- Main
- Node
- ԵՊՀ-ում կայացավ ուրուգվահայ կրթական ժառանգությանը նվիրված գրքի շնորհանդեսը
April 02, 2026 | 17:30
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Մշակույթ
ԵՊՀ-ում կայացավ ուրուգվահայ կրթական ժառանգությանը նվիրված գրքի շնորհանդեսը
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Գուստավո Զուլամյան Օհանյանի «Ուրուգվայի հայ ազգային կենտրոնի Ներսեսյան կրթարան (1935–1967)» գրքի շնորհանդեսը, որը համախմբեց սփյուռքահայ կրթության պատմությամբ հետաքրքրվող գիտնականների, ուսանողների, համայնքային գործիչների և ուրուգվահայերի ներկայացուցիչների։ Միջոցառումը դարձավ կարևոր հարթակ՝ անդրադառնալու սփյուռքահայ կրթական հաստատությունների դերակատարությանը ազգային ինքնության պահպանման գործում:
Շնորհանդեսի ընթացքում ընդգծվեց Սփյուռքի հետ կապերի ամրապնդման նշանակությունը նաև համալսարանական միջավայրում։ Երևանի պետական համալսարանում սփյուռքագիտական ուղղությունը ներկայացված է ինչպես գիտական բազմաթիվ ուսումնասիրություններով ու հոդվածներով, այնպես էլ կրթական ծրագրերով։
Մասնավորապես՝ գործում են «Սփյուռքագիտություն» և «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրերը, իսկ Հայ բանասիրության ֆակուլտետում իրականացվում է արևմտահայերենի ուսուցում՝ նպաստելով լեզվական ու մշակութային շարունակականությանը։
Նշվեց նաև, որ արդեն երրորդ տարին է համալսարանը համագործակցում է Կալիֆոռնիայում գործող սփյուռքահայ գործընկերների կազմակերպության հետ, և ԵՊՀ-ն բաց է նոր միջազգային համագործակցությունների համար, հատկապես՝ սփյուռքահայ կրթական և մշակութային նախաձեռնությունների շրջանակում:
Գրքի հեղինակն իր ելույթում ներկայացրեց Ներսեսյան կրթարանի պատմությունը՝ որպես Ուրուգվայում հայ համայնքի ինքնության պահպանման կարևորագույն կրթական կենտրոններից մեկի օրինակ։ Նա ընդգծեց, որ կրթարանը առանձնահատուկ տեղ է զբաղեցրել տեղի հայկական կրթական համակարգում՝ ձևավորելով սերունդներ, որոնք պահպանել են լեզուն, մշակույթն ու ազգային հիշողությունը նույնիսկ բարդ սոցիալ-քաղաքական պայմաններում։
Հատկանշական էր, որ միջոցառմանը ներկա էր նաև կրթարանի՝ շուրջ 70 տարվա շրջանավարտ Միհրան Թասչյանը, որը, ծնվելով Ուրուգվայում, հայրենադարձության ծրագրի շրջանակում վերադարձել է Հայաստան։ Նրա ներկայությունը խորհրդանշական էր հայրենիք-Սփյուռք կապի կենսունակ շարունակականության տեսանկյունից:
Ուրուգվայի դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը նշեց, որ դեսպանության հիմնադրման օրվանից ի վեր՝ առաջին անգամ է, երբ այսքան ուրուգվահայեր մեկտեղվել են նման նշանակալի միջոցառման շրջանակում, ինչը ևս մեկ անգամ վկայում է նախաձեռնության կարևորության մասին։
Գրքի հեղինակն իր խոսքում անդրադարձավ նաև Սփյուռքում ինքնության պահպանման դժվարություններին՝ նշելով, որ բարդ է պահպանել ազգային հիշողությունը, լեզուն և մշակութային կապերը՝ երկար տարիներ գտնվելով հայրենիքից հեռու։
Միջոցառման ավարտին Ուրուգվայից ժամանած «Գայանե» պարային խումբը ներկայացավ հայկական ժողովրդական պարերով՝ ստեղծելով ազգային մշակույթի կենդանի ներկայություն և հանդիսավոր ավարտ հաղորդելով գրքի շնորհանդեսին:













