April 03, 2026 | 10:02
Գործընկերներ
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Հայաստանի և Վրաստանի գեոժառանգությունը՝ մեկ հարթակում. կստեղծվի բջջային նոր հավելված՝ բացահայտելու քիչ հայտնի բնական հուշարձանները
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ մեկնարկել է «Գեոժառանգության գույքագրում, էլեկտրոնային ուղեցույց և բջջային հավելված կայուն զբոսաշրջության համար (Հայաստան և Վրաստան)» նախագիծը, որի հիմնական նպատակն է հանրությանը հասանելի դարձնել Հայաստանի և Վրաստանի քիչ հայտնի, սակայն բացառիկ նշանակություն ունեցող գեոժառանգության օբյեկտները:
Նախագծի ժամանակահատվածի, գեոժառանգության օբյեկտների ընտրության և նախատեսվող բջջային հավելվածի հնարավորությունների մասին զրուցել ենք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ, դեկանի տեղակալ Գոռ Ալեքսանյանի հետ:
- Պարո՛ն Ալեքսանյան, այս նախագծի շրջանակում ֆակուլտետը համագործակցում է Լեհաստանի, Չեխիայի և Վրաստանի բուհերի հետ: Ինչպե՞ս ծնվեց երեք երկրների բուհերի հետ մեկ միասնական ծրագրով համագործակցելու գաղափարը:
- Նախ նշեմ, որ Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանը (Լեհաստան) Օստրավայի տեխնիկական համալսարանի (Չեխիա) հետ համատեղ արդեն իրականացրել էր գեոժառանգությանը նվիրված միջհամալսարանական ծրագիր: Այդ մասին տեղեկացա, երբ Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Քրիստոֆ Լաբուսը դասախոսություններ կարդալու նպատակով հյուրընկալվել էր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում: Մեր զրույցի ընթացքում նա մանրամասն ներկայացրեց ծրագիրը, և որոշեցինք նմանատիպ նախագիծ իրականացնել նաև Հայաստանի համար: Ձևավորեցինք կոնսորցիում, մշակեցինք նախագծի բովանդակությունը, և ԵՊՀ-ն՝ որպես համակարգող կառույց, դիմեց Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի հայտարարած մրցույթին, որի արդյունքում նախագիծը երաշխավորվեց ֆինանսավորման:
Մրցույթի պարտադիր պայմաններից էր Արևելյան գործընկերության ևս մեկ երկրի ներգրավումը, ուստի համագործակցություն նախաձեռնեցինք Վրաստանի տեխնիկական համալսարանի հետ: Մյուս պահանջը Վիշեգրադյան խմբի անդամ երկու երկրների մասնակցությունն էր, որոնք էլ մեր պարագայում Լեհաստանն ու Չեխիան են:
- Որքա՞ն է նախագծի իրականացման ժամկետը, և ի՞նչ հաջորդական փուլեր է այն ներառում:
- Նախագծի տևողությունը մեկուկես տարի է. այն մեկնարկել է այս տարվա ապրիլի 1-ին և կավարտվի 2027 թ. սեպտեմբերի 30-ին։ Ծրագիրը բաղկացած է 3 փուլից:
Առաջին փուլը, որը կեզրափակվի դեկտեմբերի 31-ին, ներառում է հիմնական հետազոտական աշխատանքները: Այս ընթացքում Հայաստանի և Վրաստանի տարածքներում կընտրվեն գեոժառանգության առնվազն 15-ական օբյեկտներ, կհստակեցվի դրանց կարևորությունը տվյալ երկրների համար, և կկազմվի դրանց ցանկը:
Յուրաքանչյուր օբյեկտի համար կմշակվի մանրամասն նկարագրություն, որը կներառի տեղադիրքը, հասանելիությունը, հարակից ծառայությունների համակարգը, գրավչությունը և անհրաժեշտ այլ տեղեկություններ: Ամբողջ տեղեկությունը հասանելի կլինի հայերեն, անգլերեն և վրացերեն։
Երկրորդ և երրորդ փուլերում հավաքագրված տվյալների հիման վրա կստեղծվեն էլեկտրոնային ուղեցույց և բջջային հավելված, որոնք կներկայացնեն Հայաստանի և Վրաստանի գեոժառանգության ընտրված օբյեկտները:
- Ի՞նչ տեղեկություն է ներառելու հավելվածը. արդյո՞ք այն սահմանափակվելու է միայն տեխնիկական տվյալներով (օրինակ՝ ինչպե՞ս հասնել տվյալ վայրը), թե՞ կներկայացվեն նաև պատմական դրվագներ գեոժառանգության օբյեկտների մասին:
- Հավելվածը կպարունակի գեոժառանգության օբյեկտների վերաբերյալ փաստեր, հետաքրքիր լեգենդներ, որպեսզի այն դառնա զբոսաշրջային պրոդուկտ: Այսօր Հայաստանի պատմամշակութային ժառանգության օբյեկտներն արդեն իսկ ընկալվում են որպես զբոսաշրջային պրոդուկտներ, ինչը հրաշալի է, սակայն, մյուս կողմից, բաց է մնում գեոժառանգության օբյեկտների զբոսաշրջային ներկայացվածության հարցը: Հետևաբար, կարևոր է այնպես անել, որ զբոսաշրջիկները Հայաստան այցելեն ոչ միայն պատմամշակութային արժեքների, այլև գեոժառանգության բացառիկ օբյեկտները վայելելու համար։
