ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի (ՈՒԽ) նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 13-ին ֆակուլտետում հյուրընկալվեցին Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի և Արարատի մարզերի ավագ դպրոցների շուրջ 90 աշակերտներ, որոնց հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու ֆակուլտետի կրթական ծրագրերին, հնարավորություններին և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ մասնագիտական կողմնորոշման հարցում:
Ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, ողջունելով աշակերտներին, ներկայացրեց նմանօրինակ այցերի կարևորությունը երիտասարդ սերնդի կրթական և մասնագիտական հետաքրքրությունների ձևավորման, մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից: Նա շեշտեց իրավաբանի մասնագիտության առանցքային նշանակությունը՝ ընդգծելով իրավաբանների կարևոր դերը արդարության հաստատման և պետության կայացման գործում:
Այցի շրջանակում աշակերտները ծանոթացան ֆակուլտետի կառուցվածքին և գործունեությանը, ուսումնական ծրագրերին, ընդունելության կարգին և պայմաններին, իրավաբանի մասնագիտության առանձնահատկություններին, աշխատաշուկայում առկա հնարավորություններին:
Ուսանողական խորհրդի նախագահ Անի Չիլինգարյանը նշեց, որ միջոցառումն անցավ ինտերակտիվ մթնոլորտում, որի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան համալսարանականներին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու ապառիչ պատասխաններ: Նա նաև հավելեց, որ ՈՒԽ-ի նախաձեռնությամբ նմանօրինակ լայնամասշտաբ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: