ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և «Վիրահայերի միություն» հասարական կազմակերպության համատեղ ջանքերով Մշակույթի կենտրոնի դահլիճում անցկացվեց Մարիամ Առաքելովայի «Փարաջանովի ռեքվիեմ» ալբոմի շնորհանդեսը՝ նվիրված Սերգո Փարաջանովի անվան ստեղծագործական մրցույթի 10-ամյակին։
Ալբոմում ներառված են Սերգո Փարաջանովի անվան ստեղծագործական մրցույթի տարբեր տարիների հաղթող և աչքի ընկած աշխատանքները։
Վիրահայերի միության նախաձեռնությամբ Սերգո Փարաջանովի անվան ստեղծագործական ամենամյա մրցույթն անցկացվում է 2015 թվականից և նպատակ ունի երիտասարդ սերնդին իրազեկելու համաշխարհային հռչակ վայելող կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ժառանգության մասին, խորացնելու հայ-վրացական հարաբերությունները, խթանելու մշակույթների միջև երկխոսությունը և ցուցադրելու Վրաստանի մշակութային բազմազանությունը։
Միջոցառման գլխավոր նպատակներից մեկն էր նաև ԵՊՀ ուսանողներին իրազեկել և ոգեշնչել՝ մասնակցելու «Փարաջանովի ռեքվիեմ» ստեղծագործական մրցույթին։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Սարգիս Հովսեփյանն ընդգծեց այսօրինակ մրցույթների կարևոր նշանակությունը։ Նրա խոսքով՝ այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն բացահայտում են տաղանդավոր մարդկանց, այլև միավորում են ստեղծագործական ոգիները, նոր հարթակներ են ստեղծում սեփական կարողությունները զարգացնելու համար։ Սարգիս Հովսեփյանը հույս հայտնեց, որ նմանատիպ մրցույթները կդառնան անխախտ ավանդույթ և կլինեն շարունակական։
Այնուհետև ելույթ ունեցավ Վիրահայերի միության նախագահ Մարիամ Առաքելովան, որն ավելի մանրամասն պատմեց «Փարաջանովի ռեքվիեմ» մրցույթի և կատալոգի ստեղծման մասին։ Նշելով, որ մրցույթն ունի մեծ նշանակություն ոչ միայն որպես արժեքավոր նախաձեռնություն, այլև որպես մեր մշակութային ժառանգության վերարժևորման և պահպանման կարևոր հարթակ, նա ընդգծեց մրցույթի գեղարվեստական բարձր մակարդակը և երիտասարդ տաղանդների ակտիվ մասնակցությունը։
Մարիամ Առաքելովան վստահություն հայտնեց, որ այս նախաձեռնությունը կխթանի հայանպաստ մշակութային կապերի զարգացումը։
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախկին տնօրեն Կարինե Դավթյանն արժևորեց Վիրահայերի միության հետ ԵՊՀ գործակցությունը՝ կարևորելով այդ գործակցության շրջանակում տարիներ շարունակ մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանն ուղվված անփոխարինելի ջանքերը։
Նշենք, որ միջոցառմանը պարային և երաժշտական կատարումներով հանդես եկան ԵՊՀ աղջիկների պարային համույթը և «YSU band»-ը։
