ԵՊՀ դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիան մասնակցել է միջազգային համեմատական որակավորման փորձարկման (Proficiency Testing, PT) ծրագրին, որի նպատակն է գնահատել լաբորատոր վերլուծությունների ճշգրտությունը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
Փորձարկման շրջանակում անհրաժեշտ էր կատարել նմուշի քանակական և որակական վերլուծություն՝ կիրառելով բարձր արդյունավետությամբ հեղուկային քրոմատոգրաֆիայի (HPLC) մեթոդը։ Համաձայն PT ծրագրի պահանջների՝ լաբորատորիան կատարել է նմուշի նախապատրաստում, HPLC համակարգի կարգաբերում, չափումներ և արդյունքների գնահատում՝ ըստ ստանդարտացված արձանագրությունների։
Ստացված տվյալները համեմատվել են ծրագրի կազմակերպիչի կողմից սահմանված ընդունելի միջակայքերի և մասնակից լաբորատորիաների արդյունքների հետ։ ԵՊՀ լաբորատորիայի կողմից ներկայացված արդյունքները տեղավորվել են ընդունելի սահմաններում՝ ստանալով «Satisfactory» (գոհացուցիչ) գնահատական։
Այս արդյունքը վկայում է, որ լաբորատորիան՝
- կիրառում է ճշգրիտ և վերարտադրելի մեթոդներ,
- ունի տեխնիկական և մասնագիտական պատրաստվածություն,
- համապատասխանում է միջազգային որակի վերահսկման չափանիշներին։
PT փորձարկման հաջող արդյունքը ոչ միայն հաստատում է լաբորատորիայի վերլուծական կարողությունները, այլև ընդգծում դրա դերը ԵՊՀ գիտաուսումնական և հետազոտական ներուժի ամրապնդման գործում։ Այն վկայում է լաբորատորիայի պատրաստակամության մասին՝ գործել միջազգային չափանիշներին համապատասխան, ապահովել վերլուծությունների որակական վերահսկում և նպաստել դեղագործական ոլորտում վստահության բարձրացմանը։
Լաբորատորիան շարունակելու է ակտիվ մասնակցությունը միջազգային համեմատական որակավորման փորձարկման ծրագրերին՝ ընդլայնելով կիրառվող մեթոդաբանությունների շրջանակը և զարգացնելով համագործակցությունը ոլորտի առաջատար կառույցների հետ։