- Main
- Node
- ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի հաջողությունները օլիմպիադաներում. մոտիվացիան և համակարգված աշխատանքը՝ մեկտեղված
April 17, 2026 | 13:41
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի հաջողությունները օլիմպիադաներում. մոտիվացիան և համակարգված աշխատանքը՝ մեկտեղված
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը շարունակում է գրանցել կրթական նշանակալի հաջողություններ՝ այս անգամ առանձնանալով առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում գրանցած բարձր արդյունքներով։ Դպրոցի աշակերտների ձեռքբերումները ոչ միայն անհատական հաջողությունների պատմություններ են, այլև համակարգված կրթական աշխատանքի և նպատակային միջավայրի արդյունք։
Հանրապետական և միջազգային օլիմպիադաներին ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների մասնակցության և արձանագրած հաջողությունների ցուցանիշները, ինչպես նաև նախորդ տարիների հետ դրանց համեմատականը փաստում են կայուն զարգացում և արդյունքների աճ:
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանի խոսքով՝ հաջողությունների աճը պայմանավորված է ինչպես աշակերտների մոտիվացիայով, այնպես էլ դպրոցում ծավալվող համակարգված աշխատանքով. «Եթե մասնակցության առաջին տարում մենք ունեինք ընդամենը երկու մեդալակիր, ապա այսօր արդեն հանրապետական փուլում ունենք մի քանի հաղթողներ և մրցանակակիրներ տարբեր առարկաներից։ Տարեցտարի աշակերտների ինքնավստահությունն աճում է, օլիմպիական խմբակներում հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողությունը լիովին ակնհայտ է։ Այս տարվա արդյունքները ևս մեկ անգամ ապացուցում են, որ դպրոցում կատարվող նպատակային աշխատանքը տալիս է իր արդյունքը»։
Այս ուսումնական տարում հանրապետական փուլում «Հայոց լեզու» առարկայից առաջին կարգի մրցանակ է ստացել 10-րդ դասարանի աշակերտ Ծովինար Մովսիսյանը։ 11-րդ դասարանի աշակերտ Արման Ավետիսյանը դարձել է հանրապետական փուլի երրորդ կարգի մրցանակակիր միաժամանակ երկու՝ «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաներից, իսկ 12-րդ դասարանի աշակերտներ Մարիամ Գալստյանն ու Նարեկ Ավետիսյանը՝ «Կենսաբանություն» առարկայից։
Նշանակալի ձեռքբերում է նաև այն, որ ՍԹԵՄ ավագ դպրոցի երեք աշակերտներ ընտրվել են մասնակցելու Սոչիի միջազգային բաց օլիմպիադային: Ուշագրավ է, որ Հայաստանի տարբեր ավագ դպրոցներից ընտրված վեց մասնակիցների կեսը հենց ՍԹԵՄ դպրոցն է ներկայացնում։
Տնօրենի խոսքով՝ սա կարևոր արդյունք է ինչպես աշակերտների անհատական աշխատանքի, այնպես էլ դպրոցում գործող օլիմպիական խմբակների գործունեության տեսանկյունից. «Սա միաժամանակ և՛ սովորողների մոտիվացիայի, և՛ մեր օլիմպիական խմբակների աշխատանքի արդյունքն է։ Առանց այս երկու բաղադրիչների՝ նման հաջողություններ հնարավոր չէ պատկերացնել։ Սովորողները, իհարկե, առաջնային դեր ունեն, բայց նրանց հաջողությունների հիմքում նաև դպրոցում ստեղծված կրթական միջավայրն է»։
Դպրոցում աշակերտների համար գործում են տարբեր ուղղվածության արտադասարանական խմբակներ՝ կրթական, սպորտային և մշակութային, որոնք հնարավորություն են տալիս խորացնելու գիտելիքները և զարգացնելու վերլուծական մտածողությունը։ Օլիմպիական խմբակներում աշակերտները սովորում են խնդիրների լուծման այլ մոտեցումներ, որոնք էականորեն տարբերվում են հանրակրթական ծրագրից և նպաստում մրցակցային մտածողության ձևավորմանը։
Հատկանշական է նաև, որ բնագիտամաթեմատիկական հոսքի աշակերտ Արման Ավետիսյանը կարողացել է հաջողություն գրանցել հասարակագիտական առարկաներից ևս, ինչը, տնօրենի խոսքով, վկայում է դպրոցում բոլոր առարկաները հավասարապես բարձր մակարդակով դասավանդելու մասին։
Դպրոցում արդեն նախապատրաստվում են նաև կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաջորդ փուլերին մասնակցությանը։ Անցյալ տարի այս ուղղությամբ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները նվաճել էին չորս մեդալ: Այս տարի ևս ակնկալիքները մեծ են։
«Երբ գիտակցում ես նպատակը, հաղթահարելը դառնում է ավելի հեշտ»
«Հայոց լեզու» առարկայից հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի մրցանակակիր Ծովինար Մովսիսյանը նշում է, որ նախորդ տարվա անհաջող փորձը դարձել է իր առաջընթացի հիմնական շարժիչ ուժը։
«9-րդ դասարանում ևս մասնակցել էի օլիմպիադային, սակայն մեկ միավորի պատճառով չանցա հաջորդ փուլ։ Այդ փորձից հետո արդեն ինձ համար առաջնային նպատակ դարձավ ոչ միայն հաջորդ փուլերը հաղթահարելը, այլ նաև հանրապետական փուլում մրցանակ ունենալը։ Երբ գիտակցում ես՝ ինչի համար ես աշխատում, ճանապարհը դառնում է ավելի հստակ»,- նշեց նա և հավելեց, որ օլիմպիական խմբակների դերը կարևոր է ոչ միայն գիտելիքների խորացման, այլև մտածողության ձևավորման առումով։
Ըստ նրա՝ օլիմպիական խմբակներում ոչ միայն ուսումնասիրում են տվյալ առարկան, այլ նաև սովորում են մտածել օլիմպիական տրամաբանությամբ։ Ծովինարի կարծիքով՝ հենց դա էլ մեծ ազդեցություն ունեցավ իր արդյունքի վրա։
«Կենսաբանություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մրցանակակիր Մարիամ Գալստյանը արդեն երեք տարի մասնակցում է օլիմպիադային և վերջին երկու տարիներին դարձել է հանրապետական փուլի մրցանակակիր։
«Սկզբում մասնակցում էի առանց հստակ նպատակների, բայց օլիմպիական շարժման մեջ ներգրավվելուց հետո սկսեցի ավելի լուրջ վերաբերվել։ Այդ ժամանակ հասկացա օլիմպիադաների իրական նշանակությունը և սկսեցի ավելի հետևողական աշխատել»,- ասաց նա։
Նույն առարկայից մրցանակակիր Նարեկ Ավետիսյանը նշում է, որ կենսաբանության հանդեպ իր հետաքրքրությունը ձևավորվել է հենց ՍԹԵՄ ավագ դպրոցում սովորելու ընթացքում. «Մինչ ՍԹԵՄ դպրոց գալս՝ առանձնապես հետաքրքրված չէի կենսաբանությամբ։ Սակայն այստեղ օլիմպիական խմբակների և ուսուցիչների աջակցությամբ սկսեցի խորացնել գիտելիքներս առարկայից։ Կարելի է ասել՝ զրոյից ձևավորվեց իմ հետաքրքրությունը, և դա մեծ ազդեցություն ունեցավ իմ արդյունքների վրա»։
«Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաներից հանրապետական օլիմպիադաների մրցանակակիր Արման Ավետիսյանի խոսքով՝ օլիմպիական խմբակներում անցկացվող քննարկումները կարևոր դեր են ունեցել իր հաջողության մեջ. «Հայոց պատմության օլիմպիական խմբակում անընդհատ քննարկումներ էինք կազմակերպում, և դրանց ընթացքում ստացած գիտելիքները շատ օգնեցին օլիմպիադայի ընթացքում։ Իսկ հայոց լեզվի դեպքում, թեև այդ առարկայի խմբակին մասնակցություն չունեմ, սակայն մեծ աջակցություն ստացա ուսուցչուհուս հետ դասի ընթացքում քննարկումների շնորհիվ»։
Աշակերտների խոսքով՝ հիմնական դժվարությունը թեստերի բարդությունը չէր, այլ մրցութային լարվածությունը, ինչը բնական է նման պատասխանատու փուլերում։