Նշեմ, որ հընթացս մեր լեհ և չեխ գործընկերների հետ մշակում ենք նաև էլեկտրոնային ուղեցույցի և բջջային հավելվածի բովանդակային կառուցվածքը:
- Ունե՞ք նախնական ցանկ, թե գեոժառանգության որ օբյեկտներն եք նախատեսում ներառել հավելվածում:
- Վերջնական ցանկը դեռևս չենք առանձնացրել, սակայն հիմնական շեշտը դրվելու է հայ-վրացական սահմանամերձ գոտում գտնվող գեոժառանգության օբյեկտների վրա: Այդուհանդերձ, եթե գտնենք, որ կա որևէ օբյեկտ, որը թեև սահմանից հեռու է, բայց խիստ արժեքավոր է Հայաստանը կամ Վրաստանը լավագույնս ներկայացնելու տեսանկյունից, այն նույնպես կներառենք:
- Կարո՞ղ եք նշել գեոժառանգության մի քանի օբյեկտներ, որոնք գտնվում են հայ-վրացական սահմանամերձ գոտում:
- Օրինակ՝ «Գետնանձավ» անձավային թունելը, որն իր երկրաբանական կառուցվածքով ու լավային շերտերով գեոժառանգության տիպիկ օբյեկտ է և կարող է չափազանց գրավիչ լինել զբոսաշրջիկների համար:
Վրաստանի տարածքում կարող ենք առանձնացնել Վարձիայի քարանձավները, որոնք ունեն բնական ծագում, սակայն ժամանակին մարդիկ են ապրել այնտեղ, և հետևաբար մարդու կողմից ենթարկվել են որոշակի մշակման:
Այսինքն՝ հիմնական շեշտը դրվելու է բնական ծագման օբյեկտների վրա, օրինակ, քարանձավների, ձորահովիտների, կարստային ռելիեֆի այլ տեսակների, որոնք ընդգծում են տվյալ տարածքի եզակիությունը:
- Խնդրում եմ պարզաբանել՝ հատկապես ո՞ր օբյեկտներն են համարվում գեոժառանգություն:
- «Գեո» բառի ընկալումը տարբեր է՝ երկրաբանական (գեոլոգիական) և աշխարհագրական (գեոգրաֆիական)։ Օրինակ՝ «Քարերի սիմֆոնիան» տիպիկ երկրաբանական կառույց է, սակայն այս նախագծի շրջանակում մենք գեոժառանգությունը դիտարկում ենք ոչ միայն երկրաբանական, այլև աշխարհագրական կտրվածքով. այսինքն՝ այն ամենը, ինչն ունի բնական ծագում և զբաղեցնում է որոշակի տարածք։ Որպես գեոժառանգության օբյեկտ կարող ենք դիտարկել նաև Պարզ լիճը, Գոշի լիճը և, ինչո՞ւ ոչ, նաև Սևանա լիճը, որը նույնպես աշխարհագրական իմաստով գեոժառանգության վառ դրսևորում է։ Նշեմ, որ օբյեկտներն ընտրելիս մեր հիմնական շեշտադրումը լինելու է ոչ թե հայտնի վայրերի, այլ քիչ հանրայնացված, բայց կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների վրա:
Այսպիսով՝ մենք առանձնացնում ենք երկու հիմնական խումբ. առաջինը՝ երկրաբանական օբյեկտները, երկրորդը՝ կենդանի բնության տարածքային միավոր կազմող օբյեկտները:
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ նախագծի ավարտից հետո Հայաստանում զբոսաշրջության նոր ուղղություն զարգացնելու հնարավորություն կստեղծվի:
- Կարող ենք ասել, որ այն տվյալ ուղղության հիմնադրման կարևոր քայլերից է, քանի որ ներկայում Հայաստանում որոշակի միջոցառումներ են ձեռնարկվում գեոզբոսաշրջությունը զարգացնելու նպատակով։ Ցանկացած տեսակի զբոսաշրջություն զարգանում է այն ժամանակ, երբ տվյալ վայրի գրավչությունների մասին տեղեկատվությունը դառնում է հանրամատչելի, և երբ առկա են անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ այդ տարածքներն այցելելու և դրանցից օգտվելու համար:
Այս նախագծով մենք ապահովում ենք հենց առաջին բաղադրիչը՝ հասանելի տեղեկատվության միջոցով օբյեկտները դարձնում ենք ճանաչելի։
- Բջջային հավելվածը Հայաստանո՞ւմ է ստեղծվելու:
- Հավելվածի մշակմամբ զբաղվելու են լեհ և չեխ գործընկերները:
Նշենք, որ ապրիլի 1-ին մեկնարկեց «Գեոժառանգության գույքագրում, էլեկտրոնային ուղեցույց և բջջային հավելված կայուն զբոսաշրջության համար (Հայաստան և Վրաստան)» առցանց հանդիպումը: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման բաժնի պետ Դիանա Կարապետյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, նախագծի համակարգող Գոռ Ալեքսանյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ Արսեն Ապրոյանը, նախագծի մասնակից համալսարանների ներկայացուցիչներ Օլգա Սուսկերիան (Վրաստանի տեխնիկական համալսարան), Քրիստոֆ Լաբուսը (Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարան), Մարտին Կլեմպան (Օստրավայի տեխնիկական համալսարան), նախագիծը ֆինանսավորող Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի («International Visegrad Fund») ներկայացուցիչ Եվա Մերենիկսը: