Երևանի պետական համալսարանը ս.թ. սեպտեմբերի 16-ին վերածվեց հնարավորությունների խաչմերուկի․ բուհի տարածքում «հանդիպեցին» գիտելիքը, փորձը և կարիերան։
Արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո» ցուցահանդեսն այս տարի նվիրված էր նոր ուսումնական տարվան և առաջինկուրսեցիների ընդունելությանը։ Էքսպոյի շրջանակում ստեղծվեցին արդյունավետ կապեր ակադեմիական միջավայրի և աշխատաշուկայի միջև՝ ուսանողներին կապելով իրական գործատուների, գործատուներին՝ ապագա մասնագետների, առաջինկուրսեցիներին՝ համալսարանական կյանքի հնարավորությունների հետ։

Կրթական և աշխատանքային հնարավորություններ, գործատուների, շրջանավարտների, ուսանողների և դիմորդների միջև արդյունավետ հաղորդակցություն, համապարփակ թեմատիկ քննարկումներ, բազմաթիվ հարցերի պատասխաններ․ ահա «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025»-ի առաքելությունն ու մեծ նպատակը։
Ցուցահանդեսն ուներ երկու հիմնական բաղադրիչ՝ կարիերայի և կրթության տոնավաճառ: Կարիերայի տոնավաճառում ներկայացված էին ԵՊՀ գործընկերները՝ ուսանողներին ծանոթացնելու փորձնակության, աշխատանքի հնարավորություններին, աշխատաշուկայի հիմնական միտումներին: Կրթության տոնավաճառում ներկայացված էին ԵՊՀ կրթական ստորաբաժանումները: Այստեղ էլ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական (SSԿՀ) կենտրոնն իր տաղավարի միջոցով դիմորդներին ծանոթացրեց կրթական ծրագրերին և հեռանկարներին։

Կենտրոնի տաղավարը ներկայացրեց իր բաժինների գործունեությունը խորհրդանշող հուշանվերներ, կազմակերպվեցին վիկտորինաներ։ Տաղավարի այցելուների հետաքրքրությունը բավական մեծ էր հատկապես կենտրոնի կազմակերպած ինտելեկտուալ խաղ-մրցույթներին մասնակցելիս։
Ուսանողները սիրով մասնակցեցին «Quizz_Tech» էլեկտրոնային խաղին, որի շրջանակում հաղթեցին ՏՏ ոլորտին վերաբերող հինգ հարցերից առնվազն երեքին պատասխանող մասնակիցները։ «IT_Legend» խաղը մասնակիցներից պահանջում էր տարբեր բարդության քարտերի վրա պատկերված ՏՏ ոլորտի ականավոր ներկայացուցիչների անվան գուշակում։ Հաղթողները ստացան կտրոններ, որոնք ԵՊՀ հուշանվերների և գործընկեր կազմակերպությունների տաղավարներում փոխանակվեցին համապատասխան նվերների հետ։
Կենտրոնի տաղավարն իրենց մասնակցությամբ պատվեցին նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը և ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Արմեն Սարգսյանը։

Կարիերայի տոնավաճառի շրջանակում հայաստանյան ավելի քան 38 լավագույն կազմակերպություններ բանկային, կապի, սպասարկման, արտադրական, արդյունաբերական, միջազգային զարգացման, պետական, մշակութային, գիտահետազոտական ոլորտներից այցելուներին ներկայացրին առկա աշխատանքային հնարավորությունները, խոսեցին իրենց ձեռքբերումներից, անցկացրին հարցազրույցներ, մրցույթներ՝ նպատակ ունենալով համալրելու իրենց աշխատակազմերը։
Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով՝ «Ethno Colors», «Darwin’s Project» երաժշտական խմբերի մասնակցությամբ։
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքպո-2025»-ը ուղենշեց ճանապարհ՝ սկսելու նոր երկխոսություն և բացահայտելու կարիերայի զարգացման նոր հնարավորություններ։ Սա միայն ցուցահանդես չէր, այլ հարթակ, որտեղ կրթությունն ու աշխատանքը հաղորդակցվում են՝ կառուցելով յուրաքանչյուրի ապագան։