- Main
- Node
- «Գիտության շաբաթ» փառատոնը՝ գիտական նվաճումների ներկայացման հարթակ․ ԵՊՀ-ն՝ գիտության փառատոնի մասնակից
September 30, 2025 | 20:08
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
«Գիտության շաբաթ» փառատոնը՝ գիտական նվաճումների ներկայացման հարթակ․ ԵՊՀ-ն՝ գիտության փառատոնի մասնակից
Ազատության հրապարակում մեկնարկեց «Գիտության շաբաթ» փառատոնը, որի նպատակն է հանրայնացնել գիտության և տեխնոլոգիաների ոլորտների նվաճումները։ Փառատոնին մասնակցում է նաև Երևանի պետական համալսարանը, մասնավորապես Ֆիզիկայի և Ֆարմացիայի ինստիտուտները, Կենսաբանության, Աշխարհագրության և երկրաբանության, Պատմության ֆակուլտետները, ՍԹԵՄ ավագ դպրոցը, Մարքեթինգի բաժինը:

Կարևորելով գիտության դերն ու նշանակությունը՝ համալսարանականները փառատոնի շրջանակում ներկայացնում են համալսարանի առավելությունները, ընձեռած լայն հնարավորությունները, միջազգային կապերն ու ԵՊՀ-ում կատարվող հետազոտությունները, պատմում գիտական աշխատանքի առանձնահատկությունների, առավելությունների մասին։ Բացի դրանից՝ ներկայացվում են գիտահետազոտական կենտրոնների ու լաբորատորիաների գործունեությունը, առկա հնարավորություններն ու տեխնոլոգիական նորարարությունները՝ փառատոնի մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու համալսարանական կյանքին։

«Ինչո՞ւ դառնալ գիտնական ու ճարտարագետ» թեմայի շրջանակում այցելուները ԵՊՀ տարբեր ֆակուլտետների և ինստիտուտների հետ բացահայտում են, թե ինչպես է համալսարանական կրթությունը ճանապարհ բացում դեպի գիտություն, նորագույն տեխնոլոգիաներ և նորարարություն, ինչպես նաև հնարավորություն տալիս բացահայտելու նոր հորիզոններ գիտության բնագավառում։
Այսօր՝ փառատոնի մեկնարկի օրը, համալսարանի տաղավարներում շրջեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։
Միքայել Հովհաննիսյանը, կարևորելով Երևանի պետական համալսարանի մասնակցությունն այսօրինակ միջոցառումներին, նշեց․ «Հայաստանում մեծապես կարևորվում է որակյալ մարդկային ռեսուրսների զարգացումը: Այս տեսանկյունից կրթությունը գերկարևոր առաջնահերթություն է, իսկ ԵՊՀ-ն, բնականաբար, այս առումով ամենաշատ ասելիքն ունեցող կրթական հաստատություններից մեկն է։ Արդեն երկրորդ տարին մասնակցելով գիտության այս յուրօրինակ փառատոնին՝ մենք փորձել ենք ինտերակտիվ եղանակով ներկայացնել տարբեր գիտակարգերի հնարավորինս լայն շրջանակ, որ բոլոր այցելուները գտնեն իրենց հետաքրքրող ոլորտին առնչվող որևէ բան: Մենք շարունակաբար մասնակցում ենք նման միջոցառումների, փառատոների և ունենք նաև մերը՝ «ԲանՈՒԳործ» էքսպոն»։

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի տաղավարում համալսարանականները ներկայացնում են ֆակուլտետի գործունեությունը, հիմնական կրթական ծրագրերը՝ «Աշխարհագրություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Սերվիս» և «Երկրաբանություն», դրանց առանձնահատկություններն ու ընձեռած հնարավորությունները։ Տաղավարում ներկայացված են, այսպես ասած, կրթական ծրագրերը բնութագրող հիմնական խորհրդանիշերը։ Օրինակ՝ «Երկրաբանություն» կրթական ծրագիրը ներկայացվում է երկրաբանական տարբեր նմուշների՝ ապարների և դրանց ներքին կառուցվածքին ծանոթանալու հիմնական գործիքի՝ միկրոսկոպի միջոցով։

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տաղավարում ներկայացված են ինստիտուտի գիտակրթական հնարավորությունները։ Մասնավորապես՝ ցուցադրվում են ինստիտուտի ուսանողների և դասախոսների պատրաստած դեղերը, տարբեր տեսակի դեղաձևերը, ինչպես նաև դրանց որակի հսկման մեթոդները: Բացի դրանից՝ մասնակիցները հնարավորություն ունեն սեփական ձեռքերով դեղահաբ պատրաստելու:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տաղավարում ներկայացվում են ինստիտուտի նյութագիտության և նանոտեխնոլոգիաների կենտրոնում մշակված սենսորները, խցիկը, որի միջոցով կատարվում են գիտափորձերը։ Ինստիտուտի ներկայացուցիչների խոսքով՝ սենսորները տեղադրվում են դրոնի վրա՝ CO₂-ի կոնցենտրացիան տարբեր բարձրություններում հետազոտելու նպատակով։ Տաղավարում ցուցադրված են նաև հեղուկ բյուրեղներ, որոնք փոխում են լույսի ճառագայթը։ Դրանից բացի՝ ինստիտուտի ներկայացուցիչներն անցկացնում են քուիզ, որին մասնակցելով և հաղթելով՝ այցելուները ստանում են մրցանակներ։ Ֆիզիկայի ինստիտուտի տաղավարում առկա է նաև միկրոսկոպ, որով հնարավոր է մանրամասնորեն ուսումնասիրել սենսորները։ Ըստ համալսարանականների՝ այս գործընթացը հատկապես հետաքրքրում է դպրոցականներին․ նրանք մոտենում են, դիտում գործընթացը, տարբեր հարցեր տալիս՝ ստանալով սպառիչ պատասխաններ։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը ևս ներկայացնում է ֆակուլտետի գիտահետազոտական կենտրոնների ու լաբորատորիաների հետազոտական ու գործնական աշխատանքները, գործունեությունը, առկա հնարավորությունները, տեխնոլոգիական նորարարությունները:
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի տաղավարում այցելուները ծանոթանում են դպրոցի ընդունելության կարգին, կրթական ծրագրերին՝ հնարավորություն ունենալով ՍԹԵՄ դպրոցի աշակերտներից լսելու ուսումնական գործընթացի մասին հետաքրքիր պատմություններ։
ԵՊՀ մարքեթինգի բաժնի տաղավարում այցելուները ծանոթանում են համալսարանի բրենդային ապրանքներին, մանրամասնորեն տեղեկանում բաժնի՝ համալսարանի հանրահռչակմանն ուղղված գործունեության նրբություններին ու առանձնահատկություններին։

Նշենք, որ Պատմության ֆակուլտետն առանձին տաղավարով կներկայանա վաղը՝ ներկայացնելով ֆակուլտետի առավելությունները, ընձեռած լայն հնարավորությունները և միջազգային կապերը։
Գիտության փառատոնը ևս մեկ հարթակ է՝ ներկայացնելու ԵՊՀ նորարարությունները, զարգացման նոր ծրագրերը, համալսարանում տեղի ունեցող բարեփոխումները, նոր, ժամանակակից միջավայրում սովորելու հնարավորությունները, միջազգային համագործակցությունների ընձեռած առավելությունները և հետաքրքրող այլ տեղեկություններ, որոնք փառատոնի մասնակիցներին կուղղորդեն իրենց մասնագիտական զարգացման հեռանկարը կապելու ԵՊՀ-ի հետ և իրազեկված լինելու ԵՊՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների մասին։
Հավելենք, որ «Գիտության շաբաթ» փառատոնն անցկացվում է «Գիտուժ» ծրագրի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ համախմբելով գիտությամբ հետաքրքրված բազմաթիվ մարդկանց։