ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործելու է ցուցահանդես՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 106-ամյակին։
Տեղը
Երևանի պետական համալսարանը պարզապես ֆիզիկական տարածք չէ․ այն տարիների ընթացքում մարդկանց շարունակական ջանքով ստեղծված վայր է՝ յուրաքանչյուր համալսարանականի համար հագեցած հաջողությունների, ոգևորության, աշխատանքի, գիտելիք ստանալու, ընկերանալու, սիրահարվելու, բայց նաև ձախողման, գժտության, տխրության, հիասթափության մասին հիշողություններով։ Համալսարանի ամեն մի մասնաշենք, լսարան, դահլիճ, նստարան ու ծառուղի հիշողության բազմաթիվ թելերով կապված շրջանավարտների ամբողջություն է։
Ավանդույթը
Համալսարանը ստեղծվել է դժվարին պայմաններում՝ որպես մտավոր սուվերենության ակտ, որպես սեփական մտքի կենտրոնացման վայր ունենալու անհրաժեշտության գիտակցում։ Համալսարանը ստեղծել են մարդիկ, որոնք գիտակցել են այդ կենտրոնացման կարևորությունը։ Ավանդույթը գիտակցված կարևորի կրկնությունն է։ Տասնամյակներով համալսարան մուտք գործող մարդիկ, վերաիմաստավորելով կարևորը, փորձել են շարունակել համալսարանի հիմնադիրների գործը։
Գործը
Սովորել ու աշխատել, ստեղծել միտք, փոխանցել գիտելիք, բայց ամենակարևորը՝ հասկանալու և ըմբռնելու ճիգ գործադրել լսարանում, լաբորատորիայում, աշխատասենյակում, գրադարանում կամ թանգարանում։ 106 տարի է՝ համալսարանում ամեն օր՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո, անհատներ ու խմբեր ձևակերպում են հարցեր և փորձում գտնել դրանց պատասխանները։
Մարդիկ
Ուսանողները, դասախոսները, գիտնականներն ու կրթության կազմակերպիչները այս համալսարանի «տերերն» են։ Կյանքի տևական հատվածն այստեղ անցկացրած մարդիկ համալսարանի հետ են կիսել սեփական հույզերի ողջ ներկապնակը։ Նրանք կայացել են որպես գիտնական, դասախոս, մասնագետ ու քաղաքացի նաև այն պատճառով, որ եղել են այստեղ։ Համալսարան մուտք գործող մարդիկ, անկախ կարգավիճակից, ոգևորություն, հպարտություն ու պատասխանատվություն են զգացել՝ հասկանալով, որ այստեղ կա գործի ավանդույթ։
Կյանքը
Համալսարանական կյանքը միայն սովորելու և հետազոտելու մասին չէ․ եթե օրդ այստեղ է անցնում և կյանքդ այստեղ է, ապա ընկերներիդ, նախասիրություններդ ու հետաքրքրություններդ փորձում ես «տեղավորել» այս տարածքում։ Սպորտը, մշակույթը, կամավորությունը, ակտիվության տարբեր դրսևորումները դառնում են համալսարանական կյանք ու հագեցնում են առօրյան, խորացնում ավանդույթը, հետաքրքիր դարձնում գործն ու իրար կապում մարդկանց։
Ավար՞տ
Իհարկե, ավարտական քննություններից, ավարտական աշխատանքների պաշտպանությունից, ավարտական միջոցառումներից կարելի է ենթադրել, որ «ավարտ»-ը «շրջան»-ին հաջորդող միակ հնարավոր բառն է։ Սակայն ավարտելով համալսարանը՝ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունի դառնալու համալսարանական մեծ համայնքի մաս, շարունակելու իրեն դիտարկել որպես «համալսարանական շրջանի» մի մասնիկ։
Բարի վերադարձ․․․