ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ս.թ. ապրիլի 15-ին հյուրընկալվեցին Աբովյան քաղաքի № 4 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները, որոնք նախագծային աշխատանքի շրջանակում այցելեցին ԵՊՀ: Այցի ընթացքում ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամները դպրոցականներին ներկայացրին ֆակուլտետի պատմությունն ու կրթական հարուստ ավանդույթները:
Այցի առանցքային մասը աշակերտների՝ ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշալույս Գալստյանի և 10-րդ դասարանի հայոց լեզվի դասագրքի հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանի հետ հանդիպումն էր:
Յու. Ավետիսյանի հետ ծավալած անմիջական քննարկման ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախագծային աշխատանքի մանրամասները, բարձրացնելու մասնագիտական հարցեր և ստանալու արժեքավոր խորհուրդներ:
Նմանատիպ հանդիպումները նպաստում են դպրոց-բուհ կապի ամրապնդմանն ու օգնում աշակերտներին՝ կողմնորոշվելու մասնագիտական ընտրության հարցում:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ստացած մասնագիտական ուղղորդումները լավագույնս կնպաստեն աշակերտների նախագծային աշխատանքի հաջող կատարմանը։


