General information
ՌԵԿՏՈՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) ռեկտորի (այսուհետ՝ ռեկտոր) մրցութային ընտրության հայտարարման, պաշտոնի հավակնորդի (այսուհետ՝ հավակնորդ) առաջադրման, մրցութային ընտրության կազմակերպման ու անցկացման և ռեկտորի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը:
2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2. ԵՊՀ ռեկտորի պաշտոնում կարող է առաջադրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ։ Ռեկտորի պաշտոնին հավակնորդին առաջադրվող մյուս պայմանները սահմանվում են օրենքով:
3. ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ 15-օրյա ժամկետում, իսկ ռեկտորի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, ժամկետի ավարտից առնվազն 2 ամիս առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) հայտարարում է ռեկտորի ընտրություն՝ բաց մրցույթի միջոցով (այսուհետ՝ մրցութային ընտրություն):
4. Մրցութային ընտրության անցկացման վերաբերյալ հայտարարությունը Խորհուրդը հրապարակում է ԵՊՀ պաշտոնական կայքով և առնվազն մեկ զանգվածային լրատվության միջոցով:
5. Մրցութային ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դիմումների և պահանջվող փաստաթղթերի ընդունման համար սահմանվում է 15-օրյա ժամկետ:
6. Մրցութային ընտրության հայտարարության մեջ նշվում են.
1) սույն ընթացակարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը,
2) սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված՝ հավակնորդին ներկայացվող պահանջները:
3) մրցութային ընտրությանը մասնակցելու համար դիմումների և պահանջվող փաստաթղթերի ընդունման վայրն ու վերջնաժամկետը,
4) մրցութային ընտրության անցկացման վայրը, օրը և ժամը,
7. Հայտարարությամբ սահմանված ժամկետում հավակնորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) Ռեկտորի պաշտոնում առաջադրվելու մասին դիմում՝ ուղղված Խորհրդի նախագահին,
2) անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) աշխատանքային, ներառյալ առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ (քաղվածք աշխատանքային գրքույկից կամ այլ փաստաթուղթ),
4) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
5) գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը,
6) գիտական կոչումը հավաստող վկայականի պատճենը (առկայության դեպքում՝ հավակնորդի ցանկությամբ),
7) հրատարակված գիտական աշխատանքների ցանկը (հավակնորդի ցանկությամբ),
8) կադրերի հաշվառման անձնական թերթիկը,
9) հավակնորդի կողմից ներկայացվող «ԵՊՀ գործունեության ծրագիրը»՝ թղթային և էլեկտրոնային կրիչով՝ փակ և ստորագրված ծրարի մեջ, որը բացվում է դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո,
10) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,
11) 3х4 սմ չափի 2 լուսանկար,
12) տեղեկանք՝ դատվածություն չունենալու և հետախուզման մեջ չգտնվելու վերաբերյալ,
13) հայտարարություն՝ առաջադրման ժամանակ որևէ կուսակցության անդամ չլինելու, քաղաքական զսպվածություն և չեզոքություն պահպանելու մասին,
14) հայտարարություն՝ նախընթաց 3 տարվա ընթացքում սնանկացման պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար չլինելու վերաբերյալ։
8. Հավակնորդի դիմումը և պահանջվող փաստաթղթերը, հանձնվում (ուղարկվում) են Խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստային ծառայության միջոցով։ Խորհրդի քարտուղարը ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն ընթացակարգի 7-րդ կետում ներկայացված ցանկին։
9. Փաստաթղթերի թերի լինելու դեպքում այդ մասին տեղեկացվում է դիմողին՝ փաստաթղթերի հանձնման պահին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստային ծառայության կամ էլ.փոստի միջոցով։ Թերությունները կարող են վերացվել դիմումների ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում։
Փոստային ծառայության միջոցով ուղարկված դիմումը՝ կից փաստաթղթերով, համարվում է ժամկետում տրված, եթե այն ստացվել է մինչև փաստաթղթերի ընդունման համար սահմանված ժամկետը լրանալը։
Փաստաթղթերի առձեռն հանձնման դեպքում, Խորհրդի քարտուղարը հավակնորդին տրամադրում է փաստաթղթերի հանձնումը հավաստող տեղեկանք, իսկ փոստային ծառայության միջոցով ստացման դեպքում՝ փաստաթղթերի ստացման մասին գրավոր ծանուցում է հավակնորդին։
10. Դիմումների ընդունման ժամկետի ավարտի հաջորդ օրը Խորհրդի քարտուղարը ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է Խորհրդի նախագահին, իսկ եռօրյա ժամկետում հավակնորդների անվանացանկը, ըստ ազգանունների այբբենական հերթականության, հրապարակում է ԵՊՀ ինտերնետային կայքում:
3. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Ռեկտորի մրցութային ընտրության անցկացման օրը, Խորհրդի նախագահը հրավիրում է Խորհրդի դռնփակ նիստ՝ ռեկտորի մրցութային ընտրության օրակարգով:
12. Ռեկտորի մրցութային ընտրության համար Խորհրդի նիստն իրավազոր է, եթե մասնակցում է Խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:
13. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն ընթացակարգի 27-րդ կետով նախատեսված որոշման:
14. Խորհրդի նիստին հավակնորդի ներկայությունը պարտադիր է, բացառությամբ գրավոր ինքնաբացարկ ներկայացնելու դեպքերի: Հավակնորդի բացակայության դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում նրա թեկնածությունը չքննարկելու ու քվեաթերթիկում չընդգրկելու մասին:
15. Խորհրդի նախագահողը ծրագրային ելույթի համար, ըստ ազգանունների այբբենական հերթականության, ձայն է տալիս հավակնորդներին: Ծրագրային ելույթների, հարցերի, պատասխանների, քննարկումների և եզրափակիչ ելույթների առավելագույն տևողությունը և վարման կարգը սահմանում է Խորհուրդը:
16. Յուրաքանչյուր հավակնորդի ծրագրային ելույթից հետո նախագահողի առաջարկությամբ Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ, ելույթ ունենալ ու ծավալել քննարկում՝ Խորհրդի կողմից հաստատված տևողությամբ և վարման կարգով: Վերջում հավակնորդին տրվում է ամփոփիչ ելույթի հնարավորություն:
17. Քննարկման ավարտից հետո ինքնաբացարկ չհայտնած հավակնորդների անուններն ընդգրկվում են քվեաթերթիկում:
18. Փակ, գաղտնի քվեարկություն անցկացնելու ու մրցութային ընտրության արդյունքներն ամփոփելու նպատակով Խորհրդի նախագահի առաջարկով, բաց հաստատմամբ, Խորհրդի անդամներից ընտրվում է երեք անդամից կազմված հաշվիչ հանձնաժողով:
Հավակնորդը չի կարող լինել հաշվիչ հանձնաժողովի անդամ:
19. Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ:
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
20. Հաշվիչ հանձնաժողովը պարտավոր է ապահովել մրցութային ընտրության գաղտնիությունն ու համապատասխանությունը սույն ընթացակարգի պահանջներին:
21. Մեկ հավակնորդի դեպքում քվեաթերթիկում նշվում է հավակնորդի անունը, «կողմ» ու «դեմ» բառերը (Հավելված 1):
22. Մեկից ավելի հավակնորդների դեպքում քվեաթերթիկում այբբենական կարգով նշվում են հավակնորդների անունները, վերջում՝ «բոլորին դեմ եմ» նշումը (Հավելված 2):
23. Խորհրդի յուրաքանչյուր անդամ ստորագրում է անվանացանկում ու ստանում է մեկ քվեաթերթիկ: Փակ, գաղտնի քվեարկությունից հետո քվեարկողը քվեաթերթիկը գցում է քվեատուփի մեջ և անմիջապես հեռանում է քվեարկության սրահից:
24. Վավեր է համարվում այն քվեաթերթիկը, որում.
1) միակ հավակնորդի քվեարկության դեպքում՝ քվեաթերթիկի «կողմ» կամ «դեմ» բառերից որևէ մեկի դիմաց կատարված է V նշումը.
2) մեկից ավելի հավակնորդների քվեարկության դեպքում՝ քվեարկված է միայն մեկ հավակնորդի կամ «բոլորին դեմ եմ» նշման օգտին (կատարված է V նշումը):
Քվեաթերթիկում այլ նշումների, ընդգծումների կամ նշանների առկայության դեպքում քվեաթերթիկը համարվում է անվավեր:
Քվեաթերթիկն անվավեր ճանաչելու որոշումը կայացնում է հաշվիչ հանձնաժողովը:
Եթե քվեաթերթիկն անվավեր ճանաչելն ազդում է մրցութային ընտրության արդյունքների վրա, և դրա առնչությամբ առկա է հանձնաժողովի անդամի հատուկ կարծիք, ապա այն անվավեր ճանաչելու հարցը քննարկում և համապատասխան որոշում կայացնում է Խորհուրդը:
25. Քվեարկությունն ավարտվելուց հետո հաշվիչ հանձնաժողովն ամփոփում է քվեարկության արդյունքները և կազմում արձանագրություն (Հավելված 3):
26. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը Խորհրդին ներկայացնում է քվեարկության արդյունքները, որի հիման վրա Խորհուրդն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) ռեկտորի պաշտոնում ընտրվելու մասին.
2) կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին.
3) մրցութային ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:
27. Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն հավակնորդը, որը ստացել է Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» քվեն:
28. Եթե հավակնորդների թիվը երեք կամ ավելի է, և որևէ մեկը չի ստացել Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» քվեն, ապա նույն նիստում, սույն ընթացակարգով սահմանված կարգով և նույն հաշվիչ հանձնաժողովի միջոցով կազմակերպվում է կրկնակի քվեարկություն, որին մասնակցում են առավելագույն «կողմ» քվեներ ստացած երկու, իսկ հավասար «կողմ» քվեների դեպքում՝ երկուսից ավելի հավակնորդները:
29. Մրցութային ընտրությունը համարվում է չկայացած, եթե.
1) մրցութային ընտրությանը մասնակցող միակ հավակնորդը չի ստացել Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» քվեն.
2) կրկնակի քվեարկության արդյունքում որևէ հավակնորդ չի ստացել Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» քվեն:
30. Խորհրդի որոշմամբ մրցութային ընտրությունը կարող է ճանաչվել անվավեր, եթե այն ընթացել է ՀՀ օրենսդրության, ԵՊՀ կանոնադրության և սույն ընթացակարգի էական խախտումներով:
Եթե էական խախտումները տեղի են ունեցել մինչև Խորհրդի նիստը, ապա մրցութային ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում Խորհուրդը հայտարարում է նոր ընտրություն:
Եթե էական խախտումները տեղի են ունեցել Խորհրդի նիստում կամ քվեարկության փուլում, ապա մրցութային ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում Խորհուրդը հայտարարում է նոր քվեարկություն:
31. Ռեկտորի պաշտոնում ընտրվելու մասին որոշման մեկ օրինակը Խորհուրդը ներկայացնում է հիմնադրին:
Ռեկտորի հետ աշխատանքային պայմանագիրը ստորագրում է Խորհրդի նախագահը` մրցութային ընտրության արդյունքները հիմնադրի կողմից հաստատվելուց հետո:
32. Ռեկտորի մրցութային ընտրության գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը կցվում են Խորհրդի նիստի արձանագրությանը և պահվում են ԵՊՀ-ում: