեղեկացնում է գիտելիքների ստուգման ձևերի, հարցաշարերի և ժամկետների, ինչպես նաև գնահատման մեթոդների ու չափանիշների մասին։
60. Ֆակուլտետները կազմում են քննաշրջանների ժամանակացույցները, որոնք հաստատում է ուսումնական գծով պրոռեկտորը։ Հաստատված ժամանակացույցի մեկ օրինակը հանձնվում է Ուսումնամեթոդական վարչություն, իսկ ուսանողներին տեղեկացվում է նրանց համալսարանական էլեկտրոնային փոստի միջոցով:
61. Ընթացիկ քննություններն իրականացվում են առկա ուսուցման համակարգում՝ ուսումնական կիսամյակի 9-րդ և 17-րդ շաբաթներում, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 6-7-րդ և 11-12-րդ շաբաթներում (այդ շաբաթներում դասեր չեն նախատեսվում):
62. Եզրափակիչ քննություններն առկա ուսուցման համակարգում անցկացվում են կիսամյակային քննաշրջաններում` 18-20-րդ շաբաթներում, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 13-16-րդ շաբաթներում:
63. Բանավոր քննության և ստուգարքի ավարտից հետո դասախոսը տեղեկագիրը սքանավորման համար նույն օրը ներկայացնում է դեկանատ, իսկ գրավոր քննության տեղեկագիրը դասախոսը սքանավորման համար դեկանատ է ներկայացնում տվյալ քննության ավարտին հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում։
64. Ընթացիկ քննությունների, ընթացիկ ստուգումների, ինքնուրույն աշխատանքի, ստուգարքների և եզրափակիչ քննությունների գնահատական(ներ)ը հրապարակելու օրը ուսանողն իրավունք ունի այն բողոքարկելու գնահատումն իրականացրած դասախոսին կամ քննական հանձնաժողովին, իսկ վերջինիս հետ անհամաձայնության դեպքում` նույն օրը գրավոր դիմելու դասընթացը կազմակերպող ամբիոնի վարիչին, անհրաժեշտության դեպքում՝ նաև ֆակուլտետի դեկանին: Առցանց եղանակով իրականացվող քննության դեպքում գրավոր դիմումն ուղարկվում է էլեկտրոնային փոստով:
65. Գրավոր քննությունները գրառվում են ուսանողներին տրամադրված սահմանված նմուշի տետրերում: Ուսանողը և դասախոսը պետք է հետևեն քննական տետրում ներկայացված պահանջներին։
66. Ստուգարքի/եզրափակիչ քննության տեղեկագրում ուսանողի անվան դիմաց յուրաքանչյուր նշում կատարվում է միայն ուսանողի ներկայությամբ (բացառությամբ «Չն»-ի): Եթե եզրափակիչ գնահատումով դասընթաց(ներ)ի ընթացիկ քննությունների և մյուս բաղադրիչների գնահատումից հետո ուսանողի արդյունարար միավորը 10 կամ բարձր է, ապա ուսանողն իրավունք ունի տվյալ դասընթացի եզրափակիչ քննությանը, հետևաբար նաև լուծարքային շրջանին չներկայանալու, և այդ դեպքում տեղեկագրի համապատասխան սյունակներում կատարվում է «Չն» նշումը, և պահպանվում է ուսանողի 10 կամ բարձր միավորը:
67. Տեղեկագրերը սքանավորելուց անմիջապես հետո ուսանողի գնահատականը ուղարկվում է նրա համալսարանական էլեկտրոնային փոստին, որը համարվում է պաշտոնական տեղեկացում: Ուսանողը պարտավոր է ամեն օր ստուգել համալսարանական իր էլեկտրոնային փոստը: Որևէ անճշտություն նկատելու դեպքում ուսանողը կարող է գրավոր բողոքարկել` դիմելով ֆակուլտետի դեկանին, բայց ոչ ուշ, քան գնահատականի մասին պաշտոնական տեղեկացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, հակառակ դեպքում ուսանողի դիմումին ընթացք չի տրվում, և գնահատականը մնում է անփոփոխ: Եթե ուսանողը վատառողջ է, ապա դիմումը սահմանված ժամկետում նրա փոխարեն կարող է ներկայացնել լիազորված անձը:
68. Քննաշրջանը կամ առանձին ստուգարքներ/քննություններ ուսանողը համապատասխան հիմնավորմամբ ժամկետից շուտ կարող է հանձնել ուսումնական գծով պրոռեկտորի թույլտվությամբ:
6.4. ՈՒՍԱՆՈՂԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ
69. Ուսումնական գործունեության արդյունքներն ու առաջադիմության ցուցանիշներն ուսման որոշակի ժամանակահատվածի կամ ամբողջ շրջանի ընթացքում գրանցելու նպատակով յուրաքանչյուր ուսանողի համար լրացվում է ակադեմիական տեղեկագիր, որտեղ յուրաքանչյուր քննաշրջանից հետո գրանցվում են նրա ուսումնասիրած դասընթացները և ուսումնական մոդուլները, վաստակած կրեդիտները և ստացած արդյունարար գնահատականներն ըստ ուսումնական մոդուլների և կիսամյակների։ Տեղեկագիրն արտացոլում է ուսանողի կատարած ուսումնական աշխատանքի ծավալը և կրթական ձեռքբերումների որակը։ Տեղեկագիրը հասանելի է ՈւԿՀ-ում:
70. Ուսանողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ակադեմիական տեղեկագրում կիսամյակային արդյունքներից հետո նշվում են տվյալ կիսամյակի և մինչև ուսման տվյալ ժամանակաhատվածը ուսանողի առաջադիմությունն ամբողջացնող ամփոփիչ տվյալները, որոնք ներառում են հետևյալ 4 քանակական ցուցանիշները`
1) գումարային կրեդիտներ,
2) գնահատված կրեդիտներ,
3) վարկանիշային միավորներ,
4) միջին որակական գնահատական։
71. Գումարային կրեդիտը (Կ) կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով ուսանողի կուտակած կրեդիտների գումարն է։
72. Գնահատված կրեդիտը (ԳԿ) գումարային կրեդիտի այն մասն է, որը գնահատված է թվային միավորներով.
ԳԿ= Σ Կրեդիտ:
73. Վարկանիշային միավորը (ՎՄ) թվային միավորներով գնահատված դասընթացների (ուսումնական մոդուլների) կրեդիտների և դրանց արդյունարար գնահատականների արտադրյալների գումարն է.
ՎՄ= Σ ( Կրեդիտ x Գ_արդ ) ,
որտեղ Գ_արդ-ը տվյալ ուսումնական մոդուլից ստացված արդյունարար գնահատականն է:
74. Միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կրեդիտներով կշռված գնահատականների միջինն է, որը հաշվարկվում է վարկանիշային միավորները գնահատված կրեդիտների գումարի վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է 1/100-ի ճշտությամբ).
ՄՈԳ= ՎՄ/ԳԿ։
75. Հաշվառվում և ակադեմիական տեղեկագրում գրանցվում են կիսամյակային (հաշվարկված առանձին կիսամյակի համար) և արդյունարար (հաշվարկված ուսման տվյալ շրջանի համար) վարկանիշային միավորները և ՄՈԳ-երը։
7. ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿՐԿՆՈՒՄԸ
76. Քննաշրջանի արդյունքներով դրական (10 և բարձր) միավոր ստացած ուսանողին տվյալ դասընթացը վերահանձնել չի թույլատրվում։
77. Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման բաղադրիչների վերահանձնում չի թույլատրվում՝ բացի եզրափակիչ քնննությունից: Դասընթացի գնահատման արդյունարար դրական նվազագույն միավորի՝ 10-ի շեմը չապահոված ուսանողն ակադեմիական պարտքերի մարման շրջանում պետք է վերահանձնի եզրափակիչ քննությունը` վերջինիս համար սահմանված առավելագույն միավորի ձեռքբերման հնարավորությամբ:
78. Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի ընթացիկ քննություններին չներկայացած ուսանողը կարող է դրանք հանձնել ակադեմիական պարտքերի մարման շրջանում:
79. Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման արդյունարար դրական նվազագույն միավորի շեմը չապահոված ուսանողն ակադեմիական պարտքերի մարման շրջանում ընթացիկ քննություններին մասնակցում է առանձին-առանձին (իր ցանկությամբ՝ մեկին կամ երկուսին)՝ ընթացիկ քննությունների համար սահմանված առավելագույն միավորի ձեռքբերման հնարավորությամբ:
80. Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման բաղադրիչների վերահանձնում չի թույլատրվում՝ բացի եզրափակիչ քնննությունից: Դասընթացի գնահատման արդյունարար դրական նվազագույն միավորի՝ 10-ի շեմը չապահոված ուսանողն ակադեմիական պարտքերի մարման շրջանում պետք է վերահանձնի եզրափակիչ քննությունը` վերջինիս համար սահմանված առավելագույն միավորի ձեռքբերման հնարավորությամբ:
81. Եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման և առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացների համար սահմանված բոլոր բաղադրիչներից կիսամյակի ընթացքում 0 միավոր ստացած ուսանողը զրկվում է դրական արդյունարար գնահատական ստանալու հնարավորությունից, իսկ տվյալ դասընթացը համարվում է առարկայական պարտք:
82. Դասընթացի համար սահմանված բոլոր բաղադրիչներից կիսամյակի ընթացքում 0 միավոր ստացած ուսանողը կարող է մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը վճարովի հիմունքներով կրկնել դասընթացը և հանձնել քննությունները, եթե առարկայական պարտքերի կրեդիտների գումարը չի գերազանցում 12 կրեդիտը:
83. Ստուգարքային դասընթացի ստուգարքին չներկայացած ուսանողը կարող է այն հանձնել ակադեմիական պարտքերի մարման շրջանում:
84. Ակադեմիական պարտքերի մարման ժամանակացույցը հաստատում է ԵՊՀ ռեկտորը: Ստուգարքների և/կամ քննությունների վերահանձնումը կազմակերպվում է միայն քննական հանձնաժողովներով, որոնք ձևավորվում են ռեկտորի հրամանով։
85. Եթե ուսանողը պարտքերի մարման շրջանում չի հաղթահարում դրական նվազագույն 10 միավորի շեմը, բայց բարձրացնում է գնահատականը, ապա տեղեկագրում նրա անվան դիմաց նշվում է նոր միավորը:
86. Կրթական ծրագրում ակադեմիական պարտքերի մարման շրջանից հետո եթե առաջացած առարկայական պարտքերի կրեդիտների գումարը չի գերազանցում 12-ը, ապա համաձայն սահմանված կարգի՝ ուսանողը (բացառությամբ ՀՀ ՊՆ կամ այլ ուժային կառույցների պատվերով սովորող ուսանողների) կարող է առարկայական պարտքերը մարել մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը՝ վճարովի հիմունքներով վերահանձնելով դասընթացները ևս 2 անգամ:
87. Քննաշրջանից և պարտքերի մարման շրջանից հետո ակադեմիական անբավարար առաջադիմություն ունեցող ուսանողի` համալսարանից հեռացման վերաբերյալ հրամանը տրվում է կիսամյակի քննաշրջանի ակադեմիական պարտքերի վերահանձնման արդյունքների ամփոփումից հետո, ըստ ԵՊՀ ռեկտորատի սահմանած չափանիշների:
88. Ավարտական աշխատանքի պաշտպանությանը թույլատրված, բայց չներկայացած կամ «անբավարար» գնահատված ուսանողը կարող է պաշտպանել ավարտական աշխատանքը (նույն՝ նախկինում հաստատված կամ նոր հաստատված թեմայով) հաջորդ ուսումնական տարիներին:
89. Մագիստրոսի կրթական ծրագրում մագիստրոսական թեզի պատրաստման կատարողականը ատեստավորվում է համապատասխան ուսումնական ստորաբաժանման կողմից՝ համաձայն ԵՊՀ-ում մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի պահանջների:
90. Մագիստրոսական թեզի ատեստավորումը չանցած ուսանողը հեռացվում է համալսարանից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով: Հեռացված ուսանողը վերականգնումից հետո կարող է շարունակել նախկինում հաստատված թեմայով մագիստրոսական թեզը:
8. ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
91. Պրակտիկան ուսանողի մասնագիտական կրթության կարևոր և անբաժանելի բաղադրիչներից է, որը նպատակաուղղված է ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքների գործնական կիրառության հմտությունների զարգացմանը:
92. Բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողները, մասնագիտությամբ պայմանավորված, կարող են անցնել հետևյալ պրակտիկաներից մի քանիսը՝ ուսումնական (ճանաչողական, դաշտային, էքսկուրսիոն, թանգարանային և այլն) և մասնագիտական (արտադրական, գիտահետազոտական, փորձարարական, մանկավարժական), իսկ մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողները` միայն մասնագիտական պրակտիկա:
93. Ուսումնական պրակտիկան կազմակերպվում է բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար, որի նպատակն է ամրապնդել և խորացնել ուսանողի ընդհանուր մասնագիտական գիտելիքները:
94. Մասնագիտական պրակտիկայի նպատակն է զարգացնել ուսանողների նեղ մասնագիտական հմտությունները:
95. Պրակտիկայի տեսակը, տևողությունը և ժամկետները սահմանվում են համապատասխան կրթական ծրագրով:
96. Պրակտիկան կազմակերպվում և վերահսկվում է Ուսումնամեթոդական վարչության կողմից՝ պրակտիկայի ծրագրի և ժամանակացույցի համաձայն, համապատասխան մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) պրակտիկայի պատասխանատու(ներ)ի հետ համատեղ:
97. Որոշ հանգամանքներում (արտակարգ դրություն, ռազմական դրություն, համաճարակ և այլն) ուսանողների պրակտիկան, ըստ անհրաժեշտության, կարող է կազմակերպվել առցանց եղանակով:
98. Բակալավրիատում մասնագիտական պրակտիկայի ամբողջ ընթացքն արձանագրվում է ուսանողի օրագրում: Պրակտիկայի ավարտին այն իրականացնող հաստատության պատասխանատու անձը օրագրում ներկայացնում է կարծիք և բնութագիր: Օրագիրը կցվում է ուսանողի անձնական գործին:
99. Մասնագիտությամբ աշխատող ուսանողն ազատվում է մասնագիտական պրակտիկայից՝ աշխատանքի վայրից ներկայացնելով համապատասխան տեղեկանք:
100. Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով: Պրակտիկայի ղեկավարը «Ստուգված» նշում է այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային և կատարել է առաջադրանքները:
9. ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ
101. Կրթական ծրագրի պատշաճ մշակման, իրականացման, մշտադիտարկման և վերանայման նպատակով նախատեսված են կրթական ծրագրի ղեկավարի գործառույթներ:
102. Կրթական ծրագրի ղեկավարին ընտրում և հաստատում է ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) գիտական խորհուրդը, և հրամանագրում է ռեկտորը:
103. Կրթական ծրագրի ղեկավարը կազմում է նոր կրթական ծրագրի մշակման հայտ, որով հիմնավորում է ծրագրի ներդրման և հետագա իրականացման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:
104. Կրթական ծրագրի ղեկավարը ծրագիրը մշակող աշխատանքային խմբի հետ ձևակերպում է ծրագրի նպատակներն ու վերջնարդյունքները՝ որակավորումների ազգային և ոլորտային (առկայության դեպքում) շրջանակների և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
105. Կրթական ծրագրի ղեկավարը պետք է ծանոթ լինի գնահատման ժամանակակից մեթոդներին, համապատասխան օրենսդրական փաստաթղթերին:
106. Կրթական ծրագրի ղեկավարը կազմակերպում է ծրագրի փաստաթղթային փաթեթի մշակման գործընթացը, որին մասնակից է դարձնում նաև գործատուներին և արտաքին այլ շահակիցների:
107. Կրթական ծրագրի ղեկավարն ապահովում է ծրագրի հրապարակայնությունն ու մասնագիտական կողմնորոշման աշխատանքները:
108. Կրթական ծրագրի ղեկավարը ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) ղեկավարության հետ միասին կրթական ծրագիրը նախապատրաստում է հավատարմագրման:
109. Կրթական ծրագրի ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան:
110. Կրթական ծրագիրն իրականացնող դասախոսական կազմը համաձայնեցվում է կրթական ծրագրի ղեկավարի հետ:
111. Կրթական ծրագրի ղեկավարը չի կարող ղեկավարել նույն կրթական մակարդակի մեկից ավելի կրթական ծրագրեր:
112. Կրթական ծրագրի ղեկավարն ուսանողների ծանոթացնում է իրենց իրավունքներին և պարտականություններին, համալսարանում գործող և հատկապես ուսանողներին առնչվող կանոնակարգերին և կարգերին (ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ, ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կարգ, ԵՊՀ ներքին կարգապահական կանոններ և այլն), ուսանողի ուղեցույցին, գրադարանից օգտվելու կանոններին և այլն:
113. Կրթական ծրագրի ղեկավարն ուղղորդում է ուսանողներին կամընտրական և հարակից դասընթացների ընտրության հարցում:
114. Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին ֆակուլտետի գիտական խորհուրդը լսում և գնահատում է կրթական ծրագրերի ղեկավարների հաշվետվությունները:
10. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐՔԸ
115. Համալսարանը յուրաքանչյուր ուստարվա համար հրապարակում է ԵՊՀ դասընթացների տեղեկագիրք, որը տեղադրվում է համալսարանի կայքէջում։
116. Դասընթացների տեղեկագիրքը նախատեսված է համալսարանում իրականացվող կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ուսանողներին, դասախոսական ու վարչական կազմին, ինչպես նաև լայն հանրությանը մատչելի դարձնելու համար և պարունակում է.
1) առաջարկվող կրթական ծրագրերը, ուսումնական գործընթացի ժամանակացույցը և ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը,
2) կրթական ծրագրի ընդհանուր նկարագրությունը` շնորհվող որակավորումը, մուտքի շեմային պահանջները, ծրագրի նպատակները և նախանշված կրթական վերջնարդյունքները, կրթությունը շարունակելու հնարավորությունները, ծրագրի ընդհանուր կառուցվածքը և բովանդակությունը, քննական կանոնները և գնահատման կարգը, ամփոփիչ ատեստավորման ձևերը, պրակտիկաների վերաբերյալ տեղեկատվությունը և այլն,
3) կրթական ծրագրի առանձին դասընթացի նկարագրությունը` դասընթացի անվանումը և նույնացման թվանիշը, ուսումնական կիսամյակը, դասընթացին հատկացված կրեդիտները (ներառյալ շաբաթական լսարանային ժամաքանակներն ըստ պարապմունքի ձևերի), դասընթացի նպատակը և կրթական վերջնարդյունքները` արտահայտված կրթական մասնագիտական և ընդհանրական գիտելիքներով, կարողություններով և հմտություններով, դասընթացի համառոտագիրը (հակիրճ բովանդակությունը/թեմաները), դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդներն ու չափանիշները:
11. ՈՒՍԱՆՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՔԱՐՏԸ
117. Ուսանողի անձնական գործը նրա ողջ ուսումնառության ընթացքում դեկանատում պահվող հիմնական փաստաթղթերի փաթեթն է:
118. Բակալավրիատի ուսանողի անձնական գործը պետք է ներառի.
1) ընդունող հանձնաժողովի կողմից տրամադրած ընդունելության դիմում-հայտը,
2) ավարտական փաստաթղթի բնօրինակը (ատեստատ կամ դիպլոմն իր միջուկով), 3x4 չափսի մեկ լուսանկար, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, ընդունելության գրավոր քննության գնահատականը հիմնավորող փաստաթղթի բնօրինակը և արտոնությամբ ընդունվելու դեպքում այդ արտոնությունը հավաստող համապատասխան փաստաթղթերի պատճենները: Այս փաստաթղթերը համալսարան ընդունված դիմորդը ներկայացնում է դեկանատ` դասերը փաստացի սկսվելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում,
3) համալսարանի և ուսանողի միջև կնքված պայմանագիրը,
4) ուսանողին վերաբերող դիմումները, գրությունները և համալսարանական ու ֆակուլտետային բոլոր հրամանները:
119. Մագիստրատուրայի ուսանողի անձնական գործը պետք է ներառի.
1) ընդունող հանձնաժողովի կողմից տրամադրված դիմում-հայտը, 3x4 չափսի մեկ լուսանկար, բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի և դրա հավելվածի, անձնագրի կամ նույնականացման քարտի, զինվորական գրքույկի (առկայության դեպքում) պատճենները,
2) համալսարանի և ուսանողի միջև կնքված պայմանագիրը,
3) ուսանողին վերաբերող դիմումները, գրությունները և համալսարանական ու ֆակուլտետային բոլոր հրամանները:
120. Համալսարանն ավարտվելուց հետո ուսանողի անձնական գործն ամբողջությամբ՝ ներառյալ շրջանցիկ թերթիկը, դիպլոմի և դրա հավելվածի պատճենները և ավարտման հրամանը, հանձնվում է ԵՊՀ արխիվ:
121. Ուսանողի հետ պայմանագիրը կնքելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ուսումնական էլեկտրոնային քարտում ֆակուլտետի դեկանատի կողմից լրամշակվում են ուսանողի անձնական տվյալները, նրան վերաբերող բոլոր հրամանները: Ուսանողի քննաշրջանի արդյունքները քննաշրջանից հետո, իսկ ուսումնական էլեկտրոնային քարտը ուստարին ավարտվելուց հետո ուղարկվում են ուսանողի համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեին:
12. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
112. Սույն կարգն ուժի մեջ է մտնում 2022 թ. սեպտեմբերի 1-ից և տարածվում է 2022/2023 ուստարում և դրանից հետո ԵՊՀ ընդունված ուսանողների վրա: