- Main
- Node
- «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրը՝ ընդլայնվող համագործակցությամբ
March 27, 2026 | 16:00
Գիտություն
Կրթություն
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրը՝ ընդլայնվող համագործակցությամբ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագիրն այս տարի իրականացվում է «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի միջոցով՝ բարերար Գրանտ Հանեսյանի աջակցությամբ։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է ընդլայնել ուսանողների կրթական և մասնագիտական հնարավորությունները։ Ծրագրի նպատակների, նոր հնարավորությունների և զարգացման հեռանկարների մասին զրուցել ենք մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանի հետ։
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ համադրում է տեսական գիտելիքն ու գործնական փորձը՝ ուսանողներին հնարավորություն տալով խորությամբ ուսումնասիրելու միջազգային իրավունքի սկզբունքները, միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների գործունեությունը, ինչպես նաև միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումն ու կատարումը։
Այս տարի մագիստրոսական ծրագրի շրջանակում կարևոր փոփոխություն է տեղի ունեցել. ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ամերիկահայ բարերար Գրանտ Հանեսյանի հանգանակությամբ և «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի օժանդակությամբ։
- Պարո՛ն Կիրակոսյան, այս տարի ի՞նչ փոփոխություններ կամ նոր հնարավորություններ են ստեղծվել այն պահից, երբ ծրագիրը ստացել է հավելյալ ֆինանսական հնարավորություններ։
- Լրացուցիչ ֆինանսավորումը մեզ համար ունի առանցքային նշանակություն։ Այն կարևոր է առաջին հերթին որպես կապող օղակ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոր համագործակցությունների ձևավորման և միջազգային ակադեմիական ու մասնագիտական ցանցերի ընդլայնման տեսանկյունից։ Չնայած այն հանգամանքին, որ ԵՊՀ-ն ապահովում է ուսանողների համար մեծ շտեմարանների պաշար, ինչն ինքնին կարևոր ներդրում է, այնուամենայնիվ, այս համագործակցության շրջանակում մենք նախատեսում ենք ներդնել նոր ռեսուրսներ, զարգացնել ծրագրի բովանդակությունը և այն առավել համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին։
Կարևոր եմ համարում ընդգծել, որ ծրագրի հիմնական հովանավորը արբիտրաժային գործերով զբաղվող ամերիկահայ իրավաբան Գրանտ Հաննեսյանն է, որը նաև դասավանդում է մեր ծրագրում։ Նրա աջակցությունը մեզ համար ստեղծում է իրական կամուրջ Հայաստանի և միջազգային իրավական համայնքի միջև՝ ապահովելով փորձի, գիտելիքի և պրակտիկայի փոխանցում։ Միաժամանակ հարկ է ընդգծել, որ ծրագրի հիմքում ընկած է նաև այն գործընկերների աջակցությունը, որոնք մեզ հետ են եղել ծրագրի ստեղծման փուլում, մասնավորապես՝ Ճշմարտության և արդարության կենտրոնը (CFTJ) և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը (AMAA)։ Նրանց ներդրումը կարևոր դեր է խաղացել թե՛ ծրագրի ձևավորման, թե՛ դրա ինստիտուցիոնալ կայունության ապահովման գործում։
- Ինչպե՞ս է այս աջակցությունն ազդելու ծրագրի բովանդակության, կրթական հնարավորությունների կամ ուսանողների համար ստեղծվող պայմանների վրա։
- Այս աջակցությունը խթանում է ծրագրում ներգրավված մասնագետների շրջանակի ընդլայնումը, նոր համագործակցությունների ձևավորումը, որոնք ուսանողներին հնարավորություն կտան բացի կրթություն ստանալուց նաև կիրառելու ստացած գիտելիքները միջազգային այլ կառույցներում, դատախաղերի շրջանակում, ինչպես նաև արձագանքելու ներկայիս կրթական ոլորտում աճող մարտահրավերներին։
- Արդյո՞ք ֆինանսավորման այս ձևաչափը հնարավորություն է տալիս ներգրավելու միջազգային փորձագետների, կազմակերպելու մասնագիտական վերապատրաստումներ կամ պրակտիկաներ։
- Այո՛, ֆինանսավորման այս ձևաչափը հնարավորություն է տալիս հրավիրելու միջազգային ոլորտի լավագույն մասնագետների, միջազգային պրակտիկ փաստաբանների, առաջատար բուհերի գիտնականների, որոնք ԵՊՀ դասախոսների հետ համատեղ անցկացնում են կրթական ողջ գործընթացը։ Ոլորտի լավագույն մասնագետների ներգրավումը բարձրացնում է ծրագրի շրջանակում մատուցվող կրթության որակը, նաև ուսանողների համար հնարավորություն է ստեղծում ծանոթանալու ոլորտի մասնագետների հետ, նոր կապեր ստեղծելու և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները անձամբ մասնագետներից ստանալու։
- Ի՞նչ դեր կարող է ունենալ այս ծրագիրը Հայաստանում միջազգային իրավունքի մասնագետների պատրաստման գործում, հատկապես՝ միջազգային դատարաններում և արբիտրաժային հարթակներում։
- Կարծում եմ, որ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» ծրագիրը լավ օրինակ է ժամանակակից մագիստրոսական ծրագրի, որը դասավանդվում է անգլերենով, գիտահենք է, ունի միջազգային հստակ ուղղվածություն և մատուցում է բարձրակարգ կրթություն։ Ծրագրում մեկտեղվում են ինչպես տեսական դասընթացները, այնպես էլ պրակտիկ հմտությունների փոխանցումը, ինչի շնորհիվ ծրագրի շրջանավարտն արդեն որպես ոլորտի մասնագետ կարող է հանդես գալ միջազգային դատարանների և արբիտրաժային տրիբունալների առջև։
- Ձեր կարծիքով՝ համալսարանի և բարեգործական հիմնադրամի միջև նման համագործակցությունը կարո՞ղ է օրինակ ծառայել կրթական այլ ծրագրերի համար։
- Այո՛, կարծում եմ՝ նման ձևաչափով համագործակցությունը շատ լավ օրինակ կարող է ծառայել կրթական այլ ծրագրերի համար, քանի որ այն իրական հնարավորություն է տալիս ստեղծելու կայուն և բարձր որակի կրթություն, համապատասխանեցնելու կրթական չափանիշները միջազգային լավագույն փորձին և դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունում պատրաստելու գիտակ և իրենց ոլորտի համար պիտանի մասնագետների։
- Առաջիկա տարիներին ի՞նչ նոր նախաձեռնություններ կամ զարգացումներ են նախատեսվում ծրագրի շրջանակում։
- Շարունակաբար կատարվում են փոփոխություններ՝ ուղղված կրթության բարելավմանը, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն։ Ներկայում ակտիվ աշխատանքներ ենք տանում միջազգային հաստատություններում ուսանողների ներգրավման, դասախոսների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման ուղղությամբ։ Օրինակ՝ այս տարի դիմել ենք Միջազգային արդարադատության դատարանում անցկացվող ծրագրերից մեկին, և հաջողելու դեպքում ուսանողները հնարավորություն կունենան այնտեղ անցնելու պրակտիկա և իրենց ստացած կրթությունը առավել պրակտիկ կիրառելու։ Բացի դրանից՝ ներկայում բանակցություններ և քննարկումներ են տարվում միջազգային տարբեր կազմակերպությունների և առաջատար համալսարանների հետ՝ նոր համագործակցություններ ձևավորելու նպատակով:
Նշենք, որ կրթական ծրագիրը գործում է արդեն երեք տարի, իսկ այժմ նախապատրաստվում են չորրորդ սերնդի ընդունելությանը։ Ծրագրի դասախոսական կազմում ընդգրկված են ինչպես Հայաստանի ճանաչված մասնագետներ, այնպես էլ արտասահմանյան առաջատար բուհերում դասավանդող դասախոսներ և միջազգային իրավունքի ոլորտի փորձագետներ։