- Main
- Node
- «Հայաստանը մեծ դերակատարում ունի տարածաշրջանում». Էստոնիայի ԱԳ նախարարի դասախոսությունը ԵՊՀ-ում
April 09, 2026 | 15:37
Հասարակություն
Միջազգային համագործակցություն
«Հայաստանը մեծ դերակատարում ունի տարածաշրջանում». Էստոնիայի ԱԳ նախարարի դասախոսությունը ԵՊՀ-ում
ԵՊՀ-ում հյուրընկալվեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան, որը հանդես եկավ ծավալուն դասախոսությամբ՝ ներկայացնելով Էստոնիայի պետականաշինության փորձը, անվտանգային մարտահրավերները և ծառայությունների թվայնացման հաջողված գործընթացները: Ուսանողների հետ հանդիպման ընթացքում նախարարը կարևորեց Երևանում Էստոնիայի առաջին դեսպանատան բացումը՝ նշելով, որ այն բացվում է դիվանագիտական հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու նպատակով, ինչպես նաև ի նշան հայ ժողովրդի ազատ ընտրությանն աջակցելու պատրաստակամության: «Հայաստանը պատմականորեն, նաև ներկայում մեծ դերակատարում ունի տարածաշրջանում»,- ասաց նա:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով հյուրին, ընդգծեց, որ համալսարանի համար ավանդույթ է բարձրաստիճան դիվանագետների հյուրընկալելը, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին «առաջին ձեռքից» տեղեկություն ստանալու արտաքին քաղաքականության մասին։
«Այսօր Հայաստանն առաջ է շարժվում վիզաների ազատականացման գործընթացում և ձգտում է հնարավորինս մոտ լինելու Եվրոպական միությանը: Էստոնիան ԵՄ երկրներից մեկն է, հետևաբար նրա վերափոխումները բավականին հետաքրքիր կլինեն մեր ուսանողների համար»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
Նա հիշատակեց կրթության ոլորտում Էստոնիայի հետ պատմական կապը, մասնավորապես՝ հայ ականավոր գրող Խաչատուր Աբովյանի ուղին դեպի Տարտուի համալսարան՝ նշելով, որ այսօր էլ ԵՊՀ-ն համագործակցում է Տարտուի համալսարանի հետ՝ գիտակրթական ոլորտում գործակցային կապերը է՛լ ավելի խորացնելու նպատակով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բարձր գնահատելով Էստոնիայի հետ ձևավորված հարաբերությունները, կարևորեց Մարգուս Ցահքնայի՝ Հայաստանին Եվրոպական միությանը մոտեցնելու ջանքերը:
«Փոքր երկրները պետք է սովորեն պահպանել իրենց տեղն այս անկայուն աշխարհում: Մեր երկու երկրները փոքր են, բայց ունեն շատ ուժեղ ինքնություն և այդ ինքնությունը պահպանելու երկար պատմություն: Մենք պետք է սովորենք միմյանցից, թե ինչպես մեզ նման փոքր երկրները կարող են նպաստել խաղաղությանը և պահպանել իրենց սեփական տեղը աշխարհում այս անկայուն ժամանակներում»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը:
Փոխնախարարը նաև ընդգծեց, որ Էստոնիան թվային փոխակերպումների ոլորտում առաջատար պետություն է, և Հայաստանը դիտարկում ու ադապտացնում է այդ փորձը տարբեր ծրագրերի միջոցով:
Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան, անդրադառնալով փոքր պետություններին, ընդգծեց. «Էստոնիան ունի 1,3 միլիոն բնակչություն, բայց այսօրվա աշխարհում վճռորոշը ոգին է: Իսկ մեր ոգիները ազատության, մեր արմատների և պատմության հարցերում շատ նման են»:
Նախարարը հանգամանալից անդրադարձավ Էստոնիայի պատմությանը, ինչպես նաև սխալներից քաղած դասերին, որոնք հիմք են դարձել իրենց ներկայիս անվտանգային քաղաքականության համար:
Ցահքնայի խոսքով՝ հենց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությունն է Էստոնիայի անվտանգության երաշխիքը:
Ներկայացնելով Էստոնիայի հաջողված քաղաքականության պատմությունը՝ Ցահքնան շեշտեց, որ աղքատ լինելով բնական պաշարներով՝ իրենք ներդրում են արել մտավոր ներուժի և տեխնոլոգիաների մեջ:
«Այսօր մեր հանրային ծառայությունների 100%-ը թվայնացված է: Սա ոչ միայն հարմարավետություն է, այլև թափանցիկություն: Դրա շնորհիվ կոռուպցիայի դեմ պայքարում հասել ենք զգալի հաջողության»,- մատնանշեց նա՝ ընդգծելով, որ Էստոնիայում միակ ծառայությունը, որի համար պետք է ֆիզիկապես ներկայանալ պետական կառույց, ամուսնությունն է:
Խոսելով արհեստական բանականության կիրառման մասին՝ նախարարը նշեց, որ Էստոնիայի համալսարաններում և ավագ դպրոցներում պիլոտային ծրագրեր են իրականացվում կրթական գործընթացներում ԱԲ-ն արդյունավետ օգտագործելու համար:
«Մենք չենք կարող պայքարել նորարարության և տեխնոլոգիական զարգացման դեմ, բայց պետք է սովորենք, թե ինչպես օգտագործել դրանք: Այժմ ողջ կառավարությունն աշխատում է ԱԲ լուծումների և հանրային ծառայությունների թվայնացման ուղղությամբ, որպեսզի ծառայությունները գան ձեզ մոտ՝ հիմնվելով ձեր եկամուտների, սոցիալական ծագման, բժշկական տվյալների, ընտանեկան դրության և այլ տեղեկությունների վրա»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ Էստոնիան աշխարհում եզակի համակարգ ունի. կարող է նախագծել անհատականացված ծառայություններ, որոնք անհրաժեշտ են կոնկրետ քաղաքացուն: Մարդը պարզապես կարող է համաձայնել․ ոչ թե դիմել, այլ հաստատել իր համաձայնությունը:
Ուսանողների հետ հարցուպատասխանի ժամանակ Մարգուս Ցահքնան նշեց, որ Էստոնիան պետականության կառուցման ու զարգացման ճանապարհին, բնականաբար, գործել է սխալներ, որոնց մասին պատրաստ է պատմելու և խորհուրդ տալու, որպեսզի այդօրինակ սխալները կրկնելի չլինեն: Սակայն, միևնույն ժամանակ, նա ուսանողներին հորդորեց չվախենալ սխալվելուց:
«Սխալվելու վախի պատճառով մարդիկ կորցնում են նորարարական մտածելակերպը։ Ամենավատն այն է, երբ սխալվելու վախից ոչինչ չես անում։ Ուստի գործե՛ք, նույնիսկ եթե սխալներ թույլ տաք, սովորե՛ք դրանցից և առա՛ջ շարժվեք»,- իր խոսքը եզրափակեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան:










