- Main
- Node
- Միջազգային գիտաժողովի օրակարգում էին քվանտային տեխնոլոգիաներին և օպտիկային առնչվող թեմաները
September 30, 2025 | 19:10
Կոնֆերանսներ
Կրթություն
Միջազգային գիտաժողովի օրակարգում էին քվանտային տեխնոլոգիաներին և օպտիկային առնչվող թեմաները
Երևանի պետական համալսարանում ամփոփվեց «Օպտիկան և դրա կիրառությունները քվանտային տեխնոլոգիաներում» («Optics-QT») միջազգային գիտաժողովը, որը համախմբեց առաջատար գիտնականների՝ ներկայացնելու ոլորտի նորագույն հետազոտությունները և քննարկելու օպտիկայի դերը ժամանակակից քվանտային տեխնոլոգիաներում։

Օպտիկական գիտությունն ու քվանտային տեխնոլոգիաները ժամանակակից ֆիզիկայի առանցքային ուղղություններից են, որոնք կիրառություն ունեն քվանտային հաղորդակցության, հաշվարկների և սենսորային համակարգերի ոլորտներում։ Միջազգային համագործակցությունը այս ոլորտներում վճռորոշ դերակատարում ունի գիտելիքի փոխանակման, նորարարությունների և միջգիտակարգային հետազոտությունների խթանման տեսանկյունից։
Հաշվի առնելով Գերմանիայում և Հայաստանում օպտիկայի և քվանտային ֆիզիկայի բնագավառներում առկա բարձր մակարդակի փորձառությունն ու գիտական ներուժը՝ գիտաժողովի շրջանակում անցկացվեց «WE-Heraeus» միջազգային սեմինարը, որը երկու երկրների գիտնականներին բացառիկ հնարավորություն ընձեռեց ձևավորելու արդյունավետ համագործակցություն և կատարելու համատեղ հետազոտություններ։
ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, «Հեղուկ բյուրեղներ առաջադեմ կենսագիտության և չափիչ սարքերի համար» հեռավար լաբորատորիայի խմբի ղեկավար, գիտաժողովի կազմակերպական խորհրդի անդամ Մարգարիտ Հակոբյանը նշեց, որ Հայաստանը նշանակալի ներդրումներ ունի օպտիկական ու քվանտային հետազոտությունների ոլորտում, մասնավորապես տեսական ֆիզիկայի, լազերային տեխնոլոգիաների և ֆոտոնիկայի զարգացման գործում։
«Սույն սեմինարի նպատակն էր խթանել գիտական համագործակցությունը, ամրապնդել ակադեմիական կապերը և ստեղծել հարթակ՝ հիմնարար և կիրառական օպտիկայի վերջին զարգացումները քննարկելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով քվանտային տեխնոլոգիաներին»,- ընդգծեց նա։
Ըստ ԵՊՀ գիտաշխատողի՝ քվանտային գիտության և տեխնոլոգիաների միջազգային տարվա շրջանակում «WE-Heraeus» միջազգային սեմինարը կարևոր նախաձեռնություն էր, որը կնպաստի Գերմանիայում և Հայաստանում գործող առաջատար հետազոտական խմբերի միջև գործընկերային կապերի հաստատմանը։
«Օպտիկան և դրա կիրառությունները քվանտային տեխնոլոգիաներում» խորագրով գիտաժողովն անցկացվում է 2011 թվականից ի վեր՝ ամեն տարի: Այս տարի այն տեղի ունեցավ հայ-գերմանական «WE-Heraeus» համագործակցության շրջանակում։ Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ): Այնուհետև միջոցառումը շարունակվեց Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում։ Սեպտեմբերի 30-ին գիտաժողովն ամփոփվեց ԵՊՀ-ում։

Հնգօրյա գիտաժողովին մասնակցեցին միջազգային բազմաթիվ ինստիտուտների հեղինակավոր գիտնականներ։ Մասնակիցները ներկայացրին իրենց կատարած հետազոտական աշխատանքները։ Գիտական միջոցառումն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով, հարցուպատասխաններով:
Այս գիտաժողովը հատկապես կարևոր էր երիտասարդ գիտնականների համար։ Այսօրինակ գիտաժողովների շրջանակում նրանք ոգեշնչվում են և հնարավորություն ունենում ներկայացնելու իրենց հետազոտությունները, կիսվելու իրենց փորձով, քննարկելու արդիական խնդիրները և ձևավորելու նոր գաղափարներ՝ նպաստելով ոլորտի շարունակական զարգացմանը։
Գերմանացի գիտնական, պրոֆեսոր Դեյվիդ Բլաշկեն (Վրոցլավի համալսարան, Լեհաստան), որն զբաղվում էր գիտաժողովի կազմակերպական աշխատանքներով, մատնանշեց, որ թեև սեմինարը հիմնականում նվիրված էր օպտիկային և դրա կիրառություններին, այնուամենայնիվ ուներ նաև տեխնոլոգիական բաղադրիչ։

«Հպարտությամբ նշեմ, որ սա իր տեսակով եզակի միջոցառում էր, քանի որ մեզ հաջողվեց ստանալ գերմանական «Վիլհելմ և Էլզե Հերեուս» հիմնադրամի հովանավորությունն ու աջակցությունը։ Վերջերս այս հիմնադրամը նախաձեռնել էր երկու երկրների համագործակցությամբ անցկացվող սեմինարների համար ծրագիր, և մենք առաջարկեցինք ծրագրի շրջանակում անցկացնել Գերմանիա-Հայաստան համագործակցությամբ կազմակերպվող այս գիտական միջոցառումը»,- նշեց պրոֆեսորը։
Անդրադառնալով ԵՊՀ-ի հետ համագործակցությանը՝ պրոֆեսոր Դեյվիդ Բլաշկեն փաստեց, որ ունի երկարամյա կապեր ԵՊՀ-ի հետ։ Նրա ակադեմիական գործունեության մի մասը կապվում է Ռոստոկի համալսարանի հետ, որտեղ նա ստացել է իր գիտական աստիճանը։ Ըստ նրա՝ Ռոստոկի համալսարանը դեռ 1986 թվականից համագործակցում է ԵՊՀ-ի հետ՝ ուսանողների և պրոֆեսորադասախոսական համակազմի փոխանակման ծրագրերի շրջանակում։ Այդ համագործակցության շրջանակում էլ Դեյվիդ Բլաշկեն մի քանի անգամ այցելել է ԵՊՀ, ինչպես նաև Երևանից գիտնականների է հրավիրել Ռոստոկ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու և հետազոտություններ կատարելու նպատակով։
Նշենք, որ սեմինարի աշխատանքներին մասնակցել են ոչ միայն Հայաստանի առաջատար գիտնականները, այլև մասնագետներ Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և մի շարք այլ երկրներից։