ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ նվիրված Մերձավոր Արևելքում տիրող աշխարհաքաղաքական բարդ զարգացումներին և ուժային կենտրոնների փոխհարաբերություններին:
Արևելագիտության ֆակուլտետի հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (ՄՊՀ) համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ, պ.գ.թ. Վասիլի Կուզնեցովն էր:
Դասախոսությանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը: Ողջունելով ներկաներին՝ պրոֆեսորը կարևորեց նմանատիպ ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ծանոթանալու միջազգային առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների տեսակետներին և մասնագիտական խորքային վերլուծություններին:
Դասախոսության թեման և հիմնական թեզերը
Վ. Կուզնեցովը հանդես եկավ «Թուրք-արաբական հարաբերությունները իրանա-արաբական հակամարտության համատեքստում. հայացք Մոսկվայից» թեմայով զեկուցումով։ Բանախոսն իր վերլուծության մեջ առանձնահատուկ ուշադրություն դարձրեց տարածաշրջանային անվտանգության համակարգի փոխակերպումներին:
Դասախոսության առանցքային թեզերից մեկն այն էր, որ ներկայիս լարված և բազմաշերտ աշխարհաքաղաքական իրավիճակում տարածաշրջանի կայունացման գործում վճռորոշ դեր կարող են ստանձնել այն պետությունները, որոնք վարում են բազմավեկտոր և ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ Որպես նման «ոչ բլոկային» և ազդեցիկ դերակատարներ նա առանձնացրեց Սաուդյան Արաբիան և Թուրքիան՝ ընդգծելով նրանց աճող դերակատարությունը թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային գործընթացներում։ Բանախոսն անդրադարձավ նաև Իրանի շուրջ ձևավորվող քաղաքական միջավայրին և Ռուսաստանի դիրքավորմանն այդ համատեքստում։
Իր վերլուծության ընթացքում բանախոսը հակիրճ անդրադարձավ Օսմանյան ժառանգությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում ընթացող գործընթացների մի մասը պատմական խորքային արմատներ ունի։ Այս համատեքստում նա շեշտեց՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր, ունի նախադեպեր անցյալում, սակայն ժամանակակից պայմաններում այդ գործընթացները ենթարկվել են էական վերափոխումների և նորովի են դրսևորվում։
Քննարկում, հարցուպատասխան
Դասախոսությունն ուղեկցվեց ակտիվ քննարկմամբ: Ուսանողներն ու դասախոսները բանախոսին ուղղեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին ա) Իրան-արաբական հարաբերությունների հեռանկարներին, բ) Մերձավոր Արևելքում Ռուսաստանի քաղաքականության առաջնահերթություններին, գ) տարածաշրջանային տերությունների միջև առկա մրցակցությանը և հնարավոր համագործակցության եզրերին:
Հանդիպման ավարտին պրոֆեսոր Ռ. Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց Վ. Կուզնեցովին բովանդակալից դասախոսության համար և հույս հայտնեց, որ գիտական նման շփումները շարունակական կլինեն:


