General information
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ) ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ԵՊՀ կրթական ծրագրերի մշտադիտարկման (մոնիթորինգի) և վերանայման կարգը (այսուհետ` կարգ) կանոնակարգում է բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման և պարբերական վերանայման գործընթացները։
2. ԵՊՀ կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման և պարբերական վերանայման գործընթացները կրթական ծրագրերի իրականացման փուլում դրանց որակի վերահսկման, ապահովման ու շարունակական բարելավման հիմնական մեխանիզմներից են:
3. Կարգը սահմանում է ԵՊՀ կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման և պարբերական վերանայման նպատակներն ու խնդիրները, դրանց ներկայացվող հիմնական պահանջները, կիրառվող ընթացակարգերը, հիմնական դերակատարներին ու համապատասխան ժամանակացույցները։
4. Կարգը տրամադրում է նաև կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման հաշվետվության ձևաթերթը, որում ներառված են հաշվետվության հիմնական բաժիններն ու ծրագրի կատարողականի արդյունքային ցուցանիշների կազմը։
5. Կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկումն իրականացնում են ԵՊՀ ուսումնական ստորաբաժանումները (ՈՒՍ՝ ֆակուլտետ, կենտրոն, ինստիտուտ)՝ բակալավրի ծրագրերի համար հնգամյա, իսկ մագիստրոսի ծրագրերի համար՝ եռամյա պարբերականությամբ։
6. Կրթական ծրագրերի պարբերական վերանայումը համաբուհական գործընթաց է, որի իրականացման պարբերականությունը որոշվում է սույն կարգով՝ հիմք ընդունելով ծրագրի կրթական մակարդակը (բակալավր/մագիստրոս), բնույթն (ակադեմիական/կիրառական) ու մասնագիտական ոլորտը։
7. ԵՊՀ կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման հաշվետվության ձևաթերթը ներկայացված է Հավելված 1-ում, ընթացակարգի սխեման` Հավելված 2-ում, իսկ ժամանակացույցը` Հավելված 3-ում:
2. ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
2.1. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Կրթական ծրագրերի մշտադիտարկումը որակի ապահովման ներբուհական գործընթաց է, որի նպատակն է գնահատել ծրագրերի իրականացման որակն ու համապատասխանությունը ծրագրի սահմանված նպատակներին ու կրթական վերջնարդյունքներին։ Մշտադիտարկման արդյունքը ծրագրի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների պլանի կազմումն ու իրականացումն է։
9. Մշտադիտարկման խնդիրներն են.
1) գնահատել ծրագրի և նրա բաղկացուցիչ դասընթացների նպատակների ու ակնկալվող կրթական վերջնարդյունքների ձեռքբերման մակարդակը,
2) գնահատել դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման գործընթացների արդյունավետությունը, ուսուցման մեթոդների ու տեխնոլոգիաների համապատասխանությունը կրթական վերջնարդյունքներին և կրթական արդի պահանջներին, բացահայտել ծրագրի ռեսուրսային կարիքները,
3) բացահայտել և վեր հանել ծրագրի ուժեղ ու թույլ կողմերը, թերություններն ու բացթողումները, իրականացման դժվարությունները՝ առաջարկելով անհրաժեշտ միջոցառումներ ծրագրի ու բաղկացուցիչ դասընթացների բարելավման համար,
4) վերլուծել ծրագրի քանակական ու որակական հիմնական բնութագրերը՝ արդյունքային ցուցանիշները (ընդունելություն, համակազմ, հեռացումներ, առաջադիմություն, կրթական վերջնարդյունքների ձեռքբերման մակարդակ, ուսանողների բավարարվածություն, շրջանավարտների զբաղվածություն և այլն) ու գնահատել որակի անկման միտումները, եթե այդպիսիք կան,
5) գնահատել կրթական ծրագրի որակի բարելավման նախորդ պլանի կատարողականը,
6) մշակել ծրագրի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների ու գործողությունների նոր պլան և ապահովել վերջինիս կատարումը։
10. Կրթական ծրագրերի մշտադիտարկումն իրականացվում է ուսումնական ստորաբաժանումներում (ֆակուլտետ, կենտրոն, ինստիտուտ) բակալավրի ու մագիստրոսի բոլոր գործող կրթական ծրագրերի համար, որոնք ունեն շրջանավարտներ։
2.2. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Կրթական ծրագրի մշտադիտարկումն իրականացնում է համապատասխան ուսումնական ստորաբաժանումը ծրագրի կրթական մակարդակի համար սահմանված պարբերականությամբ։ Գործընթացը մեկնարկում է ռեկտորի հրամանով ու իրականացվում սահմանված ժամանակացույցով (ԵՊՀ կրթական ծրագրերի մշտադիտարկման ընթացակարգի սխեման ներկայացված է Հավելված 2-ում, իսկ համապատասխան պայմանական ժամանակացույցը` Հավելված 3-ում):
12. Ուսումնական ստորաբաժանման ղեկավարը (ֆակուլտետի դեկան, կենտրոնի կամ ինստիտուտի տնօրեն) մշտադիտարկումն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր կրթական ծրագրի համար ձևավորում է մշտադիտարկման խումբ (ՄԽ)։
13. ՄԽ-ն բաղկացած է 6 անդամից՝ խմբի ղեկավար, 2 դասախոս, 2 ուսանող և 1 գործատու: Խմբի ղեկավարը տվյալ կրթական ծրագրի ղեկավարն է, որը ծրագրի իրականացման համար առանցքային դերակատարություն ունեցող դասախոսների կազմից առաջադրում է երկու անդամի: Խմբում պարտադիր ընդգրկվում են նաև ծրագրի ավարտական կուրսում սովորող, բարձր առաջադիմություն ունեցող երկու ուսանող ու հիմնական գործատու կազմակերպության 1 ներկայացուցիչ (ցանկալի է՝ վերջինս ներգրավված չլինի տվյալ ծրագրի իրականացման գործընթացում): Վերջիններիս առաջադրում է ուսումնական ստորաբաժանման ղեկավարը։
14. ՄԽ-ն առաջնորդվում է կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման սույն ընթացակարգով ու հաստատված ժամանակացույցով։
15. Գործընթացն սկսվում է նախորդ մշտադիտարկումից հետո կրթական ծրագրի իրականացման տվյալներից ստացված արդյունքային ցուցանիշների սահմանված կազմի հավաքագրմամբ ու վերլուծությամբ, ինչպես նաև նախորդ մշտադիտարկման բարելավման պլանի կատարողականի գնահատմամբ։
16. ՄԽ-ն մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմում է կրթական ծրագրի մշտադիտարկման հաշվետվությունը (ՄՀ)՝ ըստ համապատասխան ձևաթերթի (տե՛ս Հավելված 1)։
17. ՄՀ-ն ներառում է ծրագրի նախորդ մշտադիտարկման տվյալների հիման վրա կազմված բարելավման պլանի կատարողականի գնահատումն ըստ սահմանված ցուցիչների, ինչպես նաև ծրագրի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների պլանի նախագիծը հաջորդ շրջափուլի համար:
18. ՄԽ ղեկավարը ՄՀ-ն ու կից փաստաթղթերը ներկայացնում է ուսումնական ստորաբաժանման (ՈՒՍ՝ ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) գիտական խորհրդի որակի ապահովման հանձնաժողովի (ՈՒՍՈԱՀ) դիտարկմանը, որը համապատասխան եզրակացությամբ դրանք ներկայացնում է ՈՒՍ ղեկավարին։
19. Ուսումնական ստորաբաժանման ղեկավարը, հիմք ընդունելով ներկայացված մշտադիտարկման առանձին հաշվետվությունների արդյունքները, կազմում է իր ղեկավարած ստորաբաժանման բոլոր կրթական ծրագրերի մշտադիտարկման ամփոփիչ հաշվետվությունը և այն ներկայացնում ՈՒՍ գիտական խորհրդի դիտարկմանը։
20. ՈՒՍ գիտական խորհուրդը քննարկում է մշտադիտարկման ամփոփիչ հաշվետվությունը և ընդունում համապատասխան որոշում, որը ներառում է`
1) նախորդ մշտադիտարկման տվյալների հիման վրա կազմված որակի բարելավմանն ուղղված միջոցառումների պլանների կատարողականի գնահատականը,
2) հաջորդ երկու ուսումնական տարիների ընթացքում ծրագրերի բարելավմանն ուղղված միջոցառումների նոր պլանները, որոնք պետք է կատարվեն ՈՒՍ-ներում ու ամբիոններում,
3) ԵՊՀ վարչակազմին հասցեագրվող հիմնախնդիրները/հարցերը,
