Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ս.թ. փետրվարի 20-ին Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում տեղի ունեցավ «OGANESSON» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողություն։
«OGANESSON» մրցանակի հիմնադիրը հայազգի գիտնական, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանն է։
Մրցանակաբաշխությանը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը։
Ռուբեն Հարությունյանն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին հանձնեց «Կայունության կղզի» խորագրով փայտափորագրությունը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Յուրի Հովհաննիսյանի ծննդավայր Դոնի Ռոստովի բնակիչների անունից։ Փայտափորագրությունը նվիրված է Յուրի Հովհաննիսյանի կողմից Մենդելեևի պարբերական աղյուսակի տարրերի «Կայունության կղզի» պատմական հայտնագործությանը, որն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների։
Փայտափորագրության հիմքում հայտնի «Scientific American» գիտական ամսագրի մեր հազարամյակի առաջին համարն է, որի շապիկի վրա պատկերված է Յուրի Հովհաննիսյանի հայտնաբերած պարբերական աղյուսակի տարրերի «Կայունության կղզին», որը սկսվել է 114-րդ տարրով։ Փայտափորագրությունը պատրաստել է անվանի վարպետ Գարրի Գրիգորյանը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հարավային մասնաճյուղի գլխավոր գիտաշխատող, հասարակական գործիչ Արարատ Գոմցյանի նախաձեռնությամբ։
Ռուբեն Հարությունյանը Յուրի Հովհաննիսյանին փոխանցեց նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղերձը, որում նշվում էր նաև 2026 թվականից ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի անվան կրթաթոշակ սահմանելու մասին։
«Յուրի Հովհաննիսյանը, ծնվելով Ռոստովում, մեծանալով Երևանում, մասնագիտություն ձեռք բերելով Մոսկվայում և վերջին 60 տարիներն ապրելով ու գործելով Դուբնայում, պատկանում է ողջ մարդկությանը։ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը սերտ համագործակցում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի և մի շարք այլ գիտական հաստատությունների հետ»,- ընդգծեց Ռուբեն Հարությունյանը։
Մրցանակն անվանակոչվել է պարբերական աղյուսակի օգանեսոն (լատիներեն՝ oganesson, Og) քիմիական տարրից՝ 118 ատոմային համարով: Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) առաջարկությամբ 2016 թվականին այս տարրն անվանակոչվել է ի պատիվ Յուրի Հովհաննիսյանի՝ տրանսակտինոիդ տարրերի ուսումնասիրության մեջ ունեցած ներդրման համար: