ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հրավերով ս.թ. հունիսի 12-26-ը մասնակցել է Պեկինի Ջիաոտոնգ համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարների շարքին:
Համալսարանականները գործուղման ընթացքում մասնակցել են տարբեր դասընթացների, որոնք վարում էին չինացի առաջատար մասնագետներն ու պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչները: Դասընթացների շրջանակում քննարկվել են տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի հետ համագործակցության նոր ուղիների հնարավորություններ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Բացի սեմինարներից՝ պատվիրակները գործուղման շրջանակում այցելել են մի շարք գիտակրթական կենտրոններ, առաջատար կազմակերպություններ, հետազոտական ինստիտուտներ ու պատմամշակութային վայրեր:
Պեկին կատարած այցի շրջանակում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Գոռ Պետրոսյանն այցելել է Ցինգուայի համալսարանի միջազգային և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն և հանդիպել կենտրոնի հետազոտող գիտաշխատողներ Վանց Ցինի, Չի Ջինի և Վանգ Տաոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետազոտական հետաքրքրքությունները, կրթական և գիտական համագործակցության հնարավոր ուղիները։
ԵՊՀ պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն խթանեց համագործակցության հաջորդ քայլերը՝ փոխադարձ այցելություններ, գիտաժողովներ, համատեղ նախագծեր և կրթագիտական ոլորտում գործակցության ընդլայնում: