Սարատովի պետական իրավաբանական ակադեմիայում տեղի է ունեցել միջազգային գիտական իրավաբանական V ֆորումը՝ «Պետության պաշտպանության կրիմինալիստիկական և փորձագիտական ռազմավարությունները» խորագրով:
Երևանի պետական համալսարանի և Սարատովի պետական իրավաբանական ակադեմիայի համագործակցության շրջանակում միջազգային գիտաժողովին հեռավար մասնակցել են ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի անդամները: Ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ «Հատուկ գիտելիքների կիրառման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում» թեմայով։
Գիտաժողովը նվիրված էր պետության անվտանգության պաշտպանության հարցում կրիմինալիստիկական և փորձագիտական գիտելիքների կիրառման ռազմավարությանը։ Գիտաժողովում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են հանցագործությունների դեմ պայքարում թվային տեխնոլոգիաների կիրառմանը, թվային հետքերի հայտնաբերմանը և ամրագրմանը, ինչպես նաև նշված ոլորտում փորձաքննությունների նշանակմանը։
Միջազգային գիտաժողովին մասնակցել են նաև մի շարք այլ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի համալսարանների դատավարագետներ, կրիմինալիստներ և պրակտիկ աշխատողներ։
Գիտաժողովի ընթացքում մասնակիցների միջև տեղի է ունեցել առողջ քննարկում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համատեղ գիտաժողովների կազմակերպման, ինչպես նաև կրթական առարկայական ծրագրերի և դասախոսների փոխանակման վերաբերյալ։