ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի և Հայաստանում կանանց հիմնադրամի համագործակցությամբ համալսարանում կազմակերպվեց «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթի 3-րդ համարի շնորհանդեսը՝ քննարկելու թերթում լույս տեսած հոդվածները, որոնցում ներկայացվում են մեր իրականության մեջ կանանց ու համակարգայնորեն անտեսված խմբերի խնդիրները:
Միջոցառման ներկաներին իրենց ողջույնի խոսքը հղեցին ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը և Հայաստանում կանանց հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գոհար Շահնազարյանը։
Հայաստանում կանանց հիմնադրամի հաղորդակցության պատասխանատու Արմինե Մարկոսյանը նշեց, որ թերթը նախատեսված է այն կանանց համար, որոնք ցանկանում են բարձրաձայնել իրենց հետաքրքրող խնդիրները։ Նա նաև ներկայացրեց բաց հայտարարությունները, որոնց միջոցով կանայք դիմում են հիմնադրամին՝ տպագրելու իրենց հեղինակած հոդվածները։
Այնուհետև հոդվածագիրները ներկայացրին թերթում լույս տեսած իրենց հոդվածները, որոնց շուրջ ծավալվեց հետաքրքիր և բովանդակալից քննարկում։ «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթի 3-րդ համարը առաջինն է, որում միաժամանակ ներկայացված են նաև հոդվածների անգլերեն թարգմանությունները։ Թերթի 3-րդ համարում արծարծված հիմնական թեմաներից են կանանց աշխատանքի խոչընդոտները, Արցախից բռնի տեղահանված կանանց համար նոր աշխատաշուկա մուտք գործելը, գեղեցկության մրցույթների անցկացումն ու գեղեցկության չափանիշները և այլն։
Խոսվեց նաև մի հետաքրքիր նախաձեռնության մասին, որը նախատեսված է հիմնականում 50-ից բարձր տարիքային խմբի կանանց համար, քանզի այդ տարիքում բարդ է աշխատաշուկայում աշխատանք գտնելը։ Սեփական ուժերով պայքարելով թափոնների դեմ՝ կանայք փորձում են զարգացնել տեքստիլի վերամշակումը, քանի որ այն համակարգային լուծում չունի Հայաստանում։ Նախաձեռնությունն իրականացվում է «Լաթե» հասարակական կազմակերպության կողմից։
Միջոցառմանը ներկա էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանում կանանց հիմնադրամի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ և այլ հյուրեր։