- Main
- Node
- «100 տարի անց․ Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով». ԵՊՀ-ում մեկնարկեց եռօրյա գիտաժողովը
November 05, 2025 | 13:16
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
«100 տարի անց․ Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով». ԵՊՀ-ում մեկնարկեց եռօրյա գիտաժողովը
ԵՊՀ-ում մեկնարկեց նորվեգացի գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի և նրա հանձնախմբի՝ Հայաստան այցելության 100-ամյակին նվիրված «100 տարի անց․ Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» վերտառությամբ միջազգային եռօրյա գիտաժողովը, որը կազմակերպվել է «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» ՀՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով Ֆրիտյոֆ Նանսենի բացառիկ տեղն ու դերը հայ ժողովրդի պատմության մեջ, ասաց․ «Նա ոչ միայն իր մարդասիրական գործունեությամբ օգնեց հազարավոր հայ գաղթականների, այլև միջազգային հարթակներում բարձրաձայնեց մեր ժողովրդի իրավունքների ու գոյության հարցը։ Նրա անունը դարձել է մարդասիրության, արդարության և բարեկամության խորհրդանիշ»։
Հովհաննես Հովհաննիսյանը հիշատակեց, որ 1925 թ. հունիսի 19-ին Նանսենն այցելել է Երևանի պետական համալսարան՝ այն ժամանակ դեռ նորաստեղծ, բայց մեծ գաղափարներով և հստակ տեսլականով բուհ։
Իր հուշերում այս այցի մասին Նանսենը գրել է. «Այն մի գեղեցիկ շենք էր կենտրոնական փողոցի վերջում՝ հրաշալի այգով շրջապատված... Համալսարանը նոր էր հիմնադրվել և նոր պետք է զարգանար, բայց հակառակ մեծ դժվարություններին՝ շատ բան էր արված։ Ռեկտորը, ողջույնի խոսք ասելով, հրապարակեց ինձ համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու մասին որոշումը»։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ այդ որոշմամբ Ֆրիտյոֆ Նանսենը դարձավ Երևանի պետական համալսարանի առաջին պատվավոր դոկտորը։
«Սա խորհրդանշականորեն փաստում է համալսարանի հավատը մարդասիրական արժեքների, գիտության, միջազգային համագործակցության և խաղաղության գաղափարների նկատմամբ։ Մեկ դար անց Երևանի պետական համալսարանը շարունակում է հավատարիմ մնալ Նանսենի գաղափարական ժառանգությանը՝ կրթության և գիտության միջոցով խթանելով հումանիզմը, միջմշակութային երկխոսությունը և միջազգային համագործակցությունը»,- մատնանշեց նա։
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի տնօրեն Ժորա Հակոբյանն էլ նշեց, որ այս գիտաժողովը հարյուր տարի անց ևս մեկ անգամ ուղենշում է այն ճանապարհները, որոնք նախատեսված են հայոց իրականության զարգացման համար։
«Նանսենը 100 տարի առաջ եկել էր Հայաստան՝ փնտրտուքների, ելքեր գտնելու համար, որ հայ ժողովուրդն իր հայրենիքում ապրի բարվոք կյանքով: Եվ 100 տարի անց՝ նորանկախ պետականության այս ժամանակաշրջանում, մենք այսկերպ մեր երախտիքի խոսքն ենք հայտնում Ֆրիտյոֆ Նանսենին իր գործադրած այն ջանքերի համար, որոնց արդյունքները շոշափելի են ՀՀ ողջ տարածքում»,- ասաց նա:
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի տնօրենը ԵՊՀ ռեկտորին հանձնեց 1925 թ. ԵՊՀ-ում Ֆրիտյոֆ Նանսենին պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու փաստաթղթի կրկնօրինակը: Այդ փաստաթղթի բնօրինակը թվային տարբերակով ձեռք էր բերել Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը՝ Նորվեգիայի ազգային գրադարանի հազվագյուտ գրքերի և անձնական արխիվների համակարգող Աննե Մելգարի միջոցով:
Ժորա Հակոբյանը փաստեց նաև, որ Նանսենը ԵՊՀ-ի հետ կապի մեջ է եղել Հայաստանից մեկնելուց հետո, և իր երախտագիտությունը հայտնել է նաև 1928 թ., երբ իր մակագրությամբ «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» գիրքն ուղարկել է համալսարան:
Գիտաժողովի շրջանակում ընդգծվեց, որ 1925 թ. Ֆրիտյոֆ Նանսենը Հայաստան էր եկել գյուղատնտեսական ծրագրեր իրականացնելու համար՝ նպատակ ունենալով հնարավոր դարձնելու Հայաստանում մեծ թվով գաղթականներ տեղավորելու հարցը:
Այս համատեքստում մեջբերվեցին նաև Նանսենի խոսքերը. «Պետք է ձգտել այնպես անել, որ աշխարհում չլինի ոչ մի արտ, խաղողի այգի կամ պարտեզ, որ ջրի կարիք ունենա: Այդ ժամանակ մարդիկ կլինեն երջանիկ, հզոր, և կմեռնի նախանձը, իսկ աշխարհը կծաղկի»:
Առանձնացվեցին նաև Ֆրիտյոֆ Նանսենի խոսքերը՝ ուղղված ուսանողներին, և շեշտվեց, որ նա մեծ ուշադրություն է դարձրել ուսանողների կյանքին ու կրթությանը:
«Դուք բոլորդ ապագա հետազոտողներ եք լինելու տարբեր բնագավառներում։ Կատարե՛ք ձեր աշխատանքն ամբողջությամբ, մի՛ հանձնվեք և մի՛ համարեք այն ավարտված այնքան ժամանակ, մինչև կզգաք, որ դրանից ավելին այլևս հնարավոր չէ անել»,- ասել է Նանսենը:
Միջազգային գիտաժողովին ելույթներով հանդես եկան ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ հետազոտողներ, գիտնականներ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ինչպես նաև արտերկրից ժամանած անվանի նանսենագետ-գիտնականներ:
Հավելենք, որ միջազգային գիտաժողովը կամփոփվի ս․թ․ նոյեմբերի 7-ին:




