- Main
- Node
- Հայագիտության ռահվիրան․ ԵՊՀ-ում անցկացվեց «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը
November 05, 2025 | 14:05
Կոնֆերանսներ
Կրթություն
Հայագիտության ռահվիրան․ ԵՊՀ-ում անցկացվեց «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր ականավոր հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի ծննդյան 160-ամյակին։
Լեզվաբան, գրականագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Մանուկ Աբեղյանի 200 աշխատություններում ներկայացված են հայոց լեզվի գրեթե բոլոր բնագավառներին առնչվող ուսումնասիրությունները: Դրանք վերաբերում են հայոց լեզվի ուղղագրությանը, հնչյունաբանությանը, բառագիտությանը, ձևաբանությանը, տաղաչափությանը:
Նա ուսումնասիրել է նաև գրաբարի քերականությունը, միջին հայերենով գրված ժողովրդական ստեղծագործությունների լեզուն, կազմել բառարաններ և այլն: Նրա լեզվաբանական կարևոր մենագրություններն են՝ «Աշխարհաբարի քերականություն» (Վաղարշապատ, 1906), «Աշխարհաբարի շարահյուսություն» (Էջմիածին, 1912), «Հայոց լեզվի տեսություն» (Եր., 1931, 1965), «Հայոց լեզվի տաղաչափություն» (Եր., 1933): Մ. Աբեղյանը զբաղվել է նաև հայ ժողովրդական բանահյուսությամբ․ հավաքել, ուսումնասիրել և հրատարակել է ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ:
Լեզվաբանին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացումը դարձել է յուրօրինակ ավանդույթ․ արդեն հինգերորդ անգամ անցկացվող գիտաժողովի շրջանակում ելույթ ունեցան և զեկուցումներով (անցանց և առցանց) հանդես եկան ինչպես արտերկրի գիտնականները, պրոֆեսորներն ու լեզվաբանները, այնպես էլ հանրապետության այլ համալսարանների և գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչները՝ ներկայացնելով Մանուկ Աբեղյանի գիտական ժառանգությանը նվիրված հետազոտությունները, ինչպես նաև ժամանակակից լեզվաբանության արդիական խնդիրներին նվիրված աշխատանքները։
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա բարձր գնահատեց Մ․ Աբեղյանի մեծածավալ գիտական ժառանգությունն ու նրա դերը հայագիտության զարգացման գործում։
«Հատկանշական է, որ ԵՊՀ-ում ձևավորվել է Մանուկ Աբեղյանի վաստակը վերարժևորող այսպիսի ավանդույթ։ Մենք մեր մեծանուն գիտնականների, հետազոտողների, հայագետների հիշատակը վառ ենք պահում հենց այսօրինակ գիտական միջոցառումների միջոցով՝ այսպիսով երիտասարդ սերնդին փոխանցելով նրանց թողած գրական ու գիտական ժառանգությունը։ Խորաթափանց քննական մտքով, երկաթյա տրամաբանական դատողություններով ու բազմաբեղուն աշխատասիրությամբ օժտված գիտնականը, հայոց լեզուն, առավելապես՝ գրական հայերենը, հայ հին և միջին դարերի մատենագրությունը, ինչպես նաև ժողովրդական բանահյուսությունը դարձնելով իր ուսումնասիրությունների առարկա, ստեղծել է մեծարժեք աշխատություններ, որոնք ընդմիշտ մտել են հայագիտության ոսկե ֆոնդը»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը՝ կարևորելով Աբեղյանի ծավալած գիտական գործունեությունն ու նրա ազդեցությունը հայագիտական մտքի զարգացման վրա։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը նշեց, որ երկու տարի առաջ նույն դահլիճում տեղի է ունեցել «Աբեղյանական ընթերցումներ» միջազգային չորրորդ գիտաժողովը, իսկ այսօր հոբելյանական հինգերորդ գիտաժողովի շնորհիվ համալսարանում կրկին թևածում են աբեղյանական շունչն ու ոգին։ Կարևորելով լեզվաբանին նվիրված գիտաժողովի անցկացումը՝ դեկանը շեշտեց․ «Այսօր հնչելու են գիտական զեկուցումներ, որոնք ևս մեկ անգամ արժևորելու և բարձրաձայնելու են մեծ մտածողին, քանի որ նրա գործունեությունը չի սահմանափակվում որևէ ոլորտով»։
Գիտաժողովի անցկացումն առցանց ողջունեց Մ. Աբեղյանի գերմանաբնակ ծոռը՝ Սուրեն Աբեղյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով գիտաժողովի կազմակերպիչներին՝ մեծ գիտնականի հիշատակը վառ պահելու և նրա գիտական ժառանգության ուսումնասիրմանն ու հանրայնացմանը նպաստելու համար։
«Ինձ համար մեծ պատիվ է կրել Աբեղյան ազգանունը, նույնպես հուզիչ է մորս՝ Հասմիկ Աբեղյանի մահից հետո նրա փոխարեն մեր տոհմի անունից հանդես գալ «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովում։ Անասելիորեն հպարտ եմ և երջանիկ, որ պապս իր վիթխարի վաստակի շնորհիվ գնահատվում է ըստ արժանվույն։ Չլինելով բանասեր՝ առավել քան համոզված եմ, որ գալիք սերունդները ևս բարձր կգնահատեն նրա թողած ժառանգությունը»,- ասաց Սուրեն Աբեղյանը՝ բոլորին մաղթելով ստեղծագործական բեղուն աշխատանք և հետաքրքիր նոր բացահայտումներ։
Միջոցառումը դարձավ գիտական մտքերի փոխանակման կարևոր հարթակ՝ ընդգծելով Մանուկ Աբեղյանի ժառանգության ժամանակակից արժեքն ու նրա անփոխարինելի տեղը հայ մշակույթի և լեզվաբանության պատմության մեջ։
Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Աննա Աբաջյանը իր ելույթում ներկայացրեց հայագիտության ռահվիրա Մանուկ Աբեղյանի կյանքն ու գիտական գործունեությունը՝ ընդգծելով նրա բացառիկ ներդրումը հայոց լեզվի պատմության, գրականության և բանահյուսության ուսումնասիրության գործում։
Առցանց զեկուցմամբ հանդես եկավ նաև հայագետ, թարգմանիչ, լեզվաբան, ԵՊՀ պատվավոր դոկտոր, ՄաքԳիլ (McGill) համալսարանի պրոֆեսոր Դորա Սաքանյանը՝ ներկայացնելով Մ․ Աբեղյանի ատենախոսությունը հայ ժողովրդագրական հավատալիքների մասին և նրանց արտացոլումը հայկական առած-ասացվածքներում։
Նշենք, որ երկու նիստերից բաղկացած գիտաժողովին ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի, հանրապետության տարբեր բուհերի ու կենտրոնների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ասպիրանտներ, հայցորդներ, ուսանողներ և այլ հյուրեր։






