Ծաղկաձորում կայացավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգություն և զարգացում» խորագրով ամառային դպրոցը:
Ժամանակակից աշխարհում ձևավորվող նոր մարտահրավերների ու սպառնալիքների կանխատեսման և կանխարգելման, պետության պաշտպանվածության, ազգային անվտանգության տարբեր բնագավառների հիմնախնդիրների արդյունավետ լուծմանն առնչվող հարցերի շուրջ բանախոսությամբ հանդես եկան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը, ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը, ՄՀՖ փոխդեկան, ք.գ.թ. Գոռ Պետրոսյանը, ՄՀՖ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Ժակ Մանուկյանը, պ.գ.թ., դոցենտ Գոռ Մարգարյանը:
Ս.թ. հուլիսի 11-13-ը տեղի ունեցած ամառային դպրոցի ընթացքում ուսանողները լսեցին դասախոսություններ հետևյալ թեմաներով՝ «Պատմությունը, աշխարհաքաղաքականությունը և անվտանգությունը Եվրոպայում», «Խաղաղության և զարգացման փոխկապակցվածությունը միջազգային օրակարգում», «Նոր իրողություններ և հին մարտահրավերներ. Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության կերպափոխումը», «Անվտանգությունը և լոգիստիկ դիվանագիտությունը հետխորհրդային տարածքում», «Իրանի գործոնը Հարավային Կովկասի արդի աշխարհաքաղաքական զարգացումներում»: Դասախոսությունների ընթացքում արծարծված թեմաների շուրջ ծավալվեցին մտքերի արդյունավետ փոխանակումներ, բովանդակային քննարկումներ, հնչեցին տարբեր տեսակետներ ու կարծիքներ:

Ուսանողները, խոսելով իրենց տպավորությունների մասին, ընդգծեցին ընկերական նոր կապեր ու ծանոթություններ հաստատելու, ինչպես նաև ծրագրի ընթացքում գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու հանգամանքները՝ փաստելով ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային հագեցվածությունը:
«Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Տոնյանը պատմեց իր տպավորությունների մասին. «Անվտանգություն և զարգացում» խորագրով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմակերպած ամառային դպրոցը հիանալի հնարավորություն էր, որը համախմբեց մեր ֆակուլտետի տարբեր բաժինների և տարբեր կուրսերի ուսանողների։ Հրավիրյալ բանախոսների ու ակտիվ քննարկումների շնորհիվ խորությամբ ուսումնասիրեցինք տարածաշրջանային մի շարք մարտահրավերներ։ Ամառային դպրոցի կայացմանը նպաստեց նաև ոչ ֆորմալ միջավայրը, որը պայմանավորված էր տեղի ընտրությամբ ևս»:
Դասընթացի մասնակիցներից Նինա Բլբուլյանը նշեց. «Մասնակցությունը ամառային դպրոցին միջազգային հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության և զարգացման հարցերում գիտելիքներս խորացնելու բացառիկ հնարավորություն էր. այն տվեց անմոռանալի օրեր ու նոր ծանոթություններ: Մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ էի դիմել: Կարող եմ ասել, որ սպասելիքներս արդարացան»:
«Ամառային դպրոցն առանձնացավ իր բովանդակալից քննարկումներով զարգացում և անվտանգություն թեմայի շուրջ։ Մասնակցությունն այս ծրագրին ոչ միայն հարստացրեց իմ գիտելիքները, այլև ամրապնդեց վստահությունս միջազգային համագործակցության կարևորության հարցում»,- ընդգծեց «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Ժաննա Գրիգորյանը:
Ուսանողները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին նման հնարավորության և հիշարժան օրերի համար՝ հույս ունենալով, որ նման ձևաչափով միջոցառումները շարունակական կլինեն:
«Անվտանգություն և զարգացում» խորագրով ամառային դպրոցն ինձ համար շատ հետաքրքիր ու օգտակար փորձ էր։ Այս օրերին մասնակցեցի հետաքրքիր բանախոսությունների, ձեռք բերեցի նոր գիտելիքներ և անմոռանալի տպավորություններ ստացա։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին նման հնարավորություն ստեղծելու համար»,- հավելեց «Հանրային կառավարում» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Կիմա Գևորգյանը:

Ծրագրի ավարտին ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին դրսևորած ակտիվության համար և հանդիսավորությամբ նրանց հանձնեց մասնակցության հավաստագրերը՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ հետագա նախաձեռնություններում:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, գրասենյակի ղեկավար, ք.գ.թ. Գոռ Պետրոսյանը նշեց. «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում արդեն ավանդույթ են դառնում ձմեռային և ամառային դպրոցները, որ անցկացվում են ֆակուլտետի ուսանողների մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով։ Այսպիսով ուսանողները հնարավորություն են ստանում համատեղելու հանգիստը գիտելիքների հարստացման հետ։ Ամառային դպրոցի շրջանակում ուսանողները Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կրթական ծրագրերում դասավանդող դասախոսների, նաև փորձագիտական համայնքի և քաղաքականություն մշակողների բանախոսություններին մասնակցելու հնարավորություն են ունենում։ Գիտելիք ձեռք բերելուց զատ՝ նման ձևաչափով հանդիպումներն ուսանողների համար հնավորություն են ստեղծում միմյանց ճանաչելու ոչ ֆորմալ միջավայրում, քանի որ այն և՛ մասնագիտական փորձի փոխանակման ու գիտելիքների հարստացման հարթակ է, և՛ ստեղծարարության զարգացման արդյունավետ միջավայր է: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կրթագիտական միջավայրի զարգացումը խթանող միջոցառումները շարունակական կլինեն և ակադեմիական նոր տարում կծավալվեն նոր թափով»։