ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) նախաձեռնությամբ ս․թ․ նոյեմբերի 14-16-ը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացվեց «Հայագիտական կադրերի վերապատրաստում. արհեստական բանականության (ԱԲ) և մասնագիտական նոր մեթոդների կիրառումը հայագիտական հետազոտություններում» խորագրով աշնանային դպրոցը։
Միջոցառման նպատակն էր հայագիտական ոլորտի մասնագետներին ծանոթացնել արհեստական բանականության գործիքների և ժամանակակից հետազոտական մեթոդների կիրառման հնարավորություններին՝ ուսումնասիրությունների արդյունավետությունն է՛լ ավելի բարձրացնելու և զարգացնելու համար։
Աշնանային դպրոցին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ՀՀԻ տնօրեն, պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը՝ կարևորելով հայագիտության ոլորտում գիտական գործունեության զարգացման գործում նորարարական տեխնոլոգիաների ներդրման, դրանց կիրառության և հետագա զարգացման հարցերը։
Աշնանային դպրոցի առաջին օրը դասախոսությամբ հանդես եկավ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Հայրապետյանը՝ ներկայացնելով արհեստական բանականության ներկա իրողությունները՝ դրանք դիտարկելով հոգեբանական տեսանկյունից։ Նա անդրադարձավ նաև մարդ–մեքենա փոխազդեցության առանձնահատկություններին և ԱԲ-ի հոգեբանական ազդեցությանը՝ բացահայտելով ինչպես դրա հնարավորությունները, այնպես էլ վտանգները։
Դպրոցի երկրորդ օրը ծավալուն դասախոսությամբ հանդես եկավ Մարիամ Պետրոսյանը, որը ներկայացրեց արհեստական բանականության գաղափարը և դրա կիրառության հնարավորությունները հումանիտար գիտությունների և, մասնավորապես, հայագիտության ոլորտում։ Առանձնահատուկ կարևորություն տրվեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցների գործնական հմտությունների կատարելագործմանը: Հետևաբար, քննարկումների երկրորդ օրը աշնանային դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հետազոտություններում գործնականում կիրառելու ձեռք բերած հմտությունները՝ ԱԲ-ի տարբեր գործիքների միջոցով նոր մեթոդներ ներմուծելու համար։
Քննարկվեցին նաև ԱԲ գործիքների օգտագործման հնարավորությունները, դրանց ազդեցությունը հայագիտական ուսումնասիրությունների արդյունավետության վրա, ինչպես նաև ԱԲ կիրառման հետ կապված էթիկական նորմերի պահպանման հիմնարար մոտեցումները։
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցներից բացի՝ աշնանային դպրոցին մասնակցում էին նաև ԵՊՀ ՀՀԻ «Ցեղասպանագիտության» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողները։