ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Վանո Դադոյանի «Ձայն ազատության․ Հազարան բլբուլ» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված է հայկական հրաշապատում հեքիաթներից մեկի՝ «Հազարան բլբուլի» հոգևոր վերլուծությունը՝ համադրելով հայ ժողովրդի և այսօրվա հասարակության ամենաէական խնդիրների մեկնաբանության հետ:
Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Ա. Բաղդասարյանը՝ կարևորելով գրքի նշանակությունը։
Գրքի հեղինակ Վանո Դադոյանը, ներկայացնելով «Հազարան Բլբուլի» հոգևոր վերլուծությունը, ընդգծեց, որ գրքում նորովի է վերլուծում քաղաքակրթության զարգացման ընթացքը և ժամանակակից մոտեցումներ է ներկայացնում հայոց իմաստասիրական աշխարհընկալման ամբողջական գիտելիքների վերաբերյալ։ Այդ մոտեցումներին ծանոթանալը օգնում է ավելի մոտիկից հաղորդակցվելու մեր նախնյաց հոգևոր, իմաստասիրական ժառանգությանը, դառնալու դրանցում ամբարված խորքային իմաստասիրության և հոգևոր բարձրագույն արժեքների կրողը։
Ելույթներով հանդես եկան ֆակուլտետի պրոֆեսոր Ա. Մանասյանը, դոցենտ Հ. Հովհաննիսյանը, դոցենտ Ս.Պետրոսյանը, դոցենտ Ն.Ալավերդյանը և ֆակուլտետի ուսանողներ Արփի Շամոյանը, Մարիամ Սմոյանը և Ինես Խոսրովյանը։
Ելույթ ունեցողները նշեցին գրքի կարևորությունը մեր օրերում։ Սա մի փորձ է լսելու մեր ժողովրդի հոգևոր ձայնը, տեսնելու հեքիաթի խորքային խորհուրդները և միաժամանակ վերագտնելու մեր հոգևոր արմատների մոռացված կապը։
Երաժշտական կատարումով հանդես եկավ երաժիշտ-դաշնակահար Տիգրան Համասյանը:
Շնորհանդեսին մասնակցում էին նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և հյուրեր, այդ թվում՝ գրող, գրականագետ Բաբկեն Սիմոնյանը, պ.գ.թ. Կարեն Թոխատյանը, նկարիչ Արա Շահբազյանը (Հոլանդիա), «Ռե-Արրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Սպեղանի» երգչախմբի հիմնադիր Սարինա Աֆթանդիլյանը և ուրիշներ։