- Main
- Node
- «Մաթևոսյանական ընթերցումներ-5» գիտաժողովին նորովի քննվեցին մեծանուն գրողի ստեղծագործությունները
May 14, 2025 | 15:23
Կոնֆերանսներ
Հասարակություն
Միջոցառումներ
«Մաթևոսյանական ընթերցումներ-5» գիտաժողովին նորովի քննվեցին մեծանուն գրողի ստեղծագործությունները
ԵՊՀ-ում կայացավ «Մաթևոսյանական ընթերցումներ-5» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված հայ արձակագիր, մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին: Գիտաժողովին ելույթներով և գիտական զեկուցումներով մասնակիցներն անդրադարձան գրողի գրական ժառանգությանը, ընդգծեցին ստեղծագործությունների արդիականությունը՝ վերարժևորելով գրողի ինքնատիպ դերն ու գործունեությունը։

Հրանտ Մաթևոսյանին գրական մեծ հռչակ բերեց նրա առաջին ստեղծագործություններից «Ահնիձոր» ակնարկը, որտեղ հեղինակն ընդդիմացել է անարդարությանը՝ քննադատելով գյուղի նկատմամբ տարվող քաղաքականությունը։ Այդ ակնարկի պատճառով էլ նա կրել է մի շարք զրկանքներ՝ հեռացվել է ինստիտուտից, աշխատանքից, իսկ թերթերին հանձնարարվել է նրա ստեղծագործություններից ոչինչ չտպագրել: Չնայած դրան՝ Հրանտ Մաթևոսյանը շարունակել է ստեղծագործել, իսկ ավելի ուշ նրա ստեղծագործություններից մի քանիսի հիմքով նկարահանվել են ֆիլմեր:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով «Մաթևոսյանական ընթերցումներ-5» խորագրով գիտաժողովի կազմակերպումը, մատնանշեց, որ այն նպատակ ունի հարգելու Հրանտ Մաթևոսյանի լուսավոր հիշատակը և շարունակելու արմատավորված ավանդույթը. «Հրանտ Մաթևոսյանն իր բնատուր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ յուրացրել է հայ և համաշխարհային գրականության ավանդներն ու արժեքները՝ ստեղծելով խոր կենսափիլիսոփայությամբ, ինքնատիպ կերպարներով ու հարուստ լեզվամտածողությամբ հատկանշվող իր գործերը»։
Խոսելով Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններից՝ նա ընդգծեց, որ դրանք իրենց գեղարվեստական որակով մոտեցել են համաշխարհային գրականության արժեքներին:

«Հրանտ Մաթևոսյանը միշտ խոր կապերով է կապված եղել ԵՊՀ-ի հետ, հաճախակի այցելել է համալսարան, հանդիպել ուսանողների և դասախոսների հետ, պատասխանել նրանց հարցերին: Իսկ գրական մի շրջափուլում՝ 1960-ականներին, երբ Հրանտ Մաթևոսյանի գործերը որոշակի ուժերի կողմից թիրախավորվում էին, համալսարանականներն իրենց սկզբունքային դիրքորոշմամբ հարձակումներից պաշտպանում էին նրա ստեղծագործությունները»,- ասաց ռեկտորն ու հավելեց, որ հետագայում էլ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները եղել են համալսարանի ուսումնական և գիտահետազոտական գործընթացների առանցքում, դասավանդվել համալսարանի ուսանողներին, իսկ դասախոսները գրել են նրա երկերին նվիրված գրականագիտական և լեզվաբանական բազմաթիվ գրքեր ու հոդվածներ:
Հովհաննես Հովհաննիսյանը հիշատակեց նաև, որ նախորդ 4 գիտաժողովների հոդվածները ԵՊՀ հրատարակչությունը հրատարակել է «Մաթևոսյանական ընթերցումներ» խորագրով ժողովածուների տեսքով:

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանն ընդգծեց, որ 20-րդ դարի մեծ արձակագիր, հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները մշտապես եղել են ԵՊՀ ուշադրության կենտրոնում. «Հրանտ Մաթևոսյանն իր կենդանության օրոք բազմիցս հյուրընկալվել է ԵՊՀ-ում: Այսօր էլ ուրախությամբ պետք է նշեմ, որ թե՛ բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում ունենք և՛ հատուկ, և՛ ընդհանուր դասընթացներ, որոնց շրջանակում դասավանդվում և ներկայացվում են մեծանուն գրողի ստեղծագործությունները»:
Դեկանը հիշատակեց, որ «Մաթևոսյանական ընթերցումներ» գիտաժողովն առաջին անգամ անցկացվել է 2005 թ.՝ նվիրված հայ մեծանուն գրողի ծննդյան 70-ամյակին. «Նա այդ ժամանակ արդեն մեզ հետ չէր։ Հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանի գլխավորությամբ նախաձեռնվեց «Մաթևոսյանական ընթերցումներ» գիտաժողովը, որը դարձավ ավանդական»:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ, Գավառի պետական համալսարանի, Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ԳԱԱ հետազոտողներ ու Հայաստանի գրողների միության անդամներ:
Զեկուցումներում ներկայացվեցին Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական առանձնահատկությունները, գրական-մշակութային շրջափուլերը, մայրիշխանության մաթևոսյանական հայեցակարգը, մահվան մոտիվը Մաթևոսյանի և Լև Տոլստոյի ստեղծագործութուններում, հակադրության սկզբունքը նրա կերպարակերտման մեջ և այլ թեմաներ: