- Main
- Node
- Պարգևատրվեցին լավագույնները․ ԵՊՀ-ում տեղի ունեցավ Քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքների ամփոփումը
March 02, 2026 | 17:36
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
Պարգևատրվեցին լավագույնները․ ԵՊՀ-ում տեղի ունեցավ Քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքների ամփոփումը
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում պարգևատրվեցին լավագույն արդյունքներ գրանցած աշակերտները։ Օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 98 աշակերտներից 8-ը արժանացան առաջին, 11-ը՝ երկրորդ, 7-ը՝ երրորդ կարգի մրցանակների, ինչպես նաև շնորհվեցին հատուկ անվանակարգերով մրցանակներ և գովասանագրեր:
Միջոցառումը համախմբեց հանրապետության տարբեր դպրոցներից ժամանած մասնակիցներին, նրանց ուսուցիչներին և ոլորտի պատասխանատուներին՝ դառնալով մասնագիտական կարևոր քննարկումների հարթակի։
Այս տարվա օլիմպիադան աչքի ընկավ ինչպես մասնակցության լայն ընդգրկումով, այնպես էլ բարձր մրցակցությամբ։ Դպրոցական փուլին մասնակցել են ավելի քան 1600 աշակերտներ, որոնցից հանրապետական փուլ են անցել լավագույն 98 մասնակիցները։ Վերջիններս հանրապետական փուլում մասնակցեցին թե՛ տեսական, թե՛ փորձնական փուլերին՝ հնարավորություն ունենալով առավելագույնս դրսևորելու իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները։
ՀՀ «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը նշեց, որ անկախ արդյունքներից՝ եզրափակիչ փուլ հասնելն արդեն իսկ մեծ ձեռքբերում է։ Նրա խոսքով՝ առաջադրանքները տարեցտարի ավելի են բարդանում, սակայն դրան զուգահեռ աճում է նաև աշակերտների պատրաստվածության մակարդակը, ինչը վկայում է համակարգված աշխատանքի և ուսուցիչների նվիրվածության մասին։ Ա․ Դավինյանն ընդգծեց, որ նման հաջողությունները հնարավոր չէին լինի առանց բանիմաց մանկավարժների։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Արմեն Գալստյանը մատնանշեց վերջին տարիներին արձանագրված առաջընթացը՝ շեշտելով, որ ակնհայտ է աշակերտների կարողունակությունների և գիտելիքների աճը։ Նա կարևորեց ոլորտի մասնագետների դերակատարումը երկրի զարգացման գործում և ընդգծեց, որ դեռևս լավագույն կադրերի անհրաժեշտություն կա։ Դեկանն ասաց, որ մրցանակակիրները հենց այն երիտասարդներն են, որոնք կարող են դառնալ Հայաստանի համար կարևոր և պահանջված մասնագետներ՝ միանալով համալսարանի ուժեղ թիմին և շարունակելով կրթությունը Քիմիայի ֆակուլտետում։
Միջոցառման շրջանակում քիմիայի ուսուցիչների հետ կազմակերպվեցին նաև քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց ինչպես օլիմպիադայի առաջադրանքներին, այնպես էլ կազմակերպական և ոլորտային մի շարք հարցերի։