4) կրթական ծրագրերի մշտադիտարկման իրականացման ընդհանուր գնահատականը:
21. Ուսումնական ստորաբաժանման ղեկավարը ստորաբաժանման կրթական ծրագրերի մշտադիտարկման հաշվետվությունները, ամփոփ հաշվետվությունն ու ֆակուլտետի գիտական խորհրդի (ղեկավարության նիստի) ընդունած որոշումը ներկայացնում է ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) դիտարկմանը։
22. ՈԱԿ-ը ստուգում է ստորաբաժանումներից ստացված մոնիթորինգի հաշվետվությունների ու կից փաստաթղթերի` սահմանված պահանջներին համապատասխանությունը։ Անհամապատասխանության դեպքում դրանք վերադարձվում են ուսումնական ստորաբաժանմանը վերանայման համար։
23. Ներկայացված հաշվետվությունների վերլուծության հիման վրա ՈԱԿ-ը պատրաստում է ԵՊՀ կրթական ծրագրերի մշտադիտարկման համապարփակ զեկույցը, որը հիմք է՝ ՈԱԿ-ի կողմից կրթական ծրագրերի բարելավման պլանների իրականացումը վերահսկելու համար։
24. Մշտադիտարկման հատուկ ընթացակարգ է կիրառվում ռիսկային բնույթի կրթական ծրագրերի հետևյալ խմբերի համար.
1) նոր գործարկվող (իրականացման առաջին շրջափուլում գտնվող) ծրագրեր,
2) ծրագրեր, որոնք բացասական եզրակացություն են ստացել նախորդ մշտադիտարկման, պարբերական վերանայման կամ որակի արտաքին գնահատման/հավատարմագրման իրականացման ընթացքում,
3) ծրագրեր, որոնց վերաբերյալ ուսանողական հարցումները, շրջանավարտների բավարարվածության հարցումներն ու ֆոկուսխմբային հետազոտությունները (ՖԽՀ) արձանագրում են կրկնվող ցածր գնահատականներ,
4) ընդունելության, ռեսուրսային ապահովվածության և/կամ ուսումնական առաջադիմության կրկնվող ցածր ցուցանիշներով ծրագրեր:
25. Ռիսկային համարվող կրթական ծրագրերի մշտադիտարկումը նույնպես իրականացվում է սույն ընթացակարգով, սակայն կարճ պարբերականությամբ (երեք ու երկու տարին մեկ՝ համապատասխանաբար բակալավրի ու մագիստրոսի ծրագրերի համար)։ ՈԱԿ-ի զեկույցում առանձին կետով ներկայացվում է այդ ծրագրերը շարունակելու, վերանայելու կամ դադարեցնելու վերաբերյալ առաջարկություն։
26. Ռիսկային համարվող կրթական ծրագրերի մշտադիտարկման համապարփակ զեկույցը քննարկում է ԵՊՀ գիտական խորհուրդը:
27. Գիտական խորհուրդը, հիմնվելով ՈԱԿ-ի եզրակացությունների ու քննարկման արդյունքների վրա, ռիսկային համարվող կրթական ծրագրերի համար ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) ելնելով մշտադիտարկման արդյունքներից` կրթական ծրագիրը գնահատել բավարար ու շարունակել այն` միաժամանակ իրականացնելով մշտադիտարկման տվյալների հիման վրա մշակված որակի բարելավման գործողությունների պլանը,
2) ելնելով մշտադիտարկման արդյունքներից` կրթական ծրագիրը համարել պայմանական բավարար ու հանձնարարել ուսումնական ստորաբաժանմանը ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տրված ժամկետում շտկելու թերությունները կամ վերանայելու ծրագիրը,
3) ելնելով մշտադիտարկման արդյունքներից` ծրագիրը գնահատել անբավարար և սկսել դրա դադարեցման գործընթացը։
3. ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
3.1. ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
28. Կրթական ծրագրի պարբերական վերանայման նպատակն է ծրագրի իրականացման մի քանի շրջափուլերի արդյունքների հիման վրա գնահատել նրա արդիականությունը (ծրագրի նպատակների համապատասխանությունը աշխատաշուկայի արդի պահանջներին), շարունակման հիմնավորվածությունը (սոցիալական կարիքի առկայությունը` պահանջարկն աշխատաշուկայի ու ուսանողների կողմից), իրականացման փաստացի որակը, ինչպես նաև ընդունել որոշում ծրագրի հետագա շարունակման նպատակահարմարության կամ էական փոփոխությունների վերաբերյալ։
29. Վերանայման հիմնական խնդիրներն են.
1) վերագնահատել կրթական ծրագրի արդիականությունն ու պահանջարկը աշխատաշուկայում՝ հաշվի առնելով համապատասխան մասնագիտական ոլորտում գիտելիքի կիրառման առկա պրակտիկան, տեխնոլոգիական առաջընթացը, դասավանդման ու ուսումնառության մեթոդների զարգացումը և այլն,
2) ուսումնասիրել կրթական ծրագրում ներգրավված ուսանողների ու շրջանավարտների կարծիքները ծրագրի որակի վերաբերյալ, ինչպես նաև հիմնական գործատուների բավարարվածությունը ծրագրի շրջանավարտներից,
3) հաշվի առնել արտաքին ծրագրային պահանջների փոփոխությունները (օրինակ` որակավորումների ազգային, ոլորտային կամ եվրոպական շրջանակներ, միջազգային առարկայական կողմնորոշիչներ/բենչմարքներ, մասնագիտական, օրենսդիր ու ոլորտը կարգավորող համապատասխան կառույցների պահանջներ և այլն)՝ դրանց հետ համադրելով ծրագրի ներկայիս նպատակն ու կրթական վերջնարդյունքները,
4) համակողմանիորեն գնահատել կրթական ծրագրի իրականացման որակն ու ռեսուրսային ապահովվածությունը (դասախոսական, նյութական և այլն),
5) գնահատել կրթական ծրագրի կառուցվածքում ու իրականացման գործընթացում ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունների ազդեցությունը ծրագրի որակի վրա,
6) հաշվի առնել հավատարմագրող կամ արտաքին գնահատում իրականացնող կառույցների եզրակացությունները,
7) քննադատաբար վերլուծել կրթական ծրագիրը՝ դիտարկելով իրականացման ընթացքում նրա ուժեղ ու թույլ կողմերը, նախաձեռնել վերլուծությունից բխող ծրագրային փոփոխություններ,
8) հիմնավորել ծրագրի շարունակման, վերանայման կամ դադարեցման նպատակահարմարությունը։
3.2. ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
30. Կրթական ծրագրի ամբողջական գնահատումն ու պարբերական վերանայումը ապակենտրոնացված գործընթացներ են, որոնցում ներգրավվում են նաև արտաքին փորձագետներ։
31. Կրթական ծրագրի վերանայման պարբերականությունը որոշվում է ծրագրի իրականացման շրջափուլի սահմանված տևողությամբ ու հավատարմագրման գործողության ժամկետով, ծրագրի մասնագիտական ոլորտի զարգացման առաջընթացով և այլն։
32. Կրթական ծրագիրն անհրաժեշտ է վերանայել յուրաքանչյուր անգամ, երբ ծրագրի բովանդակային փոփոխությունները գերազանցում են նրա դասընթացների ընդհանուր աշխատածավալի 20 %-ը:
33. Վերանայման գործընթացն իրականացնում է համապատասխան ուսումնական ստորաբաժանումը։
34. ԵՊՀ կրթական ծրագրերի պարբերական վերանայման ընթացակարգն ամբողջությամբ համապատասխանում է «ԵՊՀ կրթական ծրագրերի հաստատման կարգում» նկարագրված կրթական ծրագրերի մշակման, ներքին փորձաքննության ու վերջնական հաստատման ընթացակարգերին (բացառությամբ ծրագրի մշակման արտոնման փուլի)։
ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
ԳԽ - գիտական խորհուրդ,
ԳԽ ՈԱՄՀ - ԳԽ որակի ապահովման մշտական հանձնաժողով,
ԵՊՀ - Երևանի պետական համալսարան,
ԿԾ - կրթական ծրագիր,
ԿՎ - կրթական վերջնարդյունք,
ՄԽ - մշտադիտարկման (մոնիթորինգի) խումբ,
ՄՀ - մշտադիտարկման (մոնիթորինգի) հաշվետվություն,
ՈԱԿ - Որակի ապահովման կենտրոն,
ՈՒՍ - ուսումնական ստորաբաժանում,
ՈՒՍՈԱՀ - ՈՒՍ գիտական խորհրդի որակի ապահովման հանձնաժողով,
ՖԽՀ - ֆոկուսխմբային հետազոտություն: