ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում հուլիսի 10-ին անցկացվեց ամառային դպրոց՝ նվիրված արդիական մի թեմայի՝ «Ինչպե՞ս կրթել երջանիկ սերունդ»: Հանդիպման բանախոսն էր «Այբ» Դիլիջանի կենտրոնական դպրոցի տնօրեն Նաիրա Դալուզյանը, որը ներկայացրեց ժամանակակից կրթական մոտեցումները՝ շեշտադրելով ոչ միայն ակադեմիական, այլև երեխայի հուզական, սոցիալական ու ստեղծագործ զարգացումը: Միջոցառումը միավորեց կրթության ոլորտի մասնագետների, հայցորդների, ասպիրանտների և տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների՝ նպաստելով բովանդակալից քննարկմանն ու փորձի փոխանակմանը։
Ներկաներին և բանախոսին ողջունեց ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ն. Հարությունյանը՝ շեշտելով ելույթի թեմայի արդիականությունը և կարևորությունը կրթության համակարգում։ Նա ընդգծեց նաև Նաիրա Դալուզյանի դերը՝ որպես կայացած, իր գործունեության ասպարեզում հաջողությունների հասած որակյալ մասնագետ, որը «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ է։
Բանախոս Ն.Դալուզյանն իր ելույթում երեխայի երջանկության ֆենոմենը մեկնաբանեց տեսական դիտարկումներով և մանկավարժական գործունեության հարուստ փորձին անդրադառնալով։ Նրա խոսքով՝ «Այբ» Դիլիջանի կենտրոնական դպրոցը կրթության նոր որակի և ժամանակակից մոտեցումների վառ օրինակ է Հայաստանում։ Դպրոցը նպատակ ունի ոչ միայն փոխանցելու գիտելիքներ, այլ նաև կրթելու երջանիկ, նախաձեռնող, ստեղծարար և ինքնավստահ սերունդ։
Դպրոցի հիմնարար արժեքներն են՝ ազատ մտածողություն, ստեղծարարություն, համագործակցային միջավայրի զարգացում, անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտի։ Բանախոսի խոսքից պարզ դարձավ, որ «Այբ» դպրոցում կարևորում են ոչ միայն ակադեմիական հաջողությունները, այլև հուզական, հոգևոր և սոցիալական զարգացումը։ Յուրաքանչյուր աշակերտ ընկալվում է որպես ինքնուրույն անհատականություն, որի երջանկությունը և բարեկեցությունը առաջնային են։ Երջանիկ սերունդ կրթելու հիմքերը Ն. Դալուզյանը տեսնում է խթանող, բարեկիրթ, աջակցող կրթական միջավայր ստեղծելու մեջ, որտեղ մանկավարժական գործըթացը պետք է փոխօգնության, աջակցության և ստեղծարարության համաձուլվածք լինի։ Բանախոսը կարևորեց արվեստի դերը կրթական ստեղծարար միջավայր կառուցելու գործում և նկատեց, որ այն օգնում է երեխաներին ինքնաբացահայտվել, ակտիվացնել ներքին ռեսուրսները, առավել արդյունավետ հաղորդակցվել և ձևավորվել որպես ստեղծագործ անհատականություն։ Նա ընդգծեց հատկապես ստեղծարար խնդիրների, քննարկումների, նախագծային աշխատանքների կարևորությունը երեխայի հոգեհուզական, ակադեմիական, սոցիալական զարգացման տեսանկյունից։ Նաիրա Դալուզյանի խոսքով՝ «Այբ» դպրոցը խրախուսում է աշակերտներին մտածել ոչ միայն իրենց անձնական հաջողությունների, այլ նաև համայնքի, երկրի և հայրենիքի զարգացման մասին։ Աշակերտները ներգրավված են կամավորական, բնապահպանական և մշակութային տարաբնույթ ծրագրերում։
Բանախոսի ելույթին հաջորդեց քննարկում, որի ժամանակ ներկաները մասնագիտական կարծիքներ արտահայտեցին երեխայի երջանկությանը վերաբերող մանկավարժական կարևոր հիմնախնդիրները բացահայտելու, մատնանշելու, լուծման ուղիներ գտնելու շուրջ։
Հանդիպման ավարտին կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ն․ Հարությունյանը, Ն.Դալուզյանի ելույթը գնահատելով որպես հետաքրքիր, բովանդակալից, ինքնատիպ մոտեցումներով ու լուծումներով բանախոսություն, նկատեց, որ «Այբ» Դիլիջանի կենտրոնական դպրոցում կարևորվում է երջանիկ, ստեղծագործ և պատասխանատու սերունդ ձևավորելու առաքելությունը։ Այսպիսի մոտեցումը երեխաներին ամուր հիմք է տալիս հաջողակ և լիարժեք կյանք ունենալու համար։ Նա նշեց, որ չափազանց արդիական էին հարցերը, որոնք ամբողջական դարձրին քննարկումը, քանի որ դուրս բերված խնդիրների մասին պետք է բարձրաձայնել, խոսել, պատճառահետևանքային կապերը ուսումնասիրել, որոնք կնպաստեն երջանիկ սերունդ կրթելու գործընթացի արդյունավետության բարձրացմանը։