- Main
- Node
- ԵՊՀ-ն՝ Հայաստանում աստղագիտության զարգացման ակունքում. Վիկտոր Համբարձումյանի գիտական ժառանգությունը
April 06, 2026 | 14:30
Գիտություն
Կրթություն
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
ԵՊՀ-ն՝ Հայաստանում աստղագիտության զարգացման ակունքում. Վիկտոր Համբարձումյանի գիտական ժառանգությունը
Անվանի գիտնական Վիկտոր Համբարձումյանի անունը սերտորեն կապված է Երևանի պետական համալսարանի գիտական և կրթական պատմության հետ։ Նրա հայտնագործությունները տիեզերքի կառուցվածքի վերաբերյալ ոչ միայն ամրապնդեցին Հայաստանի դիրքը համաշխարհային գիտության ոլորտում, այլև ձևավորեցին գիտության հայկական դպրոցի հիմքը։
Վիկտոր Համբարձումյան և ԵՊՀ. գիտական զարթոնքի սկիզբ․․․
Դեռևս 1924 թ․ 15-ամյա Վիկտոր Համբարձումյանը Էյնշտեյնի թեորիայի մասին դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանում։ Հետագայում արդեն Վիկտոր Համբարձումյանը ոչ միայն դասավանդում էր համալսարանում, այլև գիտական հայտնագործություններ կատարում։ 1930-ականներից սկսած՝ նրա գիտական հետաքրքրությունները աստիճանաբար վերածվեցին խոր ուսումնասիրությունների, որոնք բարձր նշաձող սահմանեցին ԵՊՀ-ում աստղաֆիզիկայի զարգացման համար։
Հենց ԵՊՀ պատերի ներսում նա ձևավորեց գիտական այն դպրոցը, որը հետագայում հիմք դարձավ Բյուրականի աստղադիտարանի ստեղծման և հայկական աստղագիտության միջազգային ճանաչման համար։
«Եթե գիտության և տեխնիկայի բնագավառում մեր ժողովուրդը կարողանա առաջանալ մինչև մարդկության առաջին շարքերը, ապա հենց դրանով նա իր համար կստեղծի անսասանելի և անանց ազգային անկախություն»։
Վիկտոր Համբարձումյան
Գյուտեր, որոնք փոխեցին ժամանակակից աստղագիտությունը․․․
Վիկտոր Համբարձումյանի գիտական հայտնագործությունները փոխեցին ժամանակակից աստղաֆիզիկայի զարգացումը։ Նա մշակեց աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, հայտնագործեց աստղակույտերի աստիճանական քայքայման երևույթը և առաջադրեց աստղակույտերի տարիքի որոշման սկզբունքը։ Աստղային ասոցիացիաների տեսության շնորհիվ հաստատվեց, որ երիտասարդ աստղերը հաճախ ծնվում են խմբերով և ունեն ընդհանուր ծագում՝ առաջանալով միևնույն գազային ամպից։ Այդ գաղափարը արմատապես վերափոխեց աստղերի ձևավորման և տարածման մասին պատկերացումները։
Բացի դրանից՝ Համբարձումյանը առաջին գիտնականներից էր, որը խոսեց ակտիվ գալակտիկական միջուկների գոյության մասին։ Այս գաղափարը հետագայում դարձավ սև անցքերի տեսության և բարձր էներգետիկ երևույթների ուսումնասիրության առանցքային հիմք։
Նրա կատարած հետազոտությունները նոսր միջավայրերում ճառագայթման տարածման վերաբերյալ իրենց տեղն ունեն նաև ժամանակակից տիեզերագիտական վերլուծություններում։
Այս գաղափարները դարձան նորագույն տիեզերագիտության հիմքը։
ԵՊՀ-ում ձևավորված գիտական դպրոցը․․․
Համբարձումյանը ոչ միայն գիտնական էր, այլև կրթական տեսլականով առաջնորդվող մտավորական։ ԵՊՀ-ում նրա ջանքերով ձևավորվեց գիտական մի միջավայր, որտեղ խրախուսվում էին ստեղծագործական, քննադատական մտածողությունը և անկախ վերլուծական միտքը։
Նրա սաներից շատերն այսօր էլ շարունակում են հետազոտական աշխատանքներ կատարել Հայաստանում և արտերկրում։ Գիտնականի սահմանած գիտական չափանիշները, ուսուցման մեթոդները և գիտության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքն այսօր էլ առկա են համալսարանի ակադեմիական միջավայրում։
Նրա տեսլականն ապացուցում է, որ մեծ գիտությունը կարող է ծնունդ առնել հենց հայրենի կրթական հաստատությունում, երբ կա գաղափար, հանձնառություն և ստեղծագործական միտք։
«Ես ապրում եմ այն հույսով և սպասումով, որ երիտասարդ աստղագետների հաջորդ սերունդն իսկապես կկարողանա առաջ տանել այս գործը մեզնից էլ լավ»։
Վիկտոր Համբարձումյան
Ժառանգություն, որն ապրում է այսօր․․․
Այսօր ԵՊՀ ուսանողներն ուսումնասիրում են այն հիմնադրույթները, որոնք Վ․ Համբարձումյանի աշխատությունների հիմնասյունն են կազմում։ Նրա գաղափարներն ուսումնասիրվում են Ֆիզիկայի ինստիտուտի կրթական ծրագրերի շրջանակում, իսկ Բյուրականի աստղադիտարանը՝ ստեղծված հենց նրա ջանքերով, շարունակում է մնալ գիտության առաջատար կենտրոններից մեկը։
Վիկտոր Համբարձումյանի ներդրումը ոչ միայն գիտական էր, այլև ազգային։ Նա ապացուցեց, որ միջազգային մակարդակի գիտություն կարելի է զարգացնել նաև հայաստանյան իրականության մեջ՝ բարձրորակ կրթությամբ, հետևողականությամբ և տեսլականով։
Հավելենք, որ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում տեղադրված է Վիկտոր Համբարձումյանի բրոնզաձույլ կիսանդրին, որը խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում:







