- Main
- Node
- Գիտական համագործակցության նոր կամուրջներ․ միջազգային աշխատաժողով ԵՊՀ-ում
May 06, 2026 | 14:01
Կոնֆերանսներ
Հասարակություն
Գիտական համագործակցության նոր կամուրջներ․ միջազգային աշխատաժողով ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանում անցկացվում է «Օպտիկա և դրա կիրառությունները» խորագրով աշխատաժողովը՝ միավորելով «Օպտիկա» միջազգային 15-րդ սիմպոզիումը և «COST» աշխատաժողովը։ Գիտական միջոցառումը նպատակ ունի մեկ հարթակում համախմբելու օպտիկայի ոլորտում գործունեություն ծավալող փորձառու և երիտասարդ գիտնականների, ինչպես նաև ներգրավելու ուսանողներին՝ ստեղծելով գիտական քննարկումների և փորձի փոխանակման համար նպաստավոր միջավայր։
«Օպտիկա և դրա կիրառությունները» աշխատաժողովը մայիսի 4-8-ը մեկ հարթակում է համախմբել օպտիկայի ոլորտում գործունեություն ծավալող փորձառու և երիտասարդ գիտնականների ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից՝ միաժամանակ ապահովելով ուսանողների ակտիվ ներգրավումը։ Միջոցառմանը մասնակցում են 100-ից ավելի գիտնականներ և ուսանողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Անգլիայից, Թունիսից, Մոնտենեգրոյից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։
«Գիտության և տեխնոլոգիաների եվրոպական համագործակցություն» («COST») հետազոտական և նորարարական ցանցերի ֆինանսավորող կազմակերպությունը նպաստում է Եվրոպայում և դրա սահմաններից դուրս հետազոտական նախաձեռնությունների միավորմանը և հնարավորություն է տալիս հետազոտողներին ու նորարարներին զարգացնելու իրենց գաղափարները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում՝ խթանելով հետազոտությունները, նորարարությունները և գործնական առաջխաղացումը:
Միջոցառման բացման պաշտոնական արարողության ժամանակ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ողջունեց ինչպես փորձառու գիտնականների, այնպես էլ երիտասարդ հետազոտողների և ուսանողների մասնակցությունը միջոցառմանը։ Նրա դիտարկմամբ՝ գիտությունը առաջ է շարժվում ոչ միայն գրանցած հաջող արդյունքների, այլև մարդկանց, մենթորության, փոխանակման և համատեղ ոգևորության շնորհիվ։
«Օպտիկան այն ոլորտներից է, որտեղ հիմնարար տեսություններն ու իրական կյանքում դրանց կիրառությունները բնականորեն համադրվում են․ դա արտացոլվում է սիմպոզիումի թեմատիկ բազմազանության մեջ։ Այսպիսի հանդիպումների ընթացքում կարևորում եմ ներկայացումներն ու զրույցները, հատկապես՝ ոչ ֆորմալ շփումները, որոնք ծավալվում են քննարկումների կամ նիստերի ընդմիջումների ընթացքում՝ մտքերի կարճատև փոխանակման ժամանակ»,- ընդգծեց նա։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, միջոցառման համակազմակերպիչ Լուսինե Ալոյանը նշեց, որ նախաձեռնությունը միտված է օպտիկայի ոլորտում միջազգային գիտական համագործակցության խորացմանը և մասնագիտական արդյունավետ երկխոսության համար նպաստավոր ակադեմիական միջավայրի ձևավորմանը։
Նրա խոսքով՝ միջոցառումը ոչ միայն հնարավորություն է տալիս ներկայացնելու ոլորտի արդի հետազոտություններն ու արդյունքները, այլև խթանում է գիտական նոր կապերի հաստատումը, միջինստիտուցիոնալ համագործակցությունների ընդլայնումը և հետազոտական համատեղ ծրագրերի ձևավորումը՝ միավորելով գիտական տարբեր դպրոցներ և փորձառություններ։
Աշխատաժողովի գիտական ծրագիրն ընդգրկում է օպտիկայի ոլորտի արդի և բազմազան ուղղություններ։ Քննարկվող թեմաների շարքում են քվանտային օպտիկան և տեղեկատվությունը, կենսաֆոտոնիկան, ռենտգենյան օպտիկան և դրա կիրառությունները, ինչպես նաև ճառագայթային և ուժեղ դաշտերի օպտիկան։ Ներկայացվում են նաև օպտիկական նախագծման և սենսորային համակարգերի, երկչափ նյութերի և նանոֆոտոնիկայի ոլորտներում կատարվող հետազոտություններ։ Ծրագրում ներառված են նաև օպտիկայում կիրառվող մաթեմատիկական մեթոդներին վերաբերող ուսումնասիրություններ, որոնք ապահովում են տեսական հիմք ոլորտի հետագա զարգացման համար։
Աշխատաժողովի ընթացքում անցկացվում են հրավիրված լիագումար և առանձին զեկույցներ, պաստառային ներկայացումներ, ինչպես նաև ուսանողական զեկույցներ, որոնց շրջանակում նախատեսված է մրցանակ լավագույն աշխատանքի համար։ Առանձին ուշադրություն է դարձվում նաև գիտական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների ներկայացումներին, ինչը հնարավորություն է տալիս կապ ստեղծելու գիտության և կիրառական ոլորտների միջև։
Բացի դրանից՝ կազմակերպվում են նաև լաբորատոր շրջագայություններ և հասարակական միջոցառումներ՝ նպաստելով մասնակիցների միջև ոչ ֆորմալ շփումների և համագործակցության ձևավորմանը։
Նշենք, որ գիտական միջոցառումը կազմակերպվել է գիտական մի շարք հաստատությունների աջակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի, «TETRA COST Action»-ի, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաև IPR Հայաստանի օպտիկայի ուսանողական մասնաճյուղի և Օպտիկայի միջազգային հանձնաժողովի հայկական տարածքային կոմիտեի մասնակցությամբ։












