Սեպտեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանում կայացավ արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո»-ն, որի նպատակն է ուսանողներին և դիմորդներին ներկայացնել տարբեր ֆակուլտետների գործունեությունը և կրթական հնարավորությունները։
Իրավագիտության ֆակուլտետի տաղավարը բառացիորեն եռում էր: Առաջինկուրսեցիները, ապագա դիմորդները, նույնիսկ մասնագիտական այլ կողմնորոշում ունեցող քաղաքացիներն ակտիվորեն և մեծ ոգևորությամբ մասնակցում էին կազմակերպված խաղ-մրցույթներին, վիկտորինաներին և անգամ գուշակում էին իրավաբանական նշանակության տերմիններ երգերի միջոցով: Տաղավարը մի քանի ժամով վերածվել էր կենդանի և ինտերակտիվ իրավունքի կենտրոնի:
Ֆակուլտետի ներկայացուցիչները հետաքրքրված ուսանողներին և ապագա դիմորդներին ներկայացնում էին մանրամասներ ընդունելության ընթացակարգերի, ինչպես նաև ԵՊՀ-ում իրավաբանական կրթության առանձնահատկությունների, իրավագիտության ֆակուլտետի կառուցվածքի և առանձին ստորաբաժանումների մասին։
Քաղաքացիները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի՝ տարբեր տարիներին հրատարակած բուհական դասագրքերին, ինչպես նաև ուսանողների՝ միջազգային, ներպետական մրցույթներում և դատախաղերում տարած հաղթանակների խորհրդանիշներին:
Ապագա մասնագետներին իրենց հնարավորությունների մասին լիարժեք տեղեկություններ փոխանցելուց զատ՝ նմանօրինակ միջոցառումները ընկալվում են նաև որպես խթան՝ երիտասարդների շրջանում իրավագիտության և արդարադատության նկատմամբ հետաքրքրության աճի տեսանկյունից, ինչը կարևոր պայման է իրավագիտակից հասարակության ձևավորման և պետության կայուն զարգացման համար։