ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ս.թ. հոկտեմբերի 10-12-ը տեղի ունեցավ «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 10-րդ գիտաժողովը։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի և «Հայաստանի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպված «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» միջազգային 10-րդ գիտաժողովը դարձավ տարբեր երկրների ճանաչված հոգեբանների համախմբման յուրօրինակ հարթակ:
Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին ժամանակակից հոգեբանության մարտահրավերներն ու հիմնախնդիրները՝ խթանելով գիտական փորձի փոխանակումն ու մասնագիտական համագործակցության ընդլայնումը։
Եռօրյա գիտաժողովի ընթացքում տեղի են ունեցել պանելային նստաշրջաններ, սեմինարներ, բանախոսություններ և ստենդային զեկուցումներ։
Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ ԵՊՀ-ն աստիճանաբար ձևավորվում է որպես միջազգային խոշոր հարթակ՝ գիտական քննարկումների և գաղափարների փոխանակման համար։ Այս միջոցառումը խորհրդանշում է տասը տարվա արդյունավետ համագործակցություն, արժեքավոր գիտական երկխոսություն և հոգեբանական գիտության զարգացմանն ուղղված անսասան նվիրվածություն։ Այն բացառիկ հնարավորություն է երիտասարդ հոգեբանների և ուսանողների համար՝ ծանոթանալու կիրառական մեթոդներին ու գիտելիքը գործնականում կիրառելու փորձին։ Տեսության և պրակտիկայի միջև եղած բացը լրացնելը շարունակում է լինել ապագա մասնագետների կրթության կարևորագույն նպատակներից մեկը։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը հիշեցրեց, որ առաջին գիտաժողովը կայացել է դեռևս 2007 թվականին։ Այս նախաձեռնությունը դարձել է գեղեցիկ ավանդույթ՝ միավորելով տարբեր ոլորտների հոգեբանների՝ նոր գաղափարներ, հետազոտական արդյունքներ և գործնական ձեռքբերումներ ներկայացնելու համար։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը կարևորեց հոգեկան առողջության պահպանման, բարելավման դերն ու նշանակությունը՝ ընդգծելով, որ նախարարությունը հետևողական քայլեր է իրականացնում այդ ոլորտում արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Ֆորդհեմի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Հարոլդ Թակուշյանը գիտաժողովը գնահատեց որպես միջազգային համագործակցության, գիտական երկխոսության և փորձի փոխանակման նշանակալի հարթակ։
Նա ընդգծեց, որ մեծ է սփյուռքահայ մասնագետների դերը համաշխարհային հոգեբանության զարգացման գործում․ «Հայկական սփյուռքում կան հոգեբանության ոլորտի բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ։ Վկայությունն այն է, որ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի 54 ստորաբաժանումներից ավելի քան կեսը ղեկավարում են հայեր»։
Գիտաժողովի ընթացքում Ամերիկայի հայկական վարքաբանական ասոցիացիայի մեդալներով պարգևատրվեցին ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի (ՌԴ) պրոֆեսոր Վիկտոր Ալախվերդովը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և «Ուրարտու» համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը։
«Հայաստանի հոգեբանության դեսպան» մեդալներով պարգևատրվեցին Վիկտոր Ալախվերդովը և Հարոլդ Թակուշյանը՝ ի նշան գիտաժողովի կազմակերպմանն ունեցած կարևոր ներդրումի։
Եռօրյա գիտաժողովի հագեցած օրերի ընթացքում տեղի ունեցան թեմատիկ 8 նստաշրջան-քննարկումներ, ստենդային զեկուցումներ, 4 աշխատարան։ Ավելի քան 15 երկրներից ժամանած հյուրերը գիտաժողովի ավարտին ցանկություն հայտնեցին 2 տարի հետո կրկին մասնակցելու արդեն ավանդույթի վերածված միջոցառմանը։
 
 
         
         
         
         
         
         
         
         
        








 
          