ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «BostonGene» ամերիկյան առաջատար կենսատեխնոլոգիական ընկերության համագործակցությամբ ս.թ. սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ:
«BostonGene» ընկերության ներկայացուցիչներն ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին «Կենսաինֆորմատիկա և տվյալագիտություն ուռուցքաբանության մեջ» դասընթացի վերաբերյալ մանրամասներ։
Բանախոսը նշեց, որ «BostonGene»-ը մասնագիտացած է քաղցկեղային գոյացությունների, վերջիններիս միկրոմիջավայրերի համապարփակ վերլուծության մեջ: Ընկերությունը կիրառում է «Whole Exome Sequencing» (WES) և «RNA sequencing» (RNA-seq) տեխնոլոգիաները: Առաջատար կենսատեխնոլոգիական ընկերությունն ուռուցքաբաններին տրամադրում է գենետիկ և մոլեկուլային մանրամասն բնութագրեր, որոնք հնարավորություն են տալիս մշակելու անհատականացված բուժման ռազմավարություններ՝ հարմարեցված յուրաքանչյուր հիվանդի անհատական կենսաբանական նկարագրին։ «BostonGene»-ն մեկնարկում է մասնագիտական ուսուցման նոր ծրագիր՝ նախատեսված նրանց համար, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ ուռուցքաբանության ոլորտի զարգացման ու նորարարական լուծումների մեջ։
Գործընկեր կազմակերպությունների ներգրավվածությունն ուսանողների զարգացման համար ստեղծում է նոր հնարավորություններ՝ տրամադրելով հմտությունների զարգացման, փորձնական գիտելիքների և պրակտիկ համագործակցության հարթակներ։ Նմանատիպ համագործակցությունը նպաստում է ուսանողների՝ ժամանակակից աշխատաշուկայում մրցունակ լինելուն, ինքնավստահության աճին, նորարար մոտեցումների ընկալմանը:
«Կենսաինֆորմատիկա և տվյալագիտություն ուռուցքաբանության մեջ» դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հնարավորություն՝ միանալու «BostonGene»-ի մասնագիտական թիմին։
«Կենսաինֆորմատիկա և տվյալագիտություն ուռուցքաբանության մեջ» դասընթացին մասնակցելու համար հնարավոր է գրանցվել հետևյալ հղումով: