- Main
- Node
- Տվյալներ, ռիսկեր, կառավարում․ ԵՊՀ ասպիրանտն ուսումնասիրում է մարդ-համակարգիչ փոխազդեցության առանձնահատկությունները ֆինանսներում
November 10, 2025 | 11:10
Կրթություն
Հետազոտություն
Ուսանողական
Տվյալներ, ռիսկեր, կառավարում․ ԵՊՀ ասպիրանտն ուսումնասիրում է մարդ-համակարգիչ փոխազդեցության առանձնահատկությունները ֆինանսներում
Մարդ-համակարգիչ փոխազդեցությունն այսօր համարվում է տեխնոլոգիական գիտության՝ լայնորեն ուսումնասիրվող ուղղություններից մեկը, որի կիրառությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսների մեջ, կարող է փոխել ռիսկերի կառավարման մոտեցումները։ Այս թեմայով ուսումնասիրություն է կատարում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Արեգա Պռազյանը, որը, հետաքրքրված լինելով ֆինանսական ռիսկերի վերլուծությամբ, որոշել է հետազոտել տվյալ փոխազդեցության կիրառումը կազմակերպությունների ֆինանսական ռիսկերի կառավարման գործընթացում։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Արեգա Պռազյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025»-ի հաղթողներից է։ Նա գիտական ծրագրի շրջանակում հետազոտություններ է կատարում՝ ուսումնասիրելով մարդ-համակարգիչ փոխազդեցության կիրառումը կազմակերպությունների ֆինանսական ռիսկերի կառավարման գործընթացում։
Ասպիրանտի խոսքով՝ «Մարդ-համակարգիչ փոխազդեցության կիրառումը կազմակերպությունների ֆինանսական ռիսկերի կառավարման գործընթացում» խորագրով թեման նորարարական է, քանի որ մարդ-համակարգիչ փոխազդեցության՝ այս ուղղությամբ հետազոտությունները դեռ շատ սահմանափակ են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Հետազոտության արդյունքները կօգնեն կազմակերպություններին հասկանալ և առավել ճշգրիտ կառավարել ֆինանսական ռիսկերը։
«Հետազոտության հիմնական նպատակը «eye tracker» կոչվող սարքի միջոցով բանկերի թվային էջերում «լավ» և «վատ» վարկառուների վարքագիծն ուսումնասիրելն է։ Կարծում եմ՝ թեման առավել քան արդիական է, քանի որ մենք ապրում ենք թվային դարաշրջանում»,- ընդգծում է նա։
Արեգան նշում է, որ նախագծի արդյունքում հնարավոր է ստանալ առավել մարդակենտրոն թվային միջավայր, որտեղ որոշումների կայացումը հիմնված կլինի ոչ միայն թվային, այլև նորարարական վարքագծային ցուցանիշների վրա։
Անդրադառնալով հետազոտության ընթացքին՝ ԵՊՀ ասպիրանտը նշում է, որ թեմային վերաբերող գրականության ուսումնասիրությունն արդեն ավարտված է, և շուտով կսկսեն նաև կատարել փորձեր։ Նախագծի շրջանակում նաև ձեռք է բերվել «eye tracker» սարքը, և նախատեսվում է կատարել փորձեր ու հավաքագրված տվյալները վերլուծել մեքենայական ուսուցման տարբեր մեթոդներով՝ արդյունքների արդյունավետությունը գնահատելու նպատակով։
«Մենք տալու ենք վարքագծային ազդակներ, այսինքն՝ ուսումնասիրելու ենք փաստացի վարքագիծ։ Ակնկալում եմ, որ հետազոտության արդյունքները ապագայում կտպագրվեն գիտական հեղինակավոր ամսագրերում։ Հետազոտության սպասվող վերջնարդյունքը հնարավորինս շատ և հիմնավոր ազդակների առանձնացումն է»,- ասում է նա։
Ընդգծելով, որ առաջարկվող մոտեցումը առավել արդյունավետ կարող է լինել ֆինանսաբանկային ոլորտում, Արեգան մատնանշեց․ «Մենք դուրս ենք բերելու վարքագծային ազդակներ՝ ուսումնասիրելով իրական, փաստացի վարքագիծը։ Մեր նպատակը հնարավորինս շատ և հիմնավոր վարքագծային ազդակների առանձնացումն է»։
Ըստ Արեգայի՝ նման համակարգի ներդրումը կազմակերպությունների որոշումների կայացման մշակույթի վրա կունենա որոշակի ազդեցություն․ այն հնարավորություն կտա կատարելու ոչ գծային և վարքագծահենք որոշումներ։
Արեգա Պռազյանը բարձր է գնահատում այսօրինակ ծրագրերի դերը երիտասարդ գիտնականների համար՝ նշելով, որ դրանք միաժամանակ և՛ մոտիվացնում են, և՛ պարտավորեցնում առավել պատասխանատու կերպով շարունակելու հետազոտական աշխատանքը։ Նրա խոսքով՝ առաջիկա նպատակն է ավարտին հասցնել ընթացող հետազոտությունը և ստանալ ցանկալի արդյունքներ։ Ներկայում նա՝ որպես ֆինանսական ռիսկերի վերլուծաբան-ակտուար, աշխատում է ՀՀ կենտրոնական բանկում, ինչպես նաև դասավանդում Երևանի պետական համալսարանում։