ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի՝ «Հեռուստալրագրության» շրջանավարտները ստացան լրագրության մագիստրոսի որակավորման ավարտական վկայականներ:
Հայաստանի հանրային հեռաուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շնորհավորեց ուսանողներին՝ հույս հայտնելով, որ «Հեռուստալրագրության» շրջանավարտները փորձառու մասնագետների անմիջական մասնակցությամբ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները լիարժեք կդրսևորեն մասնագիտական թե՛ գործնական, թե՛ հետազոտական ոլորտներում:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շրջանավարտներին մաղթեց արդյունավետ ընթացք և մասնագիտական հաջողություններ: Նա նշեց, որ գործնական աշխատանքներով գերհագեցած և հետազոտահենք «TV լաբ»-ի նպատակն է պատրաստել հեռուստալրագրողներ, որոնք հմտորեն կկիրառեն ոլորտի առաջադեմ փորձն ինչպես ավանդական, այնպես էլ առցանց հեռուստատեսությունում:
«Ամփոփելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ արդյունավետ գործակցության երկրորդ տարեշրջանը՝ կարող ենք հավաստել, որ փոխգործակցությունը բուհ-աշխատաշուկա կապի նոր հնարավորություններ է նախանշում: Արդյունքների մասին խոսում ենք հպարտությամբ, անելիքների և հնարավորությունների մասին՝ հավատով և վստահությամբ... Լիահույս ենք՝ երրորդ տարեշրջանը, որ կմեկնարկի ընթացիկ տարվա սեպտեմբեր 1-ին, արձանագրելու է ձեռքբերումներով լի նոր ընթացք»,- ամփոփելով իր խոսքը՝ նշեց ֆակուլտետի դեկանը:
«Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրի այս տարվա շրջանավարտ Լիանա Խաչատուրյանը, մատնանշելով ծրագրի առավելությունները, ասաց. «Մագիստրոսական ծրագիրն առանձնահատուկ էր գործնական դասաժամերով: Մեկ տարվա ընթացքում ակտիվ մասնակցել ենք Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող տարբեր հաղորդաշարերի աշխատանքներին, շփվել հեռուստատեսության աշխատակիցների հետ, նկարահանել հարցազրույցներ «Առավոտ լուսո» ծրագրի տաղավարում՝ ձեռք բերելով մասնագիտական համապատասխան փորձառություն և վարպետություն»:
«Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ փոխգործակցությամբ: Գործնական աշխատանքի վրա հիմնված կրթական այս ձևը նպատակ ունի պատրաստելու մեդիամասնագետների, որոնք կաշխատեն կադրում և կադրից դուրս՝ հմտորեն կիրառելով ոլորտի առաջադեմ փորձն ու լրագրողական նոր պրակտիկաները ավանդական և առցանց հեռուստատեսությունում: Մեկ տարի տևողությամբ այս ծրագրի ընթացքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի լսարաններում և լսարաններից դուրս՝ հեռուստատաղավարներում և խմբագրություններում կազմակերպվող դասընթացներն օգնում են ձեռք բերելու գործնական և հետազոտական հմտություններ՝ այսօրվա արագ փոփոխվող ու բազմապրոֆիլ թվային մեդիադաշտում հեռուստակարիերա վարելու նպատակով: