- Main
- Node
- ԵՊՀ-ն և «IDBank»-ը՝ համագործակցության նոր փուլում․ կնքվել է համագործակցության հուշագիր
April 02, 2026 | 11:40
Գործընկերներ
Կրթություն
ԵՊՀ-ն և «IDBank»-ը՝ համագործակցության նոր փուլում․ կնքվել է համագործակցության հուշագիր
Կարևորելով ուսանողների կրթության շարունակականությունն ու սոցիալական աջակցությունը՝ Երևանի պետական համալսարանում այսօր ստորագրվեց համագործակցության հուշագիր «IDBank»-ի հետ։ Հուշագրի շրջանակում բանկը իր «Կողք կողքի» սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում կֆինանսավորի արցախցի բռնի տեղահանված 103 ուսանողների 2025-2026 ուսումնական տարվա կրթավճարները՝ ավելի քան 35 մլն ՀՀ դրամի չափով։
Համագործակցության հուշագրի շրջանակում նախատեսվում է կրթաթոշակներ տրամադրել համալսարանի 103 ուսանողների՝ նպաստելով նրանց կրթության առաջընթացին և սոցիալական կայունությանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ համալսարանը առաջին իսկ օրերից կանգնած է եղել արցախցի ուսանողների կողքին՝ փորձելով հնարավոր բոլոր միջոցներով աջակցել նրանց թե՛ կրթությունը շարունակելու, թե՛ սոցիալական դժվարությունները հաղթահարելու ճանապարհին։
«Մենք դիմել ենք մեր բարեկամներին, գործընկերներին և բոլոր այն կառույցներին, որոնք պատրաստակամ են եղել կիսելու այս պատասխանատվությունը և իրենց ներդրումն ունենալու մեր ուսանողների ապագայի կերտման գործում։ Այսօր առանձնակի ուրախությամբ ենք արձանագրում, որ «IDBank»-ը միացել է այս կարևոր նախաձեռնությանը՝ կատարելով իսկապես մեծ ու նշանակալից ներդրում»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը:
«IDBank»-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ բանկի համար չափազանց կարևոր է լինել հայրենակիցների կողքին։
«Երևանի պետական համալսարանը կատարել էր կարիքների գնահատում, որի արդյունքում պարզ էր դարձել, որ արցախցի 103 ուսանող սոցիալական խնդիրների պատճառով հայտնվել էր ուսումն ընդհատելու վտանգի առջև։ Կարևորելով կրթությունը և դրա շարունակականությունը՝ «IDBank»-ը որոշում կայացրեց ԵՊՀ-ին փոխանցել բոլոր ուսանողների կրթավճարները։ Նման նախաձեռնությունների շնորհիվ մենք կարողանում ենք ոչ միայն նյութական աջակցություն տրամադրել, այլև կայունության և վստահության զգացում փոխանցել երիտասարդներին՝ օգնելով նրանց կերտելու իրենց ապագան Հայաստանում»,- ասաց Մհեր Աբրահամյանը՝ մատնանշելով, որ այս բոլոր դժվարությունները ժամանակավոր են։
Նա ընդգծեց, որ միշտ կլինեն մարդիկ և կազմակերպություններ, որոնք պատրաստ են աջակցելու ուսանողներին, և ամենակարևորը՝ նրանք կունենան որակյալ ու բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորություն, քանի որ, նրա խոսքով, լավ ու ուժեղ տնտեսություն և պետություն ունենալու գրավականը հենց գիտելիքն ու որակյալ կրթությունն են։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Վահե Ասրիյանը նշեց, որ 2023 թվականից հետո արցախցիների համար սկսվել է բավականին բարդ ժամանակաշրջան, երբ հատկապես կարևոր էր Հայաստանում բնակվող հայրենակիցների աջակցությունը։ Ուսանողը իր և իր հայրենակիցների անունից երախտագիտություն հայտնեց՝ ընդգծելով, որ առկա խնդիրներն ու դժվարությունները կարճ ժամանակում լուծելի չեն ու պահանջում են երկարաժամկետ ջանքեր։ Ըստ նրա՝ նույնիսկ փոքր աջակցությունն էականորեն թեթևացնում է մարդկանց հոգսերը։
«2023 թվականից հետո կրկին ուսանողական նստարանին վերադառնալն ու կրթությունը շարունակելը հեշտ չէր․ իսկապես հեշտ չէր, քանի որ ունեցանք բազում կորուստներ։ Սակայն երբ եկանք այստեղ և տեսանք, թե մեր հայրենակիցները որքան պատրաստակամ են օգնելու մեզ՝ սկսած ֆինանսական բեռը թեթևացնելուց մինչև կրթական ու գիտական տարբեր ծրագրեր, դա մեզ մեծ ուժ տվեց։ Օգտվելով առիթից՝ նշեմ, որ հենց 2023 թվականին այս ծրագրի շնորհիվ ես աշխատանքի անցա բանկում և արդեն շուրջ 2․5 տարի է՝ աշխատում եմ այնտեղ։ Եվ այս ամենից հետո ինչպե՞ս կարող եմ մեծ հաճույքով չսովորել, չփորձել համալրել ու զարգացնել իմ գիտելիքների պաշարը, որ կարողանամ այս մի քանի տարվա օգնությունը բազմապատիկ վերադարձնել և՛ բանկին, և՛ համալսարանին, և՛ մեր պետությանը»,- ասաց նա և հավելեց, որ շատ ուրախ է ԵՊՀ ուսանող լինելու համար։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գոհար Բախշիյանը նշեց, որ ուսանողական կրթաթոշակների տրամադրումն ապահովում է ուսման անխոչընդոտ ընթացքը և կարևոր աջակցություն է բոլորի համար։ Նա ընդգծեց, որ ուսումնական այս փուլը (պրակտիկայի և քննությունների շրջանը) բավական ծանրաբեռնված է, և ուսանողները փորձում են հասցնել բոլոր պարտականությունները, միաժամանակ՝ աշխատել և պատասխանատվությամբ մոտենալ յուրաքանչյուր առաքելության։
Ուսանողը հավելեց, որ տարեցտարի ուսման վարձերը բարձրանում են, և այդ պարագայում բանկերի և աջակցող այլ ծրագրերի առաջարկած ֆինանսական օգնությունը հատկապես կարևոր է ուսանողների ուսման բեռը զգալիորեն թեթևացնելու առումով։
Հուշագրի շրջանակում բացի ֆինանսական աջակցությունից՝ «IDBank»-ը կարևոր ներդրում կունենա նաև երիտասարդների ֆինանսական գրագիտության բարձրացման գործում․ բանկի մասնագետները կայցելեն ԵՊՀ տարբեր ֆակուլտետներ և ուսանողների համար կանցկացնեն ֆինանսական կրթության դասընթացներ։
Հավելենք, որ նման հանդիպումներ արդեն անցկացվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ։










