- Main
- Node
- ԵՊՀ-ում կայացավ «Այլևս երբեք. hամեմատել՝ ընդգծելով առանձնահատկությունները» խորագրով միջազգային դասընթացը
September 30, 2025 | 10:43
Գիտություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում կայացավ «Այլևս երբեք. hամեմատել՝ ընդգծելով առանձնահատկությունները» խորագրով միջազգային դասընթացը
Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Այլևս երբեք. համեմատել՝ ընդգծելով առանձնահատկությունները» դասընթացը, որը կազմակերպվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի, ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ու Շոայի հուշահամալիրի (Փարիզ) համագործակցությամբ։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ցավով ընդգծեց, որ վերջին տարիներին անընդհատ համալրվում է ցեղասպանությունների ցանկը, և հիշատակեց Դարֆուրը, Հարավային Սուդանից մինչև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում կատարվող վայրագությունները։ Նա հատկապես շեշտադրեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումները, որոնք ստիպեցին ավելի քան 120 000 հայի լքել պատմական հայրենիքի տարածքը, որտեղ հազարամյակներ շարունակ կերտվել ու զարգացել է հայկական մշակույթը։ ԵՊՀ ռեկտորը մասնավորապես ասաց․ «Այս միջոցառման ծրագիրը, թեմաների ընտրությունը ցույց են տալիս, որ այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ցեղասպանությունների պատճառների իմացությունն ու հետևանքների քննարկումը, քանի որ խոսքը տասնյակ միլիոնավոր խեղված ճակատագրերի ու միլիոնավոր զոհերի մասին է»։
Ծրագրի շրջանակում ԵՊՀ պատմության, արևելագիտության, սոցիոլոգիայի և իրավագիտության ֆակուլտետների ուսանողները երեք օրվա ընթացքում ծանոթացան ցեղասպանությունների պատմության, հիշողության քաղաքականության և զանգվածային վայրագությունների կանխարգելման հիմնահարցերին։ Դասախոսությունների և աշխատարանների ընթացքում մասնակիցները քննարկեցին Հայոց ցեղասպանության, Արցախից բռնի տեղահանության, Շոայի, հակասեմիտիզմի, դավադրության տեսությունների և նացիստական հանցագործների թեմաները, որոնց շուրջ խոսեցին Ֆրանսիայից ժամանած, ինչպես նաև տեղի գիտնականները:
Մասնակիցների պատվին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպեց ընդունելություն, որի ընթացքում դեսպան Օլիվիե Դըկոտինյին հուշամեդալ շնորհեց հայտնի ցեղասպանագետ Իվ Տերնոնին, որի հետ ուսանողները հանդիպեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ: Իվ Տերնոնը, բացի ցեղասպանության ուսումնասիրություններում իր ներդրած ավանդից, համարվում է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ուսումնասիրությունների հիմնադիրներից մեկը:
Դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացան նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը:
Ծրագրի ավարտին ուսանողները ստացան մասնակցության հավաստագրեր: