- Main
- Node
- Մտածողության և անհատի խորհրդայնացումը 1920-1930-ականների Հայաստանում․ բանախոսություն ԵՊՀ-ում
September 22, 2025 | 16:22
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Քաղաքականություն
Մտածողության և անհատի խորհրդայնացումը 1920-1930-ականների Հայաստանում․ բանախոսություն ԵՊՀ-ում
ԵՊՀ պրոֆեսոր Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կայացավ «Մտածողության և անհատի խորհրդայնացումը 1920-1930-ական թվականների Հայաստանում. սոցիալ-մարդաբանական տեսանկյուններ» խորագրով բանախոսություն` նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առաջին մեկուկես տասնամյակում տեղի ունեցած հասարակական գործընթացներին։

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը բանախոսության ընթացքում ներկայացրեց 1920-1930-ականներին մարդկանց մտածողության մեջ տեղի ունեցող փոփոխությունները՝ պատմական ցնցումային իրադարձությունների ազդեցության ներքո:
Բանախոսության առաջին մասում Աղասի Թադևոսյանը խոսեց 1920-1921 թթ. ռազմական կոմունիզմի կարճատև, սակայն զգալի հետևանքներ թողած ժամանակաշրջանից: Անդրադառնալով այդ ժամանակ Հայաստանում կազմակերպվող պարենմասնատման գործընթացին՝ նա ասաց, որ դրա հիմնական նպատակը Հայաստանում գտնվող Կարմիր բանակին կերակրելն էր։

«Գյուղացիներին պարտադրվում էր իրենց անհրաժեշտ պարենը վերցնելուց հետո մնացածը հանձնել իշխանությանը՝ բանակի կարիքները հոգալու համար: Իսկ այդ ժամանակ Հայաստանում պարենի սարսափելի պակաս կար, հետևաբար դա արվում էր բռնի ուժով»,- ասաց Աղասի Թադևոսյանը։
Նա ընդգծեց, որ հենց այդ ընթացքում սկսվեց հասարակության պառակտումը՝ չքավորի ու պրոլետարիատի և մանրբուրժուական հատվածի, քանի որ մարդիկ գաղափարական ճնշման տակ էին պահվում։
«Շատ գյուղացիներ, որոնք կուլակի անվան տակ էին պիտակավորվում, փորձում էին իրենց ինքնությունը փոխել՝ ներկայանալով որպես չքավոր, որպեսզի կարողանային իրենց կյանքի խնդիրը լուծել: Նոր ձևավորվող հասարակությունում ինքնությունը, հատկապես դրա մասին խոսելն ու բարձրաձայնելը ոչ միայն կարող էին մարդու ու նրա ընտանիքի ապագան փոխել, այլև ընդհանրապես որոշիչ նշանակություն ունենալ կենդանի մնալու կամ չմնալու հարցում»,- նշեց բանախոսը։
Ըստ Աղասի Թադևոսյանի՝ Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրերի հիմնական խնդիրներից էին «նոր աշխարհի» և «նոր մարդու» ձևավորումը։ Իսկ «նոր աշխարհ» ասելով՝ բոլշևիկյան քարոզչությունը նկատի ուներ «անցյալի մնացուկ» համարվող բուրժուական և մանրբուրժուական դասակարգերի ոչնչացումն ու բացառապես պրոլետարական, այսինքն՝ աշխատավորական դասից բաղկացած հասարակության ստեղծումը, իրեն բնորոշ տնտեսական, քաղաքական, մշակութային ու հասարակական կառուցվածքով։

Բանախոսության ընթացքում ներկայացվեցին 1920-1936 թթ. հիմնական փուլերը՝ 1920-1921 թթ. ռազմական կոմունիզմի կարճատև, բայց զգալի հետևանքներ թողած ժամանակաշրջանը, 1921-1927 թթ. նոր տնտեսական քաղաքականության՝ ՆԷՊ-ի տարիները, երբ իշխանությունը հրաժարվեց պարենմասնատումից և թույլ տվեց գյուղացիներին ազատ զբաղվել տնտեսությամբ ու հարկեր վճարել, ինչպես նաև 1928-1936 թթ. ինդուստրիալիզացումն ու կոլեկտիվացումը, երբ գյուղացիական անհատ տնտեսություններից անցում կատարվեց կոլտնտեսությունների:
Աղասի Թադևոսյանը շեշտեց նաև, որ Հայաստանի կոմունիստական կուսակցության բոլոր առաջին քարտուղարները գնդակահարվել են 1936-37 թթ․՝ տարբեր պիտակավորումներով:
Բանախոսության ավարտին մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Աղասի Թադևոսյանին:
Նշենք, որ բանախոսությունն անցկացվեց ԵՊՀ-ի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի միջև համագործակցության շրջանակում: