Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի և ֆրանսիական բանասիրության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց «Թարգմանություն և մշակութային հաղորդակցություն. ֆրանսիական գրականության թարգմանական մարտահրավերները» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ֆրանսիական գրական ստեղծագործությունների թարգմանությանը և դրա դերին՝ որպես մշակութային երկխոսության և արժեքների փոխանցման գործիք:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ղիշաղը: Նա նշեց, որ թարգմանիչները կատարում են կարևոր աշխատանք․ թարգմանչական գործը ոչ միայն միտքը մեկ լեզվից մյուսը փոխանցելն է, այլև ստեղծագործական աշխատանք, որը մեծ ներուժ և ջանքեր է պահանջում։
Քննարկմանը անդրադարձ կատարվեց թարգմանությանը՝ որպես մշակութային միջնորդության, լեզվական ինքնիշխանության և լեզվահարստացման միջոցի, թարգմանչի դերի վերափոխումներին՝ արհեստական բանականության զարգացման պայմաններում, ինչպես նաև «անթարգմանելի»-ի փոխանցման բարդություններին:
Կլոր սեղան-քննարկման բանախոսներն էին ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոսներ Թագուհի Բլբուլյանը, Շուշան Թամրազյանը, Ռուզան Միրզոյանը, Լյուսի Աբգարյանը, Աննա Մարությանը։ Քննարկման մոդերատորն էր ԵՊՀ գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի՝ կրթական, համալսարանական հարցերով կցորդ, «Կամպուս ֆրանս» գործակալության պատասխանատու Գարանս Լորանսը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Կլոր սեղան-քննարկումն ամփոփվեց ինտերակտիվ հարցուպատասխանով։
Հյուրերը նաև շրջայց կատարեցին ԵՊՀ գրադարանի հնատիպ և հազվագյուտ գրականության բաժնում՝ ծանոթանալով հայագիտական արժեք ունեցող ֆրանսերենով բացառիկ նմուշների:

